Եկեղեցու բարենորոգումը չի կարող իրականացվել իշխանության ճնշմամբ ու թելադրանքով․ Կաթողիկոս

26 Մայիսի, 2026

Մայիսի 26-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ քահանայից ամենամյա ժողովը, որին մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ, թեմերում և եկեղեցական տարբեր կառույցներում սպասավորող շուրջ 200 քահանա հայրեր:

Մինչ հավաքը հոգևոր դասը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեց Ճաշու ժամերգությանը, որից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում ժողովն սկսեց իր աշխատանքը:

Ժողովը բացվեց քահանայից հավաքների կազմակերպիչ հանձնախմբի նախագահ Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի ողջույնի խոսքով։ Այնուհետև ներկա հոգևոր դասին ներկայացվեց ամենամյա քահանայից հավաքների 10 տարվա համառոտ պատմությունը, ձեռքբերումները, նախաձեռնություններն ու այն կարևոր ուղենիշները, որոնք առավել արդյունավորեցին եկեղեցականների հոգոր ծառայությունը։

Այնուհետև եկեղեցականներին իր հայրական օրհնությունն ու պատգամը բերեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ավանդական դարձած քահանայից ժողովները պատեհ առիթ նկատելով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի խորհրդով զորանալու, աղոթական մթնոլորտում միասնաբար խորհրդածելու Սուրբ Եկեղեցու հոգևոր առաքելության արդյունավորման շուրջ, այլև քննարկելու հոգևոր սպասավորության ճանապարհին տեղ գտնող խնդիրները, ինչպես և ժողովրդի ու հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների դիմագրավման ուղիները։

Ապա անդրադառնալով աշխարհում տեղ գտած ցնցումներին ու հատկապես տարածաշրջանում պատերազմական գործողություններին, որոնք իրենց ուղղակի և անուղղակի ներգործությունն ունեցան նաև ազգային և հայրենական կյանքի վրա, Նորին Սրբությունը խոր մտահոգություն հայտնեց ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող հակաեկեղեցական արշավի, անհիմն մեղադրանքներով եկեղեցականաց դեմ հալածանքների, Եկեղեցու ինքնավարությունը խաթարող միջամտությունների առնչությամբ։

«Արդարադատության ոտնահարմամբ նորանոր անօրինական արգելքներ են հարուցվում նաև հովվական առաքելության մեջ, զավթված են պահվում սրբավայրերը, առանձին եկեղեցիներում կարգալույծ անձինք իրենց հակականոնական, սրբապիղծ գործողություններով շարունակում են խռովել հավատացյալների հոգևոր զգացումները, աղճատել կրոնածիսական կյանքը։

Ունայնամտություն է սանձազերծված բռնաճնշումները հիմնավորվել Հայոց Եկեղեցու, այսպես կոչված, բարենորոգման ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ», — նշեց Վեհափառ Հայրապետը՝ ցավ արտահայտելով, որ հանրությանը մատուցվող հիշյալ ծրագրի իրագործմանը, կեղծ պատճառաբանություններով լծվել են նաև մի շարք բարձրաստիճան եկեղեցականներ և թեմերի քահանաներ, իսկ որոշ հոգևորականներ կամայական կարգով ծառայությունների մատուցման պայմանագրեր են կնքել Պաշտպանության նախարարության և Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության հետ՝ ոտնահարելով Մայր Աթոռի իրավունքները, ինչը, անտարակույս, ունենալու է կարգապահական հետևանքներ։

Իշխող ուժի որդեգրած եկեղեցահալած քաղաքականության առնչությամբ Հայոց Հայրապետը հարկ համարեց, որ քահանա հայրերը շարունակաբար հանդես գան սպառիչ պարզաբանումներով, որպեսզի հավատավոր ժողովուրդը չտրվի կեղծ և անհիմն մեղադրանքների ազդեցությանը․ «Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին, խոչընդոտել Եկեղեցու ազգաշահ, արդյունավետ գործունեությունը և նվազեցնել նրա դերակատարությունը մեր ժողովրդի կյանքում, հատկապես՝ ազգային ինքնության, պատմական հիշողության և նվիրագործված արժեքների պահպանման հարցում»։

Խոսելով իշխող կուսակցության նախընտրական ծրագրում ներառված՝ Եկեղեցու հոգևոր պետի հեռացման և այլ գործողությունների նախատեսումով, այսպես կոչված, «բարենորոգման» օրակարգի մասին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծեց․ «Հոգևոր կյանքի վերաբերյալ նման մոտեցումը հակասահմանադրական է ու դատապարտելի, հակասում է մեր Սուրբ Եկեղեցու կանոնական սկզբունքներին և ուղղակի միջամտություն է Եկեղեցու ինքնակառավարմանը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Արհեստածին «բարենորոգման» ծրագիրը կեղծ օրակարգ է։ Եկեղեցու բարենորոգումը չի կարող իրականացվել իշխանության ճնշմամբ ու թելադրանքով՝ ուղեկցվելով նաև բացահայտ զրպարտություններով ու կեղծիքներով։ Եկեղեցու բարեփոխությունը մշտական ներքին գործընթաց է՝ հիմնված բացառապես Եկեղեցու՝ դարերով ամրագրված կանոնակարգերի վրա, վավերացված եկեղեցական ժողովական մարմինների կողմից։ Ուստի, պիտի ամեն ջանք ի գործ դնենք պաշտպանելու մեր Սուրբ Եկեղեցու պատմականորեն կանոնակարգված, ինչպես և ՀՀ օրենսդրությամբ, միջազգային հռչակագրերով երաշխավորված իրավունքները և կանխելու Եկեղեցու կյանքում այսօրինակ վտանգավոր նախադեպերի ստեղծումը»։

Դիմելով հոգևոր սպասավորներին, Նորին Սրբությունը հաստատեց, որ առկա փորձությունները պետք է հաղթահարել արժանապատվորեն, եկեղեցական կանոնների անշեղ հարգումով ու կարգապահությամբ, Սուրբ Եկեղեցու և նախնյաց ավանդների նկատմամբ հավատարմությամբ։

«Ամենքս այսօր պարտավորությունն ունենք առաջին հերթին Եկեղեցու մարմինը անխաթար, ամբողջական ու միասնական պահելու և թույլ չտալու, որ արտաքին միջամտություններով պառակտվի Եկեղեցին։

․․․Մայր Տաճարի խորանի առջև կատարած ուխտի հանդեպ հավատարմությունը պետք է առաջնորդի ամենքիս մեր բոլոր որոշումներում և քայլերում, որպեսզի Եկեղեցին, անսասան իր կոչման մեջ, հավետ լինի անլռելի կոչնակը աստվածահաճո կյանքի, քաջարի ջատագովը արդարության ու ճշմարտության, աննկուն պաշտպանը Քրիստոսի հետևորդների շահերի և իրավունքների։ «Արթո՛ւն կացեք, հաստատո՛ւն մնացեք հավատի մեջ, քա՛ջ եղեք, զորացե՛ք», — պատգամում է առաքյալը (Ա Կորնթ․ 16․13)։ Այս գիտակցությամբ շարունակեք հովվական խնամք տանել և հոգալ կարիքները մեր ժողովրդի զավակների, քաջալերել ընթանալ աստվածսիրության շավիղներով, մերժել ազգավնաս գաղափարներն ու գործողությունները», — նշեց Նորին Սրբությունը՝ մաղթելով քահանա հայրերին ազգօգուտ ու բարեբեր ծառայություն և բարձրորեն գնահատելով այս դժվարին օրերին նրանց դրսևորած քաջարի ոգին, հաստատակամությունն ու նախանձախնդրությունը մեր Սուրբ Եկեղեցում կանոնականության ու միության պահպանման նկատմամբ։

Վերջում Վեհափառ Հայրապետը հայցեց, որ Տերը խաղաղության ու ապահովության մեջ պահի հայրենի երկիրն ու աշխարհասփյուռ հայությանը և անսասանություն ու հավետ պայծառություն շնորհի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։

Ապա Ժողովի ընթացքում «Եկեղեցում առկա հիմնախնդիրների վերհանումը» զեկույցով հանդես եկավ Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Փառեն քահանա Առաքելյանը, իսկ «Համացանցային քարոզչության արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերը» զեկույցով՝ Գուգարաց թեմի Վանաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Տաճատ քահանա Բարսեղյանը։

Ներկայացված բանախոսությունների շուրջ ծավալվեցին քննարկումներ, եկեղեցականները ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկները՝ հովվական ծառայության առավել արդյունավորման առնչությամբ։

Ժողովը փակվեց «Պահպանիչ» աղոթքով»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...