Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ»

10 Հուլիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա պատասխաններից հետո իշխանական շրջանակներում գրեթե չեն կասկածում, որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցն արդեն լուծված է։ Թեև Փաշինյանը չհաստատեց և չհերքեց սպասվող կադրային փոփոխությունները, նրա ձևակերպումները նոր հիմք տվեցին ենթադրելու, որ Արայիկ Հարությունյանը նոր կառավարության կազմում նույն պաշտոնում չի վերանշանակվի։

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ արդյոք Արայիկ Հարությունյանի վերաբերյալ իրեն զեկուցվել են տեղեկություններ, որոնք զայրացրել են իրեն, և արդյոք հենց այդ պատճառով է քննարկվում նրան վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում չվերանշանակելու հարցը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանի մասով իրեն որևէ տեղեկություն չի զեկուցվել և հավելեց, որ նույն պատասխանը վերաբերում է նաև երկրորդ հարցին։ Սակայն ուշագրավ է, որ վարչապետը որևէ կերպ չհերքեց և չհաստատեց գլխավոր հարցը՝ Արայիկ Հարությունյանը վերանշանակվելո՞ւ է իր պաշտոնում, թե՞ ոչ։

«Ժողովուրդ» օրաթերթն ավելի վաղ գրել էր, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհ է եղել ՔՊ նախընտրական շտաբի աշխատանքից, որը ղեկավարում էր Արայիկ Հարությունյանը։ Այդ դժգոհությունից հետո Հարությունյանը մեկնել է երկարատև արձակուրդ՝ մինչև հուլիսի 27-ը ներառյալ, և այժմ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

Միաժամանակ իշխանական շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթին շարունակում են նոր տեղեկություններ փոխանցել այն մասին, թե ինչն է խորացրել վարչապետի դժգոհությունը։ Ըստ այդմ՝ նախընտրական շրջանում Արայիկ Հարությունյանը, կուսակցության շահերից ելնելով, կապեր է հաստատել քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ՝ այդ քայլերը նախապես չհամաձայնեցնելով Նիկոլ Փաշինյանի հետ, ինչը դարձել է վարչապետի զայրույթի պատճառներից մեկը։

Բացի այդ, չեն դադարում քննարկումները նաև նախընտրական շտաբի աշխատանքի արդյունավետության շուրջ։ Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանին մինչև ընտրությունները զեկուցվել էր, թե «Քաղաքացիական պայմանագիրն» ունի շուրջ 65 տոկոս աջակցություն և կարող է նույնիսկ սահմանադրական մեծամասնություն ապահովել։ Սակայն ընտրությունների արդյունքները բոլորովին այլ պատկեր արձանագրեցին․ իշխող ուժը ստացավ շուրջ 49 տոկոս ձայն՝ ԲՀԿ-ի շուրջ 60 հազար ձայնը, ըստ հրապարակման, փաստացի «գողանալով», ինչը վարչապետի մոտ լուրջ դժգոհություն է առաջացրել թե՛ շտաբի աշխատանքի, թե՛ իրեն ներկայացված տեղեկատվության արժանահավատության վերաբերյալ։

Հատկանշական է, որ երեկ «Հրապարակ»-ը ևս գրել էր, թե պետական բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում բնակվող հայ քրեական հեղինակություններին՝ ապօրինի դրամական միջոցների տեղափոխման հարցում աջակցություն ստանալու նպատակով։ Այդ հրապարակումից հետո «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ հաղորդագրություններ է ստացել իշխանական շրջանակներից առ այն, որ խոսքը վերաբերում է հենց Արայիկ Հարությունյանին։

Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Արայիկ Հարությունյանը վերջին տարիներին համակարգում է նաև հանքարդյունաբերական հսկաների գործունեությունը, այդ թվում՝ այն ընկերություններում, որտեղ պետությունն ունի բաժնեմաս։ Ըստ այդ տեղեկությունների՝ նրա ազդեցությունը տարածվել է ոչ միայն կառավարման, այլև վերահսկողական գործընթացների վրա, այդ թվում՝ տեսչական մարմինների միջոցով։ Այս տեղեկությունները, սակայն, պաշտոնապես որևէ կերպ չեն հաստատվել։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց կապ հաստատել Արայիկ Հարությունյանի հետ՝ ներկայացված տեղեկությունների վերաբերյալ նրա դիրքորոշումը ստանալու նպատակով։ Մենք պատշաճ ջանքեր գործադրեցինք, սակայն կապ հաստատել չհաջողվեց։ Նրա մերձավոր շրջապատից միայն տեղեկացրին, որ Արայիկ Հարությունյանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ արձակուրդում։ Այլ մեկնաբանություններ չտրվեցին։

Հավելենք, որ մինչև վերջին զարգացումները թե՛ ՔՊ-ում, թե՛ իշխանությունից դուրս Արայիկ Հարությունյանի վերաբերյալ ձևավորված էր այնպիսի պատկերացում, որ նա համարվում է իշխանության ամենապարկեշտ և տարբեր ստվերային գործընթացներից առավել հեռու կանգնած պաշտոնյաներից մեկը։ Սակայն վերջին օրերին հենց իշխանական թիմակիցներն են շարունակաբար տարբեր տեղեկություններ արտահոսում, թե Հարությունյանը ներգրավված է եղել որոշ կուլիսային և վիճահարույց գործընթացներում, որոնք էլ, ըստ նրանց, դարձել են Նիկոլ Փաշինյանի դժգոհության պատճառը։

Իշխանական շրջանակներում արդեն գրեթե չեն կասկածում, որ վարչապետը որոշել է Արայիկ Հարությունյանին փոխարինել վարչապետի գլխավոր խորհրդական Լիլիթ Մակունցով»։

Նմանատիպ նյութեր

«Եհովայի վկաները» վարձակալել են համալիրը. «Հրապարակ»

«Եհովայի վկաները» վարձակալել են համալիրը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մենք գրել էինք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը վարձակալության է տրամադրվել կրոնական կազմակերպություններից մեկին, եւ նրանք այնտեղ քանի օր է՝ համաժողով են անցկացնում, որին մասնակցում են նաեւ տարբեր...

Գագիկ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ»

Գագիկ Ծառուկյանն ընտանիքի անդամներին արգելել է կալանավայրում տեսակցել իրեն. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Հուլիսի 7-ից կալանքի մեջ գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի տեսակցություններն ընտանիքի հետ թեեւ բաց են, սակայն, մեր տեղեկություններով, նա թույլ չի տալիս, որ հարազատներն իրեն այցելեն։ Մեզ հետ զրույցում...

Զինծառայողն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել. «Հրապարակ»

Զինծառայողն ատեստավորումից մի քանի ժամ անց ինքնասպան է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մենք հաղորդել էինք, որ երկուշաբթի օրը Սիսիանի զորամասերից մեկում պայմանագրային զինծառայողի դի է հայտնաբերվել։ Ըստ նախնական տեղեկությունների, նա ինքնասպանություն է գործել։ Մեր աղբյուրները փոխանցել էին, որ պայմանագրային զինծառայողն ավագ...

Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը. «Հրապարակ»

Նախարարությունը հրաժարվել է ֆինանսավորել «Մոնթե» ֆիլմը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 25-ին կկայանա «Մոնթե» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, արցախյան առաջին պատերազմի հրամանատարներից Մոնթե Մելքոնյանի (Ավո) մասին։ Մտահղացման հեղինակ եւ գլխավոր պրոդյուսեր Նոնո Սարգսյանը` Վազգեն...

Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց

Սեդրակ Քոչարյանը 2 ամսով կալանավորվեց

Հակակոռուպցիոն դատարանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Սեդրակ Քոչարյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել է, որ սահմանափակվել է նրա տեսակցությունների իրավունքը՝ բացառությամբ կնոջ և...