ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը երեքշաբթի օրը Օսլոյում կհանդիպի Վլադիմիր Զելենսկու հետ, BBC-ի փոխանցմամբ՝ հայտնում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին։
Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով երեք աղբյուրի, հայտնել էր, որ Թրամփի բանագնացները կմեկնեն Նորվեգիա։
Նորվեգիայի մայրաքաղաքում Զելենսկին կմասնակցի հանդիպումների՝ երկրի վարչապետ Յոնաս Գար Ստյորեի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ։ Նպատակն է մշակել ծրագիր, որը կարող է հիմք դառնալ Ռուսաստանի հետ բանակցությունների վերսկսման համար։
Axios-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Օսլո այցից հետո Սթիվ Ուիթքոֆը մտադիր է մեկնել Ռուսաստան։ Նա հույս ունի հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ և նրան ներկայացնել Օսլոյում քննարկված առաջարկները։
Reuters-ի երկու աղբյուրների համաձայն՝ Ուիթքոֆը հույս ունի նաև ռուսաստանցի ներկայացուցիչների հետ քննարկել ԱՄՆ քաղաքացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման հարցը։ Հաբարդը վարձկանության հոդվածով դատապարտվել է յոթ տարվա ազատազրկման։ Reuters-ի զրուցակիցներից մեկը նշել է, որ Ուիթքոֆի ծրագրերը նախնական են և դեռ կարող են փոփոխվել։
ԱՄՆ մյուս բանակցողը՝ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, գրիպով հիվանդանալու պատճառով չի մեկնել Օսլո, սակայն հեռավար կմասնակցի հանդիպումներին, հայտնել է Axios-ի աղբյուրը։
Նրա խոսքով՝ նախորդ շաբաթ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչները տեխնիկական մակարդակով մշակել են առաջարկներ, որոնք կարող են հիմք դառնալ երկարաժամկետ խաղաղության հաստատման համար։
Օսլոյում հանդիպումը տեղի է ունենում Զելենսկու հասցեին Թրամփի կտրուկ քննադատության ֆոնին։ ԱՄՆ նախագահը կրկին հայտարարել է, որ, իր կարծիքով, Ուկրաինային նոր առաջնորդ է անհրաժեշտ։






