«Ոտը պոկելու եմ»․ Դավթաշենից ԱԺ հասած ՔՊ պատգամավորի քրեածին անցյալը․ «Ժողովուրդ»

30 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հանրահավաքների մասնակիցների տվյալներն ու նկարները հավաքելու կոչից մինչև խորհրդարանի միջանցքում հնչեցված «ոտը պոկելու» սպառնալիք․ սա «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռոման Համբարձումյանի հրապարակային վարքագծի նկարագրությունն է։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել պատգամավորների անցած ճանապարհն ու ունեցվածքը։ Այս անգամ ուշադրության կենտրոնում Դավթաշենի նախկին ղեկավարն է, որի քաղաքական կենսագրությունում պաշտոնների հերթագայությունն ուղեկցվում է աղմկահարույց պատմություններով։

Հոկտեմբերի 29-ին Ազգային ժողովում իշխանական և ընդդիմադիր պատգամավորների միջև ծեծկռտուքից հետո Համբարձումյանը խորհրդարանի միջանցքում հայտարարել է․ «Մեկիդ օգնականը իրան լավ չպահեց, ոտը **ից պոկելու եմ։ Մենք իրար հետ՝ հարց չկա»։ Այս արտահայտությունը մեջբերված է միջադեպի մասին հրապարակումներում։ Այստեղ արդեն խոսքը պարզապես կոշտ քաղաքական բառապաշարի մասին չէ․ պատգամավորը հրապարակային խոսքում դիմում է մարմնական հաշվեհարդարի սպառնալիքի, իրեն դրսևորում խուլիգանի նման։ Ի՞նչ կապ ունի նման բառապաշարը օրենսդիրի պատասխանատվության հետ։

Համբարձումյանի՝ մարդկանց թիրախավորող հրապարակային խոսքը, իհարկե, նորություն չէ։ Դեռ 2024 թվականի մայիսին՝ «Սրբազան պայքար» շարժման օրերին, նա առաջարկում էր հավաքել հավաքներին աշխատակիցներ բերող անձանց տվյալներն ու լուսանկարները՝ անդրադառնալով նաև պետական համակարգում աշխատողներին։ Գրառումը գնահատվել էր որպես ճնշումների կոչ։ Քաղաքական անհամաձայնությունն այս կերպ մարդկանց նույնականացնելու հարցի վերածելը բացահայտում է իշխանության ներկայացուցչի վերաբերմունքը բողոքի մասնակցության նկատմամբ։

Կրակոցներ՝ Դավթաշենի ղեկավարի օգնականի ուղղությամբ․

Համբարձումյանի՝ Դավթաշենը ղեկավարելու շրջանն ուղեկցվել է նաև իր օգնական Կորյուն Մխիթարյանի շուրջ աղմկահարույց պատմությամբ։ 2023 թվականի մայիսի 19-ին մի խումբ անձինք հարձակվել էին Մխիթարյանի վարած ավտոմեքենայի վրա․ մեքենան վնասվել էր մահակներով, դրա ուղղությամբ կրակոց էր արձակվել, իսկ Մխիթարյանը վիրավորվել էր։

ArmLur.am-ն այն ժամանակ անդրադարձել էր միջադեպին նախորդած հողակտորի շուրջ վեճին և Մխիթարյանի հնարավոր առնչության վերաբերյալ տեղեկություններին։ Վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Հրաչյա Հակոբյանը հերքել էր օգնականի առնչությունը հողակտորի զավթման փորձին։ Այս պատմությունը Համբարձումյանի անձնական քրեական պատասխանատվության ապացույց չէ, սակայն նրա ղեկավարած վարչակազմի ներկայացուցչի շուրջ առաջացած հարցերը միայն «անձնական վեճ» ձևակերպմամբ չեն սպառվում։ Աշխատանքային գործունեության արդյունքում էր կրակոցների թիրախ դարձել:

Կենսագրությունը՝ հեղափոխությունից հետո. պաշտոն, պատգամավորական մանդատ․

Համբարձումյանը ծնվել է 1981 թվականի նոյեմբերի 5-ին Երևանում։ 2003 թվականին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան՝ ստանալով տնտեսագետի որակավորում, 2003-2005 թվականներին ծառայել է զինված ուժերում։

Նրա ներկայացված աշխատանքային կենսագրությունում հետհեղափոխական պաշտոնները հատկապես հաջորդում են միմյանց 2019 թվականից։ Եղել է «Կիլիկիա» կենտրոնական ավտոկայանի պետ, «Վեոլիա ջուր» ընկերության «Կենտրոն» տեղամասի պետ, «Հայփոստի» վերստուգող բաժնի ղեկավար։ 2022-2023 թվականներին ղեկավարել է Դավթաշեն վարչական շրջանը, ապա աշխատել Էկոնոմիկայի նախարարությունում՝ որպես խորհրդական։ 2026 թվականի ապրիլից հուլիս եղել է «Երևանի ավտոբուս» ընկերության աշխատակազմի ղեկավարը։ Հունիսի 7-ին ՔՊ-ի համապետական ցուցակով ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր։ Այսինքն՝ Ռոման Համբարձումյանի կարիերան սկսվել է 38 տարեկանում։

Այսպիսով՝ փոխվել են աշխատասենյակներն ու պաշտոնները, իսկ հանրային խոսքում մարդկանց տվյալները հավաքելու տրամաբանությանը հիմա ավելացել է նաև խորհրդարանի միջանցքում հնչեցված բացահայտ սպառնալիքը։

Վեց անշարժ գույք, արտարժույթ և վարկեր․

«Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրած՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագրի համաձայն՝ Համբարձումյանը հայտարարագրել է վեց անշարժ գույք՝ հողատարածք Ապարանում, ոչ բնակելի տարածք և ավտոտնակ Երևանում, ինչպես նաև երեք բնակարան։ Ունի նաև 2011 թվականի արտադրության «Infiniti» ավտոմեքենա։

Նրա դրամական միջոցները կազմել են 12 հազար եվրո, 4 մլն 900 հազար դրամ և 17 հազար ԱՄՆ դոլար։

Ներկայացված եկամուտներն են՝ անհատ ձեռնարկատեր Արամ Հարությունյանից ստացած 1 մլն 140 հազար դրամ վարձավճար, «Երևանի ավտոբուս» ընկերությունից ստացած 1 մլն 604 հազար 894 դրամ աշխատավարձ և 275 հազար 205 դրամ եկամտային հարկի վերադարձ։ Ընդամենը՝ 3 մլն 20 հազար 99 դրամ։

Հայտարարագրված են նաև երեք վարկային պարտավորություններ՝ 34 մլն 831 հազար 428 դրամ, 24 հազար 809.18 դոլար և 44 հազար 767.5 դոլար։ Նշված ընդհանուր գումարը՝ 60 մլն 287 հազար 447.91 դրամը, պարզաբանման կարիք ունի․ ներկայացված տվյալներից չի երևում, թե դոլարային պարտավորություններն ինչ փոխարժեքով և ինչ սկզբունքով են ներառվել ընդհանուր հաշվարկում։

Ունեցվածքի հայտարարագիրը պատգամավորի հաշվետվողականության մի մասն է։ Մյուսը նրա վարքագիծն է։ Իսկ երբ օրենսդիր մարմնի ներկայացուցիչը խորհրդարանում խոսում է «ոտը պոկելու» մասին, հարցն արդեն նրա բնավորությունը չէ․ հարցն այն է, թե իշխանությունն ինչ վարքագիծ է ընդունելի համարում իր պատգամավորի համար և ինչ պատասխանատվություն է պահանջում նրանից։

Նախկինում անգամ Շմայսը իրեն թույլ չէր տալիս նման փողոցային վարքագիծ, բայց ՔՊ-ի պատգամավոր Ռոման Համբարձումյանը իրեն դրսևորում է փողոցային վարքով, ինչը հեղափոխությունից հիասթափվածների թիվն ավելի է շատացնում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ուժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում․ ի՞նչ է անում Հայաստանը․ վերլուծաբան

Ուժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում․ ի՞նչ է անում Հայաստանը․ վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան-Իրանի հարցերով փորձագետ  Արամ Շահնազարյանը  գրել է. «Ուժերի նոր հարաբերակցությունը Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում և Հայաստանի դիվանագիտական երկընտրանքները Միջազգային հարաբերությունների ծայրահեղ լարվածության, դիվանագիտական խողովակների...

Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Վեհափառի գործով ինքնաբացարկ հայտնած դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել

Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների գործով ինքնաբացարկ հայտնած դատավոր Հակոբ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ ԲԴԽ կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ վարույթը հարուցվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից։ Ըստ...

Կաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է 10  անձ, այդ թվում՝ պաշտոնյա

Կաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ պաշտոնյա

Կաշառք ստանալու և տալու գործով ձերբակալվել է 10 անձ, այդ թվում՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Շիրակի մարզային բաժնի պետ Դավիթ Պողոսյանն ու նույն ստորաբաժանման ևս երկու պաշտոնյա, ԶԼՄ-ներին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Ըստ կոմիտեի՝ երեք պաշտոնյաներն էլ...

Թղթածրար՝ Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին․ ՀՅԴ Հայ դատ

Թղթածրար՝ Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին․ ՀՅԴ Հայ դատ

Հայ դատի կենտրոնական խորհուրդը (ՀԴԿԽ) հրապարակել է «Հայ պատանդներն Ադրբեջանում․ ռազմագերիներ, քաղաքացիական անձինք և քաղբանտարկյալներ» թղթածրարը՝ 2026 թ. հոկտեմբերի 29-ի թվակիրով։ Այն ներկայացնում է այն 20 հայերի վիճակը, որոնց Ադրբեջանը շարունակում է պահել Արցախի հայ...

Մուսալեռում բախվել են BMW-ն, Nissan-ն ու Toyota-ն․ BMW-ում եղած 4 ոստիկանից մեկը հիվանդանոցում է

Մուսալեռում բախվել են BMW-ն, Nissan-ն ու Toyota-ն․ BMW-ում եղած 4 ոստիկանից մեկը հիվանդանոցում է

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08:20-ի սահմաններում Էջմիածնի-Երևան ավտոճանապարհի Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում, դեպի Երևան ընթացող հատվածում բախվել են «BMW», «Nissan X-Trail» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։...