Ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը. հայտարարություն

7 Ապրիլի, 2025

Արցախի տեղեկատվական շտաբիի հայտարարությունը․

«Հարգելի՛ հայրենակիցներ,

Անդրադառնալով ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից սույն թվականի ապրիլի 5-ի հայտարարությանը, այն է. «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», հարկ ենք համարում ընդգծել, որ այն որևէ իրավական հիմք չունի և իրական խնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու անհաջող փորձ է:

Բռնի տեղահանությունից հետո Արցախի իշխանությունները ցուցաբերել են զսպվածություն՝ փորձելով խուսափել ավելորդ շահարկումներից և ազգամիջյան խնդիրներից: Սակայն, տեղեկատվական դաշտում պարբերաբար տեղ գտած սադրիչ հայտարարություններին չարձագանքելը հարուցում է հասարակության արդարացի դժգոհությունը:

Ստացվում է այնպես, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, հղում անելով Արցախի իրավական դաշտում երբևիցե գոյություն չունեցած փաստաթղթին, միաժամանակ անտեսում է Արցախի Հանրապետության անկախության մասին հռչակագիրը, սահմանադրությունը և օրենքները՝ նույն կերպ վարվելով Հայաստանի՝ Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ ունեցած պարտավորությունների պարագայում, այդ թվում՝ որպես անվտանգության երաշխավորի:

Արցախի Հանրապետության սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել հանրապետությունը: Հետևաբար, ոչ ոք չի կարող լուծարել համաժողովրդական հանրաքվեով ստեղծված պետությունը: Այդ լիազորության իրավատերը Արցախի ժողովուրդն է, և այն անբաժանելի է նրանից:

Արցախի Հանրապետության՝ այսպես կոչված լուծարման հրամանագիրը ստորագրվել է Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով ստեղծված ծանրագույն իրավիճակում, երբ Արցախը միայնակ էր մնացել հակառակորդի՝ տասնյակ անգամներ գերազանցող զինված ուժերի դեմ, երբ Ադրբեջանի գրոհային ստորաբաժանումները ներխուժում էին Ստեփանակերտ, շրջկենտրոններ և այլ բնակավայրեր, երբ բոլոր միջպետական ճանապարհները վերահսկվում էին նրանց կողմից, իսկ պաշտպանության բանակի մեծ մասը հայտնվել էր շրջափակման մեջ, և կար զինծառայողների ու Արցախի խաղաղ բնակչության ֆիզիկական ոչնչացման ուղիղ սպառնալիք, ինչպես նաև Ադրբեջանի կողմից արգելափակված ՀՀ-ի հետ կապող միակ ճանապարհի բացման խիստ անհրաժեշտություն՝ Արցախի ժողովրդի անվտանգ դուրսբերումն ապահովելու նպատակով:

Հիմնականում հայկական որոշ շրջանակների կողմից պարբերաբար հիշատակվող այդ թուղթը չէր կարող կոչվել փաստաթուղթ, քանի որ այն հակասահմանադրական էր, ավելին՝ հակասում էր «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքին, որի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանցում սահմանված ժամկետներում, սակայն ոչ շուտ, քան դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից՝ բացառությամբ այն դեպքերի, երբ օրենքով սահմանված է, որ տվյալ նորմատիվ իրավական ակտն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց հետո՝ անմիջապես:

Վերոնշյալ օրենքի 28-րդ հոդվածը նաև սահմանում է, որ նորմատիվ իրավական ակտերի հրապարակումն իրականացվում է նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (arlexsis.am) հրապարակելու միջոցով:

Այսպես կոչված հրամանագիրը՝ որպես փաստաթուղթ, տեղ չի գտել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում և չի հրապարակվել պաշտոնապես, այլ վերջինիս վերաբերյալ ադրբեջանական կողմի պահանջով մամուլի հաղորդագրություն է տարածվել Արցախի տեղեկատվական շտաբի էջերով, ինչը չի կարելի համարել փաստաթղթի պաշտոնական հրապարակում:

Հաշվի առնելով հետագա հնարավոր շահարկումները՝ Երևան տեղափոխվելուց օրեր անց նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագրով նույն հարթակում անվավեր է ճանաչվել 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հրամանագիրը, որի չհրապարակումը մեր կողմից ևս պայմանավորված էր մի շարք հանգամանքներով:

Ելնելով այս պարզ իրողությունից՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը որևէ իրավական խոչընդոտ չունի Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգ բերել Արցախի և նրա տեղահանված բնիկ ժողովրդի հարցը:

Այդ նպատակով պատրաստ ենք ՀՀ կառավարությանը տրամադրել բոլոր հիմնավոր փաստաթղթերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դրանք հրապարակել:

Հերթական անգամ կոչ ենք անում զերծ մնալ Արցախի իրավական դաշտում երբևէ գոյություն չունեցած փաստաթղթի շահարկումից»:

Նմանատիպ նյութեր

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը

Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, հայտնում է պատգամավոր Արեգա Հովսեփյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ 14 անձ է ձերբակալվել Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից...

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Պուտինն այսօր Սանկտ Պետերբուրգում կընդունի Ուիթքոֆին․ Ուշակով

Ուիթքոֆը ժամանել է Սանկտ Պետերբուրգ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուիթքոֆի բանակցությունները Սանկտ Պետերբուրգում կկայանան այսօր՝ օրվա առաջին կեսին։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի  Ուշակովը։ Նրա փոխանցմամբ՝  Պուտինի և Ուիթքոֆի այսօրվա հանդիպման...

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում բողոքի ցույցեր են․ նրանք դժգոհ են երկրի իշխանություններից

Ինդոնեզիայում ուսանողները միացել են բողոքի ցույցերի ալիքին։ Ակցիաների մասնակիցները դժգոհ են երկրի իշխանություններից, մասնավորապես՝ բնապահպանական իրավիճակի վատթարացումից (երկիրը խեղդվում է մշուշից), կոռուպցիայից և այլ խնդիրներից։   Երկրի խոշոր քաղաքներում բռնկված...

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Սասունյան

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրում է Կովկասի, Բալկանների, Կենտրոնական Ասիայի, Ռուսաս​տանի և Իրաքի հիմնախնդիրները։ Կենտրոնը պարբերաբար հրապարակում է հոդվածներ, որոնք աջակցում են Փաշինյանի կառավարությանը և քննադատում...

Թրամփի որդին դեմ է արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ պատերազմին․ The Atlantic

Թրամփի որդին դեմ է արտահայտվել Իրանի դեմ ԱՄՆ պատերազմին․ The Atlantic

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, դեմ է արտահայտվել Իրանի դեմ պատերազմին։ Այս մասին, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է The Atlantic ամսագիրը։ Պարբերականի տվյալներով՝ մասնավոր զրույցներում Թրամփ կրտսերը դեմ է արտահայտվել Մերձավոր Արևելքում...