ԵՄ-ն պետք է ընդունի հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցի համագործակցության ամուր կամուրջներ․ ԵԽ պատգամավորներ

1 Մայիսի, 2025

Իսպանիայի Վալենսիա քաղաքում անցկացված Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի ընթացքում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներ Միրիամ Լեքսմանն ու Ռասա Յունկևիչյենեն բարձր են գնահատել Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ու դեպի Եվրամիություն ընթանալու Հայաստանի ջանքերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԵԽ պատգամավորները նման հայտարարություններ են արել Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի՝ «Հայաստանում ընթացիկ քաղաքական իրավիճակը» վերնագրով բանաձևի ընդունման ժամանակ։

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Միրիամ Լեքսմանն իր ելույթում, մասնավորապես, նշել է, որ ընդունված բանաձևը նպատակ ունի աջակցել Հայաստանում վերջին քաղաքական զարգացումներին և օգնել Հայաստանին Եվրոպական Միության ուղղությամբ ընթացող իր նախաձեռնության մեջ։

«Մենք ցանկանում ենք աջակցել հայ ժողովրդի ցանկությանն՝ ամրապնդելու օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունն իրենց երկրում և ցանկանում ենք հաստատակամորեն աջակցել Հայաստանին ու կանգնել Հայաստանի կողքին՝ իր աշխարհաքաղաքական պայմանների և ուղղվածության պատմական շրջադարձի պահին։ Հետևաբար, մենք ցանկանում ենք խթանել տնտեսական ավելի ամուր համագործակցությունը և զարգացումն, ինչպես նաև աջակցել բոլոր այն բարեփոխումներին, որոնց կարիքը Հայաստանն ունի»,- ընդգծել է Լեքսմանը։

Նա նաև նշել է, որ ԵԺԿ-ն շատ բարձր է գնահատում Հայաստանի ջանքերն՝ անելու ամեն հնարավորը՝ հարևանների հետ հարաբերությունների կարգավորման համար։

«Մենք իսկապես գնահատում ենք Թուրքիայի հետ Հայաստանի կառուցողական երկխոսությունը՝ հատկապես այսօր, այս օրերին, երբ հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Մենք տեսնում և գնահատում ենք Հայաստանի ջանքերը և առաջնորդությունն Ադրբեջանի հետ խաղաղության բանակցություններում՝ չնայած 2023 թվականի ռազմական հարձակմանը, որի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր տեղահանվեցին (խմբ․ նկատի է առնվում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունը և դրա հետևանքները)։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին անհապաղ և առանց նախապայմանների։ Եվ մենք նաև հիշեցնում ենք Լեռնային Ղարաբաղ վերադառնալու՝ հայկական փոքրամասնության երաշխավորված իրավունքի մասին»,-իր ելույթում ընդգծել է Միրիամ Լեքսմանը՝ հորդորելով լիակատար աջակցություն հայտնել Հայաստանին՝ Եվրոպական Միություն տանող ճանապարհին։

Եվրոպական ժողովրդական կուսակցության կոնգրեսի ընթացքում Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Հայաստանի հարցով զեկուցող Ռասա Յուկնևիչյենեն, իր հերթին, ելույթի ընթացքում նշել է, որ դարեր շարունակ Ռուսաստանի հետ կապված լինելուց հետո Հայաստանը փորձում է գտնել իր ուղին դեպի Եվրոպա։

«Որոշ ուժեր մանիպուլացնում են այն նարատիվը, թե Եվրոպայում ոչ ոք հայերին չի սպասում։ Նրանք ասում են, որ Եվրոպական ինտեգրման օրենքի քննարկումից հետո Եվրամիությունից ոչ մի աջակցության ուղերձ չեն ստացել։ Մենք՝ ԵԺԿ-ն, ասում ենք, որ դա այդպես չէ։ Հայաստանը Եվրոպա է, և մենք ձեր կարիքն ունենք՝ վրացիների և Հարավային Կովկասի մյուս ժողովուրդների հետ միասին։

Քրիստոնեությունը պաշտոնապես առաջինը ճանաչած Եվրոպայի ամենահին պետությունը՝ Հայաստանը, վերադառնում է իր արմատներին։ Ցեղասպանություն վերապրած, իր տարածքի ու ժողովրդի մեծ մասը կորցրած այս ազգը ցանկանում է խաղաղ ապրել և հայտարարում է, որ Եվրոպան իր տունն է։ Մենք՝ ԵՄ-ն, պետք է ընդունենք հայ ժողովրդի մեկնած ձեռքը և կառուցենք համագործակցության ամուր կամուրջներ։ Սա ոչ միայն հնարավորություն է Հայաստանի, այլև ամբողջ Սևծովյան տարածաշրջանի և մեզ՝ ԵՄ-ի համար»,-ելույթի ընթացքում ընդգծել է պատգամավորը։

Նմանատիպ նյութեր

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում

Կարեն Անդրեասյանը վերանշանակվել է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն...

Պարզվել է երեկվա ողբերգական վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

Պարզվել է երեկվա ողբերգական վթարի հետևանքով մահացածների և վիրավորների ինքնությունը

ՀՀ Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության պետ Արթուր Մնոյանի կողմից Ապարանի քննչական բաժնում  ստեղծված քննչական խմբում պարզվել է երեկ՝ սեպտեմբերի 2-ին, Արագածոտնի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների և վիրավորների...

ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Լավրով

ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը շատ շուտով կվերանա. Լավրով

ՌԴ ԱԳ նախարարն ասել է, որ Եվրամիությունը սեփական քաղաքականության պատճառով կորցնում է տնտեսական առավելությունները․ միևնույն ժամանակ, Հայաստանն ու Սերբիան շարունակում են ձգտել անդամակցել միությանը: Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը «շատ շուտով» կվերանա,...

Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Զախարովա

Եթե Հայաստանը վիզային ռեժիմ սահմանի, դա քայլ կլինի հենց Երևանի դեմ․ Զախարովա

Ռուսաստանի քաղաքացիների համար Հայաստանի կողմից վիզային ռեժիմի հնարավոր սահմանումը քայլ կլինի ուղղված ոչ թե Մոսկվայի, այլ հենց Երևանի դեմ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Արևելյան տնտեսական ֆորումում։ «Եթե Հայաստանը հանկարծ նաև վիզաներ...

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է, այս թեմայով բանակցություններ չեն ընթանում․ Օվերչուկ

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է, այս թեմայով բանակցություններ չեն ընթանում․ Օվերչուկ

Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է, այս թեմայով բանակցություններ չեն ընթանում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «ԵՄ-ին անդամակցելու հարցը Հայաստանի անձնական գործն է և այդ հարցը լուծելու նրա ինքնիշխան...