Վստահ եմ` այս ամենի հիմքում քաղաքական որոշում է. Արման Թաթոյան

20 Մարտի, 2025

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.

«Տիգրան Ուլուբաբյանին Ոստիկանությունում խոշտանգելու մասին. կոպորեն խախտվում են Հայաստանի միջազգային պարտավորությունները (պահանջների մանրամասներ)

Արցախցի երիտասարդին Ոստիկանության Վանաձորի ծառայողների կողմից խոշտանգման ենթարկելու մասին հրապարակումներից անմիջապես հետո պետք է նախաձեռնվեր քրեական վարույթ` անկախ բողոքի կամ դիմումի առկայությունից: Տիգրան Ուլուբաբյանի ներկայացրած տվյալներն այն աստիճան մանրամասն են, որ պետք էր անմիջապես նախաձեռնել նաև քրեական հետապնդում Ոստիկանության կոնկրետ ծառայողների նկատմամբ:

Նրա մատնանշած բոլոր ոստիկանների լիազորությունները պետք է կասեցվեին մինչև քրեական վարույթի ավարտը:

Այնուհետև, քննությունը պետք է ստուգեր արդյոք խոշտանգման մեջ մեղադրվող ոստիկանները կարող են խոչընդոտել քննությանը: Եթե ստացվեր դրա փոքր-ինչ հաստատում, ապա ոստիկանները պետք է անհապաղ հեռացվեին աշխատանքից (սա որևէ կերպ չի բացառում քրեադատավարական հարկադրանքի միջոցները` ձերբակալում, կալանք և այլն):

Տիգրանի խոսքերից հետևում է, որ խոսքը ոչ միայն իր առողջությանը ոստիկանների պատճառված վնասի, ուժեղ ֆիզիկական ցավի, այլ նաև իրեն հոգեկան տառապանք (նվաստացում, հայհոյանքներ, սպառնալիքներ և այլն) պատճառելու մասին է:

Անհրաժեշտ էր իրականացնել տուժողի անհապաղ հարցաքննություն: Մինչդեռ, ինչպես պնդում է Տիգրանի փաստաբանը, նրան կիսատ-պռատ հարցաքննել են միայն աղմուկ բարձրանալուց հետո ու երեկվա ակցիայից հետո են միայն այսօր հրավիրել լրացուցիչ հարցաքննության:

Պետք էր անհապաղ նշանակել փորձաքննություն պարզելու համար խոշտանգմամբ Տիգրան Ուլուբաբյանի առողջությանը պատճառված վնասի, ինչպես նաև հոգեկան տառապանքի հարցերը: Նրան պետք էր անհապաղ ցույց տալ հոգեբանական աջակցություն:

Անհապաղ հարցաքննության են ենթակա ոստիկանները. խոսքը ոչ միայն այն ոստիկանների մասին է, որոնք ըստ Տիգրանի իրեն խոշտանգել են, այլ նաև նրանց անմիջական վերադասները: Պետք է պարզել` արդյոք Տիգրանի մատնանշած ոստիկանները գործել են վերադասների, ասենք, հանձնարարությամբ կամ թույլտվությամբ:

Քանի որ Տիգրանը նշում է, որ ոստիկաններն իրեն այնպես են ծեծել, որ նրանց ոտքերն էլ են վնասվել ու դրանց վրա հետքեր են մնացել, ապա պետք է անհապաղ փորձաքննության ենթարկվեն նաև ոստիկանները:

Անհապաղ հարցաքննության են ենթակա վկաները (Ոտիկանության տվյալ ստորաբաժանման այլ ծառայողներ, Տիգրանի ընկերներ կամ ազգականներ և այլն): Ստուգման ու առկայության դեպքում անհապաղ առգրավման են ենթակա տեսախցիկներ ու դրանց տեսագրությունները, Ոստիկանության ստորաբաժանման մատյանները և այլն:

Պետք է իրականացվի այլ ապացույցների ամրագրում:

Նշվածից բացի, քննչական մարմինը պարտավոր է պարբերաբար հանրությանը իրազեկել քննության ընթացքի մասին` հաշվի առնելով գործի հանրային հնչեղությունը:

Խոշտանգման գործերով գլխավոր տեղ ունեն ապացուցման բեռի ու ապացուցման ստանդարտի (չափանիշի) հարցերը: Անչափ կարևոր է այն, թե արդյոք կան խոշտանգման մասին դետալացված տվյալներ: Կոնկրետ դեպքում ակնհյատ է, որ դրանք առկա են:

Ըստ այդմ, եթե տուժողը ներկայացնում է խոշտանգման փաստը հաստատող մանրամասն տվյալներ, ապա ապացուցման բեռը դրվում է պետության վրա` պատշաճ ու արագացված քննությամբ բոլոր մանրամասներով հերքելու տուժողի խոսքերը կամ ցույց տալու, որ խոշտանգում չի եղել:

Այլ գործերի հետ համեմատությամբ` խոշտանգման գործերով ապացուցման շեմը ցածր է: Այստեղ հաշվի է առնվում, որ անձը գտնվում է խոցելի վիճակում, մասնավորապես` ազատությունից զրկված ու ոստիկանների վերահսկողության ներքո, միայնակ ու հոգեճնշող վիճակում, ոստիկաններից բացի այլ վկաներ չեն լինում և այլն:

Եթե պետությունը չի կարողանում քննությամբ հերքել խոշտանգման փաստի մասին տուժողի հայտնած մանրամասները, ցուցաբերում է անգործություն կամ պատշաճ քննություն չի իրականացնում, ապա հիմք է ընդունվում հակառակ կանխավարկածը. հաստատված է համարվում, որ խոշտանգում տեղի է ունեցել:

Տիգրան Ուլուբաբյանի հարցով ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուց Հայաստանի իշխանությունների մինչ օրս հրաժարվելը խոսում է նրանց կողմից խոշտանգման հովանավորության, բացահայտ խտրական մոտեցման ու Հայաստանի միջազգային պատավորությունների կոպիտ խախտման մասին: Վստահ եմ` այս ամենի հիմքում քաղաքական որոշում է` հաշվի առնելով նաև նման գործերի քննության պրակտիկան:

Նման ուշացումն արդեն խոշտանգման համար անպատժելիության հովանավորություն է և խոշտանգման խրախուսում:

Ընդ որում, յուրայինների «իրավունքների» վերաբերող գործերը բացահայտվում, հետապնդումները հարուցվում են կայծակնային արագությամբ: Վառ օրինակ է հանուն ՔՊ պատգամավորի «պատիվը պաշտպանելու»` Սամվել Վարդնանյանի խոշտանգման դեպքը, որն ակնհայտ հաջորդեց ՔՊ վերնախավի քաղաքական հրահանգին, և գործը տեղից այդպես էլ չի շարժվում»:

Նմանատիպ նյութեր

Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. ՀԿԿ

Գեղարքունիքի մարզպետարանի պաշտոնյան մեղադրվում է կաշառք ստանալու մեջ. ՀԿԿ

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը մեղադրվում է նույն մարզի մի շարք դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց նրանցից կաշառք ստանալու մեջ։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից: Վարչության պետի, ինչպես նաև 4...

Ղարաբաղի համար պատասխանատվությունը Երևանը փորձում է բարդել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ խորհրդի նախագահ

Ղարաբաղի համար պատասխանատվությունը Երևանը փորձում է բարդել Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի վրա. ՌԴ խորհրդի նախագահ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակում գործել է խստորեն կանոնադրական փաստաթղթերին համապատասխան, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ Նրա խոսքով՝ Երևանն անհիմն է...

Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան. Մայր Աթոռ

Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան. Մայր Աթոռ

Տ․ Փառեն արքեպիսկոպոս Ավետիքյանին և Տ․ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին շնորհվել է «Սուրբ Ղևոնդ Երեց» առաջին աստիճանի շքանշան: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...

ԵԱՏՄ-ի հետ կապված Հայաստանի իշխանությունների որոշումը որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա. Մատվիենկո

ԵԱՏՄ-ի հետ կապված Հայաստանի իշխանությունների որոշումը որևէ կերպ չի ազդի միավորման կայունության վրա. Մատվիենկո

Եվրասիական տնտեսական միությունն ապացուցել է իր արդյունավետությունը, և Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցության վերաբերյալ իշխանությունների կայացրած ցանկացած որոշում չի ազդի միավորման կայունության վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝...

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն՝ «Քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքները» թեմայով

ԱԺ-ում լսումներ կանցկացվեն՝ «Քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքները» թեմայով

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովի նիստերի դահլիճում կանցկացվեն խորհրդարանական լսումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով։...