Արցախն ուրանալու և հանձնելու ինքնախոստովանությունը․ «Փաստ»

19 Հուլիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանի կողմից Արցախի հայաթափումը և օկուպացիան հայոց պատմության ամենաողբերգական էջերից է։ Իսկ Փաշինյանի իշխանության քաղաքականությունը հիմնված է անընդհատ զիջումներ կատարելու և զիջումներին այլընտրանք չլինելու պատկերացումներ գեներացնելու վրա։ Փաստացի, Փաշինյանը գործում է այն տրամաբանությամբ, որ եթե այդ զիջումները չարվեին, ապա ստիպված էինք լինելու ավելի մեծ զիջումներ անել։

Այսինքն, կատարված զիջումները ներկայացվում են որպես «փրկություն»։ Իր վերջին ասուլիսի ժամանակ էլ նրա խոսքի կարմիր թելն այն էր, թե իբր ինքը, 2022 թվականի հոկտեմբերին ճանաչելով Արցախն Ադրբեջանի կազմում, ճանաչել է տվել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. ի՞նչ է, ուզում էիք՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը չճանաչվե՞ր։ Ու ամենազարմանալին այն է, որ Փաշինյանը հայտարարում է, թե ինքն ափսոսում է, որ ավելի շուտ չի ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։

Այսպիսով, Փաշինյանը թերևս առաջին անգամ ոչ թե «մանևրներով», այլ ուղիղ ինքնախոստովանություն է անում, որ անձամբ ինքն է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում կամ, այլ կերպ ասած, հանձնել Ադրբեջանին։ Մինչ այդ նա պարբերաբար փորձում էր կատարվածի պատասխանատվությունն իր վրայից գցել։ Դրա շրջանակներում էլ նշում էր, թե նախկին իշխանություններն արդեն իսկ Արցախը հանձնել էին, Ալմա Աթայի հռչակագրով Հայաստանն ի սկզբանե ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այլն։ Բայց հիմա հենց Փաշինյանն էլ բացահայտում է իր այդ հայտարարությունների մանիպուլ յացիոն բնույթը։ Եթե նախկինում արդեն իսկ Արցախը ճանաչված լիներ Ադրբեջանի կազմում, ապա ի՞նչ կարիք կար, որ մի անգամ էլ ինքն անձամբ Պրահայի հայտարարությամբ ընդուներ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Ավելին, ի՞նչ կարիք կար դրանից ավելի շուտ ճանաչել, եթե ինքը պարզապես պետք է «համակերպվեր կատարված փաստի հետ»:

Իրականում, ակնհայտ է, որ նախկին իշխանությունների օրոք Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին երբևէ որևէ խոսք չի եղել։ Ավելին, նախկին իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցություններ էին վարում, որպեսզի հասնեն Արցախի միջազգայնորեն ճանաչմանը, այդ թվում՝ կարգավիճակի ամրագրման միջոցով։ Իսկ Փաշինյանը, բանակցություններն իր «զրոյական կետից» սկսելուց հետո նախ իջեցրեց Արցախի միջազգային ճանաչմանը հասնելու նշաձողն իր հայտնի հայտարարությամբ, թե դրա արդյունքում միջազգային հանրությունը կկոնսոլիդացվի մեզ աջակցելու նպատակով։ Բայց միջազգային հանրությունը ոչինչ անել չէր կարող, երբ Փաշինյանն արդեն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։ Չէ՞ որ հենց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու արդյունքում է, որ Բաքուն ազատություն տվեց իր բազուկներին՝ շրջափակման ենթարկելով, ապա 2023 թվականին ագրեսիվ հարձակում գործելով Արցախի վրա։

Հետո էլ զարմանում ենք, թե այս իրադարձությունների ժամանակ ինչո՞ւ միջազգային հանրությունը քայլեր չձեռնարկեց։ Նույնիսկ մեղադրանքներ կան, թե ինչո՞ւ ռուսական կողմը՝ մասնավորապես ռուս խաղաղապահները, չմիջամտեցին և թողեցին ու հեռացան։ Միջազգային դերակատարները ոչինչ անել չէին կարող, քանի որ Հայաստանի ղեկավարն է անձամբ հանձնել Արցախի տարածքն Ադրբեջանին։ Միգուցե եթե այդ ճանաչումը չլիներ, իրադարձություններն այլ հունով զարգանային։ Ու նույնիսկ այն պարագայում, երբ Հայաստանը լուռ էր Արցախի հայաթափման ժամանակ, եթե չլիներ Պրահայի ուրացումը, արտաքին ուժերը կարող էին բարձրացնել հարցը, որ Ադրբեջանի գործողությունները անօրինական են։ Իսկ Հայաստանի ճանաչման պարագայում արդեն Ադրբեջանը, վկայակոչելով Հայաստանի ղեկավարի մասնակցությամբ Պրահայի հայտարարությունը, ցույց էր տալիս, որ իր գործողությունները «իրավական հիմքեր» ունեն։ Դե, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդունել է՝ դա «իրենց տարածքն» է, իսկ «իրենց տարածքում» ինչ ուզեն, կանեն:

Փաշինյանի ինքնախոստովանությունը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանություններն են պայմաններ ստեղծել, որ Արցախի դեմ ագրեսիա սկսվի, ու այն հայաթափվի։ Բայց այստեղ հարցի մյուս կողմն այն է, որ այս ամենի մասին հայտարարելուց հետո էլ հանրության մի զգալի մասը դեռ լուռ է ու դեռևս հանդուրժում է Փաշինյանի իշխանությանը։ Դժվար է ասել՝ որն է պատճառը՝ այն, որ ՀՀ իշխանություններին հաջողվել է լռեցնե՞լ հասարակությանը՝ վախ ներշնչելու միջոցով, այն է՝ եթե իրենք չմնան իշխանության ու զիջումներ չանեն, ապա Ադրբեջանը կհարձակվի ու ավելի սարսափելի պատերազմ կսկսվի, թե՞ այն, որ մանիպուլ յացիաներով կարողացել են լվանալ շատերի ուղեղը»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցփաթեթների վերջը։ 2027 հունվարի մեկից կչեղարկվեն սոցփաթեթները։ Պետական համակարգի աշխատողին նախ պարտադրում են հայտարարագիր լրացնել, ապա լուռ ու հետևողականորեն զրկում են տարիներով խոստացված ու հասանելիք սոցիալական...

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքական ուղղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հանրապետության հետ տեղի ունեցող ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանը...

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամու զինվորի ներթափանցումը ՀՀ տարածք, ՀՀ քաղաքացու վրա հարձակումը և զինված թշնամու վնասազերծումը ևս մեկ հանգամանք բացահայտեցին. որպես հասարակություն մենք աստիճանաբար բաժանվել ենք իրար ատող, իրար նկատմամբ...

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝  փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝ փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է ․ «Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։ Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ չի չեղարկել։ Քարվաճառի...

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը։ Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է...