Ինչ է եղել ԼՂ–ում 2023–ին, և ինչպես է հեռացել Արայիկ Հարությունյանը. պատմում է պատգամավորը. Sputnik Արմենիա

21 Ապրիլի, 2025

Դավիթ Մելքումյանն անդրադարձել է 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի կորստին հանգեցրած ողբերգական իրադարձություններին։

Արցախում 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները, որոնք հանգեցրին հայերի տեղահանության, շարունակում են թեժ վեճերի և Հայաստանի իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների պարզման առարկա մնալ։ Նրանցից յուրաքանչյուրը հակառակ կողմին է մեղադրում Արցախը կորցնելու և էթնիկ զտումներ թույլ տալու համար։
Ընդդիմությունը տեղի ունեցածը համարում է Նիկոլ Փաշինյանի վարչախմբի «դավաճանական քաղաքականության» հետևանք՝ պնդելով, որ Արցախը թողեցին բախտի քմահաճույքին։ Իշխանությունն ու իշխանամետ ուժերը հայտարարում են, որ ընդդիմության առաջնորդների մատուցմամբ և «հուշումով» ղարաբաղյան ղեկավարությունը 2023 թվականին բաց թողեց Արցախը հայկական պահելու հնարավորությունը։ Ըստ իշխանությունների` հայաստանյան ընդդիմության մեղքն այն է, որ պաշտոնական Ստեփանակերտին դրդեց հրաժարվել Բաքվի հետ Սոֆիայում և Բրատիսլավայում տեղի ունենալիք բանակցություններից, ինչպես նաև Արցախում կազմակերպեց յուրօրինակ «պալատական հեղաշրջում»՝ ստիպելով հրաժարական տալ այն ժամանակվա նախագահ Արայիկ Հարությունյանին։ Այս ամենն էլ, ըստ ՀՀ ղեկավարության, հրահրեց ադրբեջանական ագրեսիան և դրան հաջորդող գործընթացները։
Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հերքեց այն պնդումները, թե Հարությունյանին ստիպել են հրաժարական տալ, և որ Արցախի ղեկավարությունը մերժել է Բաքվի հետ բանակցելու առաջարկները, որոնք առաջ էին քաշվել ադրբեջանական ագրեսիայից և արտագաղթից քիչ առաջ։ Ինքը՝ Մելքումյանը, Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Մարտիրոսյանի հետ սեպտեմբերին Եվլախում բանակցել է ադրբեջանցիների հետ, բայց արդեն սեպտեմբերի 19-20-ի մարտական գործողություններից հետո։
Ըստ Մելքումյանի` բոլորը դեմ են եղել Հարությունյանի հրաժարականին։ Նրա հեռանալը չեն ցանկացել ո՛չ նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը, որոնք, ինչպես Հարությունյանը, այսօր գտնվում են Բաքվի բանտում, ո՛չ էլ որևէ քաղաքական գործիչ` չնայած բոլորն ասում էին, որ հենց ունենանք բարենպաստ պայմաններ, պետք է կազմակերպենք նոր ընտրություններ։

«Հրաժարականի բոլոր պրոցեսները գեներացնում էր Արայիկ Հարությունյանը, և մի օր լսում ենք, որ հրաժարականը ստորագրել է։ Մենք դա իմացել ենք պոստ ֆակտում: Եվ որպեսզի 9 ամիս բլոկադայից հետո առանց այն էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկիրը չթողնենք առանց նախագահի, մենք բոլորս ստիպված էինք գնալ այդ քայլին»,– ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ լայնածավալ ագրեսիայից առաջ Ադրբեջանի հետ այս կամ այն ձևով անընդհատ բանակցություններ են ընթացել։ Դրանք վարել են և՛ Արայիկ Հարությունյանը, և՛ ռազմաքաղաքական ղեկավարության մի շարք այլ ներկայացուցիչներ, օրինակ՝ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը։ Ադրբեջանի հետ բանակցել է նաև Հայաստանը։
Ինչ վերաբերում է Սոֆիա մեկնելու առաջարկին, որին ավելի վաղ անդրադարձել էր նաև Շահրամանյանը, ապա այդ առաջարկն առաջ է քաշվել դեռևս Հարությունյանի հրաժարականից առաջ։ Մելքումյանի խոսքով` Հարությունյանը միակն էր, որի հետ շփվել են Հայաստանի իշխանությունները։
«Այն թեզը, թե Ստեփանակերտը հրաժարվել է Բաքվի հետ բանակցություններից, չի համապատասխանում իրականությանը։ Եղել է հանդիպման առաջարկ, որը Լեռնային Ղարաբաղը չի մերժել, թեև ասել է, որ ինքն էլ առաջարկներ ունի։ Լեռնային Ղարաբաղի դիրքերն այնքան ուժեղ չէին, որ Ստեփանակերտը կարողանար մերժել բանակցությունների առաջարկները։ Եվ պետք է ասեմ, որ այդ բոլոր քննարկումները, այդ ամբողջ գործընթացը տեղի է ունեցել Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ», — հավելեց մեր զրուցակիցը։
Սակայն եթե անգամ ղարաբաղյան պատվիրակությունը մեկներ Սոֆիա կամ այլ տեղ, ապա անհնար է պատկերացնել, թե Ադրբեջանը կստորագրեր խաղաղության պայմանագիրը և ամեն ինչ տեղը կընկներ։
Մելքումյանը համոզված է, որ դա կլիներ բանակցությունների հերթական իմիտացիան։
«Ի վերջո, մենք համոզվեցինք, թե որն էր Բաքվի նպատակը»,– ասաց նա։
Մելքումյանի խոսքով` դեռ հնարավորություն կլինի սթափ և առանց էմոցիաների վերլուծելու սեպտեմբերյան այդ օրերին տեղի ունեցածը, այդ թվում՝ Եվլախի բանակցությունների արդյունքները: Այդ հանդիպմանը Մելքումյանը դեռ չի ցանկանում անդրադառնալ, նշում է՝ հանրությունն էլ պատրաստ չէ լսել այդ ամենը․ եղած ինֆորմացիան ճիշտ չի ընկալվի մարդկանց կողմից։ Բայց մի հարցում նա վստահ է՝ Սամվել Շահրամանյանի քայլերը թույլ տվեցին փրկել տասնյակհազարավոր կյանքեր, զինվորականների և քաղաքացիական անձանց։ Իշխանությունների գործողությունների արդյունքում հաջողվեց կազմակերպել համեմատաբար անվտանգ տարհանում։

Նմանատիպ նյութեր

Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ

Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գրեթե ամբողջ շաբաթ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է տվյալներ՝ օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ։ Ըստ չափումների, փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոնում՝ գրեթե ամբողջ...

Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել․ Ամիրբեկով

Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել․ Ամիրբեկով

Վաշինգտոնի գագաթնաժողովից ի վեր մենք ապրում ենք խաղաղության պայմաններում: Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական լարվածություն չի եղել։ Ըստ ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ ելույթ ունենալով Բաքվում կայացած «Քաղաքային...

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանը կիրառում է նոր ռազմավարություն. Ռեզայի

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային, անդրադառնալով Իրանի դեմ վերջին հարձակումներին, հայտարարել է ռազմական, դիվանագիտական և տնտեսական շրջափակմանը դիմակայելու ոլորտներում երկրի նոր ռազմավարության իրականացման մասին՝...

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ. Օվերչուկ

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ. Օվերչուկ

Արևմուտքը փաստացի փորձում է Հայաստանը որպես զենք օգտագործել Ռուսաստանի դեմ։ Այս մասին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը «Վեստի»-ին տված հարցազրույցում։ ՌԴ փոխվարչապետի խոսքով` այս իրավիճակում Երևանը պետք է կողմնորոշվի՝ արդյոք դաշնակցում է ՌԴ-ի հետ, թե ակնկալում...