Ու այս հակահայ պրոպագանդան ՀՀ պետբյուջեի հաշվին, ՀՀ քաղաքացիների հաշվին է եղել․  Անի Ավետյան

18 Մարտի, 2025

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում սովորական դարձած իր տեսանյութերից տարբերվող տեսանյութ էր հրապարակել մարտի 11-ին՝ գրելով․ «հարցազրույց եմ տվել թուրքական լրատվամիջոցներին»։

Ավելի ուշ պարզվեց, որ թուրքական մի շարտ լրատվամիջոցների լրագրողները Երևան են եկել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին։

Նշենք նաև, որ բացի հարցազրույցից թուրք լրագրողները հնարավորություն են ունեցել շրջել Երևանով, նկարահանումներ անել, այցելել են Մատենադարան, Ծիծեռնակաբերդ և այլն։

Փաշինյանի հետ հարցազրույցը հեռարձակվեց Հանրային հեռուստատեսությամբ 2 օր հետո՝ մարտի 13-ին, թուրքական լրատվամիջոցներն էլ պատրաստեցին ռեպորտաժներ։

Երեկ՝ մարտի 17-ին, արդեն թուրքական լրատվամիջոցներում հրապարակված նյութերի մասին գովաբանական գրառում էր կատարել կառավարության տեղեկատվական և վերլուծական ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ Ծառուկյանը։

«Վերջին 3-4 օրերի ընթացքում թուրքական բազմաթիվ հեռուստաալիքների եթերում և առցանց լրատվամիջոցների լրահոսում տասնյակ նյութերով, հոդվածներով և հաղորդումներով ներկայացվել են ՀՀ պաշտոնական դիրքորոշումներն արտաքին քաղաքական հարցերի լայն շրջանակի շուրջ։ Կարող ենք արձանագրել, որ թուրքական մեդիայում Հայաստանի մասին մեծամասամբ դրական նոտայով, սահմանը բացելու անհրաժեշտության մասին շեշտադրումներով մի քանի օրում այսքան հաղորդում ու հրապարակում չէր եղել»,- գրել է նա՝ ընդգծելով, թե թուրքական մի շարք լրատվամիջոցներ չեն խուսափել շրջանառել այն առանցքային ուղերձը, որ Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին և որ մեդիա տուրի արձագանքները դեռևս շարունակվում են։

Ծառուկյանը չէր սխալվում՝ մեդիա տուրի արձագանքները շարունակվում են և ոչ միայն թուրքական մեդիայում։ Նույն օրը՝ մարտի 17-ին, AlphaNews-ի լրագրող Անի Ավետյանը  ֆեյսբուքյան էջում գրել է․

«Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ խայտառակ վիդեոներ են հրապարակում թուրքական հեռուստաալիքները Հայաստանում նկարահանումներից:

Սա կազմակերպելու առաջարկն անողին, սրան համաձայնողին… դուք անգամ չեք կարողացել ընտրել, թե որ լրագրողները գան, որ այս խայտառակությունը չլիներ: Նույն թուրքական ալիքի մի լրագրողը Հայոց Ցեղասպանությունը ճանաչում է, մյուսը ժխտում, դուք բերում եք ժխտողին… (այլ բան ձեզնից չէինք էլ սպասում):

Հավասարակշռված լրագրողներ կան թուրքական առաջատար ալիքներում, որ մերժել են ձեր հրավերը: Եթե փորձեիք հասկանալ ինչու՝ Հայաստան կգային իրենց մեդիայի հաշվին ու գոնե հավասարակշռված նյութեր կհրապարակեին: Չեմ ասում Հայաստանի օգտին, բայց վիդեոն հաստատ չէին սկսի Ալիևի հայտնի «նա օլդու Փաշինյան» ֆրազով: Դե տարեք այդ վիդեոները ցույց տվեք ձեր Փաշինյանին, թող տեսնի: Իրեն ծաղրելը գուցե վրան ազդի, հասկանա այս ֆեյլի մասշտաբը…(հազիվ թե):

Ու այս հակահայ պրոպագանդան ՀՀ պետբյուջեի հաշվին, ՀՀ քաղաքացիների հաշվին է եղել:

Վաղը «Իրական Թուրքիա» նախագծով կներկայացնենք»:

Լրագրողը գրառման մեկնաբանությունների բաժնում տեղադրել է նաև թուրքական լրատվամիջոցներից մեկի՝ CNNTurk-ի տնօրեն Ինդրիս Արըքանի պատրաստած ռեպորտաժի հղումը, որը վերնագրված է այսպես․ «Ցեղասպանության պահանջը, Ադրբեջանի հետ լարվածությունը․․․ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումն իրականություն կդառնա՞»։

Գրառմանը, մասնավորապես վերոնշյալ տեսանյութին, անդրադարձել է Ծառուկյանը՝ պնդելով, թե Անի Ավետյանը կեղծիք է տարածում։

«Տվյալ լրատվամիջոցի լրագրողի կողմից մեդիատուրից հետո պատրաստված առաջին ռեպորտաժը եղել է ամբողջությամբ Հայաստանի տեսակետը ներկայացնող (https://www.youtube.com/watch?v=s49sqiPoZiM): Սրա հրապարակումից հետո մեզ տեղեկություն է հասել, որ խմբագրության վրա ադրբեջանական կողմից մեծ ճնշում է գործադրվել և խմբագրությունը որոշել է ևս մեկ ռեպորտաժ պատրաստել առավել պրոադրբեջանական բովանդակությամբ՝ նախորդ ռեպորտաժին «հավասարակշռելու» համար։ Նրանք, ովքեր երբևէ փորձ են ունեցել աշխատել թուրքական մեդիայի հետ, գիտեն այս ռիսկերի մասին։ Վերջնարդյունքում մեզ հաջողվել է այդ կարևոր ռեսուրսում մեր շահերը ներկայացնող ռեպորտաժ ունենալ, իսկ հակառակը միշտ էլ եղել է

Թարմացում. CNN Turk-ը քիչ առաջ յութուբյան իր ալիքից հեռացրեց տվյալ անբարենպաստ նյութը»,- գրել է նա՝ գրառմանը կցելով թուրքական լրատվամիջոցների պատրաստած, իր համոզմամբ, չեզոք և դրական ռեպորտաժները։

Ծառուկյանի գրառման մեկնաբանությունների բաժնում նրան պատասխանել է լրագրող Անի Ավետյանը՝ հերքելով, թե հակահայ քարոզչությամբ տեսանյութը ջնջվել է յութուբյան ալիքից։ «26 րոպե տևողությամբ հակահայկական նյութից հեռացրել են միայն Փաշինյանին ծաղրող «նաօլդուփաշինյան» ֆրազը։ Միայն սրանով ամեն ինչ ասված է։ Յութուբից բացի այլ հարթակներում վիդեոն հասանելի է՝ մի տեղ այդ ֆրազով, մի տեղ՝ առանց»,- պարզաբանել է նա։

Ըստ Ավետյանի՝ 26 րոպե հակահայ քարոզչության սթենդափները, այսինքն՝ լրագրողի ուղիղ խոսքը տեսախցիկի առաջ, նկարահանված էին Հանրապետության հրապարակում, Ծիծռնակաբերդում, Մարգարայում հենց այցի օրերին, մինչև «չեզոք և դրական» նյութերը։

«Ավելին, Ծիծեռնակաբերդի բարձունքում թուրք լրագրողը դժգոհում է, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրից երևում է Արարատը: Հետևաբար, ոչինչ պատահական չի եղել, ավելին՝ եղել է նախապես ծրագրված»,- գրում է լրագրողը։

Ավետյանն իր գրած մեկնաբանության մեջ նաև մատնանշել է, թե ինչպես պետք է կառավարությունն աշխատի հայ հասարակության հետ․ «Կարևորը ոչ թե թուրքական մեդիայում Հայաստանի մասին քանակով շատ անդրադարձեր ունենալն է, ու թուրքերենին չտիրապետող քաղաքացիներին ասելը, թե դրանք «չեզոք ու դրական էին», այլ այն, թե ինչպես է ներկայացվում մեր երկիրը թուրքական առաջատար հեռուստաալիքներում։ Հաշվի առնելով Թուրքիայի մամուլի ազատության ինդեքսը, պարզից էլ պարզ է. Հայաստանի ու հայերի դեմ ամբողջ քարոզչությունը արտացոլում է թուրքական պետության իրական վերաբերմունքն ու մտադրությունները։ Հենց սրա մասին պետք է խոսել՝ պատրանքներից զերծ մնալու համար։ Հենց սա պիտի իմանան Հայաստանի ներսում, որ հանրությանը պատրաստեն այդ մտադրություններից պաշտպանվելուն։

Լրագրողի դիտարկմամբ՝ ի տարբերություն մեզ, ոչ թուրքական մամուլը, ոչ պետությունը, ոչ քարոզչությունը ցանկալին իրականության տեղ չի դնում, չի ստում՝ ոչ իրեն, ոչ իր հասարակությանը։

«Եվ ագրեսիվ, բաց ու առանց տողատակի խոսում է Հայաստանի ու հայերի մասին։ Մտադրություն, ծրագիր և քաղաքական խոսույթ, որ չի փոխվել արդեն 100 տարի։ Ու Թուրքիան երբեք ցույց չի տվել, որ մտադիր է դրանք փոխել։ Առավել ևս չի փոխի, որքան էլ տուրք տաք թուրքական ժխտողականության թեզին՝ վերանայեք Ցեղասպանության պատմությունը կամ շատ ցանկանաք ու պատրաստ լինեք սահմանը բացելուն։

Բայց դա արդեն Ձեր քաղաքական թիմի գործն է։ Ու Ձեր պատասխանատվությունը»,- ամփոփել է Անի Ավետյանը։

 

Նմանատիպ նյութեր

Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների 0% մաքսատուրքով քվոտայի մնացորդը 862 է

Էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների 0% մաքսատուրքով քվոտայի մնացորդը 862 է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ԱՏԳ ԱԱ 8703 80 000 3 և 8703 80 000 5 ծածկագրերին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով սակագնային արտոնության քվոտայի մնացորդը` 2026թ....

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին։ Թրամփը հայտարարել է Ռուսաստանից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիքի մեծածավալ մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի մասին։ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը...

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

«Կայացավ ՀՀ Ազգային ժողովի 9-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հերթական նիստը»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, շարունակելոբվ «Նիստի օրակարգում՝ ընդամենը երկու հարց. Առաջինը՝ իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տարվող...

Այս տարի էլ Նոբելյան մրցանակը Թրամփին չշնորհվեց

Այս տարի էլ Նոբելյան մրցանակը Թրամփին չշնորհվեց

2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին: Այս մասին հայտնել են Նոբելյան կոմիտեից: «Նորվեգական Նոբելյան կոմիտեն որոշել է 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին՝ «խաղաղության և միջազգային...

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է

Այսօր Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նշանակված դատական նիստը հետաձգվել է՝ տնային կալանքի տակ գտնվող Արեգնազ Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։ «Նիստի ընթացքում ձեռնարկվել են Արեգնազ...