«Քեռակինը»՝ Արցախը հանձնելու մեղավոր․ «Կարճ ասած»

2 Հունիսի, 2025

Բնականաբար, հանրությանը շարունակում է փոթորկել Նիկոլ Փաշինյանի՝ սրբապիղծ գրառումները եկեղեցու մասին։ Նա օրը մի քանի գրառում է անում եկեղեցու, հոգևորականների դեմ, փորձում միջամտել նրանց գործունեությանը և խոստանում է առաջիկայում արդեն պաշտոնապես խաթարել եկեղեցու աշխատանքը՝ կառավարության միջամտությամբ։ Մեխանիզմը հետևյալն է․ Փաշինյանը գրառում է անում, որն առաջին իսկ հայացքից անադեկվատ է։ Գրառման տակ հանրությունը սկսում է ակտիվորեն քննադատել, վիրավորել, հայհոյել․ օրինակ՝ գրառման տակ 3 հազար մեկնաբանությունից 2700-ը այդպիսին են, մյուս 300-ը գովասանք է Փաշինյանին։ Կարդում ես՝ ՔՊ-ական պատգամավորներ, ֆեյքեր ու փոքրաթիվ իրական աջակիցներ։ Փաշինյանի էջում ամեն վայրկյան մտնում ու ջնջում են վատ մեկնաբանությունները, թողնում են ՔՊ-աֆեյքայինները, որից հետո Փաշինյանը հայտարարում է, թե՝ կոնսենսուս ունենք, անհրաժեշտ է սրբազանների հարցը լուծել, սրբապիղծներ է ասում և այլն։ Չէ, պետք է բոլոր սրբապիղծների հարցը լուծել՝ կլինի սրբազան, թե վարչապետ։ Բայց հարցն այն է, որ Նիկոլը ՔՊ-ում մի բան խոսում է, ոչ մեկ ռիսկ չի անում դեմ գնա, ու այդ համաձայնությունն ընդունում է որպես կանաչ լույս իր ապօրինությունների համար։ Ուղիղ եթերով բոլորս տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության բոլոր անդամներին անվանել է տգետ, համաձայնել են։ Վստահ եմ, եթե հաջորդ նիստին որևէ նախարարի անվանի սրբապիղծ, էլի լռելու է։ Ու այդ հնազանդների խմբում իր թելադրածը ընդունում է որպես օրենք, անունն էլ դնում են ժողովրդի կարծիք։

Սրանք շատ են խոսում ժողովրդի անունից, և Փաշինյանն իր ու ավելի հավանական է՝ Իլհամ Ալիևի անձնական օրակարգը փորձում է փաթաթել ժողովրդի վզին։ Ստացվո՞ւմ է, թե ոչ։ Ո՞րն է ժողովրդի արձագանքը․ թե՛ հարցումները, թե՛ զանազան շփումները, թե՛ հրապարակային արձագանքները նայելով, գերակշռող տեսակետը հետևյալն է՝ դու ի՞նչ գործ ունես, թե ով ում հետ է քնում, ինչո՞ւ ես խախտում մարդկանց անձնական կյանքի ազատության սահմանադրական իրավունքը, ինչ գործ ունես եկեղեցու հետ և այլն։ Երբ հարցում ենք ուղարկում կառավարություն, թե՝ այսինչ նախարարը որքան պարգևավճար է ստացել, ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի տղան ինչու չի ծառայել բանակում, պատասխանում են, թե՝ անձնական գաղտնիք է։ Բա էդ ինչքա՜ն հեշտ է դարձել մարդու անձնական մահճակալ մտնելը։ Հոգևորականների մեջ էլ կարող են լինել մարդիկ, որոնք պատվիրանները խախտել են, աշխարհիկների մեջ էլ։ Բայց դուք որ, հաստատ, ո՛չ սուրբ եք, ո՛չ դատավոր։

Քաղաքացին ասում է՝ Նիկոլ, իսկ դու քո երդումն ու խոստումները չե՞ս դավաճանել, քո գործը քո խոսք տվածներն արել ե՞ս։ 2018 թվականի մարտի 31-ից սկսել ես խոստումներ տալ ժողովրդին, հազարից ավելի տվել ես, եկեղեցու մասին ոչ մի խոսք չկա, հիմա ի՞նչ ես աղմկում։ Երկու օր առաջ կրակել էին Երևանի թիվ 13 դպրոցի պատուհաններին։ Պարզվում է՝ օդաճնշիչ ատրճանակով կրակել է 8-րդ դասարանի աշակերտը։ Անչափահասների մասնակցությամբ արդեն ամեն օր են կրակոցները, ռազբորկաները։ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ երեկ կրակոցներ են հնչել Երևանի կենտրոնում՝ Վարդանանց փողոցում: Այսօր՝ հունիսի 2-ին,  ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում՝ Դավիթաշենում։ Վեդիում անչափահասների միջև վիճաբանություն էր եղել, խառնվել էին մեծերը, եղավ զոհ։ Վերջին զանգի օրը ոստիկանները զբաղված էին տուգանային հրապարակ ավտոներ տանելով ու փող աշխատելով, թողել էին իրար դանակահարեն։ Երևանում վրաերթի էին ենթարկել շան, եղավ ծեծկռտուք, հետո հետապնդում, հետո վրաերթ, մայրը մահացավ, երկու տարեկան երեխան ծայրահեղ ծանր վիճակում է։ Երկրում քաոս է։ Նիկոլ, դու ես խոստացել, որ հանցավորությունը կլինի ամենացածր մակարդակում․ կրկնապատկվել է։ 2007 թվականին մեր երկրում եղել է 8400 հանցագործություն, 2024-ին՝ 40 հազար։ Այս ամենի պատճառը երկրի ղեկավարն է։ Երկու օր առաջ Վարդենիսում մի երիտասարդ մեքենան վարելիս հայհոյել է, վերածվել է ծեծկռտուքի, դանակահարության։ Ինչո՞ւ է էսպես․ երբ երկրի վարչապետն ու իր կինը առավոտից գիշեր հայհոյում են, անհնար է քաղաքացուց պահանջել չհայհոյի։ Ուղղակի վարչապետը հայհոյում է, բայց ունի նաև խիստ պաշտպանվածություն, սովորական հայհոյողները չունեն։ Քեզանից, Նիկոլ, պահանջում են, որ քիթդ քեռակնոջ անկողնուց հանես և էս բարդակը վերացնես․ որ մայրը իր 2 տարեկան երեխայի հետ դուրս գա զբոսնելու, մորը չտանեն դիահերձարան, երեխային՝ վերակենդանացման բաժանմունք։ Ժողովուրդը դա՛ է պահանջում։

Այսօր Երևանում բողոքի ակցիա էր․ խարդախությունից տուժել են։ Մարդը գնում է բանկ, 200 հազար դրամ վարկ է ուզում, չեն տալիս, մինչև հասնում է տուն, խարդախները նույն բանկից իր անունով 2 մլն վարկ են ձևակերպում։ Սրա՛ հարցը լուծիր, Նիկոլ։ Որ քո անունով 3 հազար դրամ վարկ վերցնեն, գիշերները չես քնի էն դուխիդ գողանալու նման։

Քաղաքացին քեզնից պահանջում է, որ խոստումներդ կատարես ու հանգիստ թողնես եկեեցուն։ Երկու օր առաջ տեսանյութ հրապարակվեց, թե ինչպես է ձեր հայտարարած պետգնումների «արդար» մրցույթում հաղթում ինչ-որ մեկը, հետո ճնշում են, որ հրաժարվի, ու հաղթում է ՔՊ-ականների մերձավորը։ Դո՛ւ էիր խոստանում, որ պետք է պետական գնումների համակարգը լինի արդար և թափանցիկ, կոռուպցիան բացառվի․․․ էս ի՞նչ ա։ Ֆեյսբուքյան էջին անընդհատ նամակներ ենք ստանում, որ մարդիկ գնում են բուժօգնություն  ստանալու, ասում են՝ պետպատվերը վերջացել է։ Դո՛ւ էիր խոստանում բարեփոխել ու այնպես անել, որ հիվանդը ստանա որակյալ բուժսպասարկում՝ անկախ իր սոցիալական դիրքից։ Մտածեցիք, մտածեցիք, դրեցիք օրենք հանեցիք, որ նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի ընտանիքները պետք է միայն ստանան մեր հաշվին անվճար թանկարժեք բուժօգնություն։ Էս հարցերը լուծի, քեռակնոջ անկողնու փոխարեն։ 2021 թվականի հուլիսին՝ 4 տարի առաջ, խոստացել էիր ԵՄ-ից 2,6 մլրդ եվրո բերել․ սկզբից ասում էիք օգնություն է, հետո պարզվեց՝ մեծամասամբ վարկ է․ ի՞նչ եղավ, օգնությունը տվի՞ն, թե՞ մենակ վարկը ստացաք, ժողովրդին բեռի տակ գցեցիք։ Մարդիկ սպասում են, որ կատարես էն խոստումը, որ այլևս երբեք պետական պարտքը չի ավելանա։ Գոնե 13 մլրդ դոլար հասցնելուց հետո կանգ առնես։ Սպասում են, որ կատարես էն խոստումդ, որ ներդրողները ճամպրուկները կապած պատրաստ սպասում են, մնում է սամալյոտի տոմս առնես։ Առ, բեր, վերջապես։

Դո՛ւ էիր ասում՝ քաղաքացիները գտնվում են բանկային, վարկային գերության մեջ, կազատենք։ Դո՛ւ էիր ասում, որ կսահմանափակես բուքմեյքերներին, այնինչ աղքատների հույսը թողել ես կազինոն, 12 մլրդ դոլարի խաղադրույք են անում մեկ տարում։ Շուկա մտել ե՞ս, տեսել ե՞ս միրգ-բանջարեղենի գինը՝ գյուղատնտեսական երկիր Հայաստանում։ Դո՛ւ էիր ասում՝ Հայաստանում 5 տարի ընդհանրապես ոչ մի բան չի թանկանա։ Ասում էիր՝ աղքատությունը կնվազեցնենք 10 տոկոսով։ 2018 թվականին 23,5 տոկոս էր, 2024-ին՝ 24,5 տոկոս։

Էս խնդիրների լուծմանն է սպասում ժողովուրդը, ոչ թե քո գրածները։ Դու խոստանում էիր սահմանային անվտագության երաշխիքներ, ամեն օր կրակում են։ Թշնամին կրակում է տների վրա, մտնում են Նիկոլի պաշտոնական էջին, տեսնեն թե ոնց է արձագանքում, տեսնում են, որ Նիկոլը մտել է քեռակնոջ անկողին։

Կարճ ասած՝ հանրությունը քեզ հարց է տալիս այս ու մյուս խնդիրները լուծե՞լ ես, քո խոստումները կատարել ե՞ս։ Քեզնից պահանջում են ընդամենը անել այն, ինչ խոստացել ես․ դու սաղ գցել ես ոտքիդ ու՝ մեղավոր են նախկինները, ժողովուրդը, արցախցիները, ռուսները, ինչ-որ դավաճաններ, ժղովուրդը, որովհետև տգետ է, անկիրթ, հիմա էլ հոգևորականները՞։ Կարող է՞ Արցախը հանձնելու համար մեղավորը քեռակինն է։ Սաղ մեղավոր են, մենակ դու ես ճիշտը, դու էլ ոչ մի բան չես կարողացել անել։ Ընդամենը հասարակական կյանքի բոլոր ոլորտները տապալել ես։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...