2018-2019 թվականների ինքնավստահ և հպարտ լավատեսության ուղիղ հակառակ վիճակն է․ Մհեր Հակոբյան

11 Ապրիլի, 2025

Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արդեն որերորդ շաբաթն է, որ, լսելով կառավարության նիստերը, հանդիպում եմ ՀՀ վարչապետի երկար և տխուր, կառավարության նիստի բնույթին ոչ հարիր, բոլորին ուղղված, իսկ արդյունքում անհասցե, մուննաթախառն ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ-ԲՈՂՈՔԻՆ առ այն, թե ամեն ինչ վատ է, մենք բոլորս վատն ենք, կադրեր չկան, ոչինչ չի ստացվել, չի ստացվում ու երևի չի էլ ստացվի: 2018-2019 թվականների ինքնավստահ և հպարտ լավատեսության ուղիղ հակառակ վիճակն է…

…Մտքումս պտտվում է համաշխարհային պատմության հաջող ռեֆորմատորների և համակարգաստեղծ անհատների բնականաբար ոչ լրիվ ցանկն, ի դեմս Սարգոն Աքքադացու (մ.թ.ա. 2316-2261), Թիգլաթպալասար III-ի (մ.թ.ա. 746-727), Կյուրոս II Մեծ-ի (մ.թ.ա. 559-530), Ֆիլիպ II-ի (մ.թ.ա. 359-336), Օկտավիանոս Օգոստոսի (մ.թ.ա. 27 — մ.թ. 14), Խոսրով I-ի (531-579), Հուստինիանոս I-ի (527-565), Ջաֆար ալ-Մանսուրի (754-775), Տուղրիլ-բեկի (1029-1063), Դավիթ I Շինարարի (1089-1125), Չինգիզ-խանի (1206-1227), Թամեռլանի (1370-1405), Մորից Օրանցու (1585-1625), Աբբաս I Մեծի (1588-1629), Օլիվեր Կրոմվելի (1643-1658), Պետրոս I Մեծի (1682-1725), Լազար Կարնոի (1791-1823) և Իոսիֆ Ստալինի (1922-1953): Հիշում եմ նաև Հայոց պատմության ռեֆորմատորներին և համակարգաստեղծներին, սկսած Արամ II Մեծից (մ.թ.ա. 883-840), Վաղարշակ I-ից (մ.թ.ա. 247-225) ու նրա թոռ Արտաշես I-ից (մ.թ.ա. 201-160), վերջացրած Աշոտ I Մեծով (855-884, 884-891՝ արքա), Լևոն I Մեծով (1187-1198, 1198-1219` արքա) և Դավիթ-բեկով (1722-1727): Հիշում եմ այս մարդկանց ու… «միտք եմ անում աշխարքի բանը»…

…Պարոն վարչապետ, հանրային խոսքումս մեկ անգամ չէ, որ ասել եմ, բայց նորից կրկնեմ` դուք իշխանության եկաք ԱՆՈՐԱԿ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԿՈՏՐԵԼՈՎ: Ուշադրություն դարձրեք այս հանգամանքի վրա՝ և համակարգն էր անորակ, և, դրան գումարած, դուք այն կոտրեցիք: Այս պայմաններում գործադիրի ղեկին կանգնելու հենց առաջին իսկ պահից պետք էր, թողած ամեն ինչ մի կողմ, վեր հանել խնդիրները, տալ դրանց գնահատական, ընտրել լավագույն կադրեր, ստեղծել գործուն համակարգ, կազմել ոլորտային բարեփոխումների համապարփակ ծրագիր և սկսել գործել: Սա պետք էր անել 2018 թ-ի մայիսի 10-ից սկսած՝ ՉՈՒՇԱՑՆԵԼՈՎ ՆՈՒՅՆԻՍԿ ՄԵԿ ԻՍԿ ՕՐ, ընդ որում ամենասկզբում կային այդ ամենն անելու ամենաառաջնակարգ հնարավորությունները: Մարդիկ ոգևորված էին, ռեսուրսները՝ բավարար, միջազգային աջակցությունն՝ առաջնակարգ, հասարակությունը՝ գործնականում միասնական…

…Հիմա 2025 թ-ի ապրիլի 10-ն է, շուտով կսկսվի ձեր իշխանության ութերորդ տարին, սակայն դուք կառավարության նիստում դեռևս վեր եք հանում հարցեր և խոսում եք բաներից, որոնք պետք է քննարկվեին լավագույն դեպքում 2018 թ-ի մայիսին, եթե ոչ՝ ավելի առաջ, երբ դեռ իշխանության էիք գալիս: Վերևում թվարկածս այն ռեֆորմատորները և համակարգաստեղծ անհատները, պարոն վարչապետ, այդպես չեն վարվել, նրանք, ամեն ինչ թողած մի կողմ, առաջին իսկ պահից ՁԵՌՔ ԵՆ ԶԱՐԿԵԼ ԳՈՐԾԻՆ ու ԱՅԴ ԳՈՐԾԻՆ ՆԵՐԳՐԱՎԵԼ ԵՆ ԿԱՐՈՂ ԱՆՁԱՆՑ, իսկ դուք… ութերորդ տարվա սկզբում եկել և բողոքում եք: Մեզ պետք չէ ձեր բողոքը, պարոն վարչապետ, մանավանդ, որ այն մեզ՝ կառավարման բուրգից դուրս գտնվող անձանց, մեղադրելու, բայց նաև ձեզ արդարացնելու տարրեր ունի:

Պարոն վարչապետ, պետք է ՀԱՄԱԿԱՐԳ ՍՏԵՂԾԵԼ, որը կյանքի կկոչի խնդիրների լուծմանը միտված ծրագրեր, պետք է ԼԱՎ ԿԱԴՐԵՐ ԸՆՏՐԵԼ և ԴՐԱՆՑ ՊԵՏՔԱԿԱՆ ՏԵՂԵՐՈՒՄ ԴՆԵԼ: Պետք է հարգել և ընդունել մասնագետներին, պետք է գործ անել ու չբողոքել, քանզի բոլորս էլ գիտենք, որ ամեն ինչ շատ վատ է, սակայն դուք գործադիրի բուրգի գլխին եք կանգնած հենց գործ անելու, այլ ոչ թե ուղղակի վիճակի վատ լինելը ամրագրելու համար…

…Շատ բան է պետք անել և պետք է արվի: Չեմ ասում ոլորտային բարեփոխումների ծրագիր չկա, դա մի կողմ՝ նույնիսկ ՈԼՈՐՏԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՑԱՆԿ ՉԿԱ, որ մի հատ էլ դրանց հաղթահարման ծրագիր մշակվի: Չկան ոլորտային մոդելներ, որոնց պետք է ձգտենք: ԻՆՔՆԱՀՈՍ առաջ ենք գնում և, թերևս, դուք էլ եք արդեն զգում, որ մի բան այն չէ, սակայն կարծես չգիտեք, թե ինչ պետք է արվի: Ու դուրս եք տալիս ՁԵՐ ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅՈՒՆԸ կառավարության նիստերի այդ երկար, չհամակարգված և պաշտոնյաների հաճոյակատար ու հնազանդ շարքին ուղղված մենախոսությամբ, երբ ոչ ոք նույնիսկ ծպտուն իսկ չի հանում, որ ձեզ հակադարձի, բայց չէ՞ որ հենց հակադարձության մեջ է ռեֆորմատորի և համակարգաստեղծ անձի ուժը, քանզի դա ապահովագրում է նրան սխալից: Այդպես չի կարելի, վերևի ցանկումս բերված այն մարդիկ այդպես չէին վարվի…

Եվ վերջում` եթե կադրերին նշանակելիս ԱՌԱՋՆԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՏԱԼԻՍ ԵՍ ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆԸ, դժվար է իրոք լավ կադր գտնել, բայց չէ՞ որ մենք համակարգ չունենք, այսինքն՝ կադրերն են որոշում ոլորտի որակը: Դուք գերադասում եք հավատարիմներին և հլու կատարողներին, ձեզ բաժին են հասնում վատ կադրեր, իսկ արդյունքում էլ առանձին ոլորտների վիճակը միայն վատանում է»:

Նմանատիպ նյութեր

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

Թշնամին անհետացել է, ԱԱԾ-ն՝ ուշացել. ի՞նչ է բացահայտում Սիսիանում տեղի ունեցած խայտառակ միջադեպը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եթե ի մի բերենք նախօրեին արձանագրված խայտառակ եղելության վերաբերյալ հայտնի տվյալները, ապա ընդհանուր պատկերը հետևյալն է: Թշնամական Ադրբեջանի զինծառայողը սեպտեմբերի 26-ին ինքնակամ, բայց զինված լքել է օկուպացված Բերձորի (Լաչինի) շրջանում...

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ սեպտեմբերի 23-24-ը և 26-27-ը, -Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-26-ը,...

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն, պարզվում է սիսիանցիները վախեցած են և նիկոլականների տարածած այն թեզը, թե բա «ազերի դասալիք ասկյարը միամիտ է մտել Շաքիի բնակչի տուն ու փլավ կերել, կոմպոտ խմել, ձեռքի հետ էլ վախից տան կնոջը ծանր վիրավորել...

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ․ «Կեսգիշերին՝  հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք,կալանավորեց դաշինքի անդամ Արթուր Օհանյանին մեկ...

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...