ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի ելույթը․
«Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Հայաստանի քաղաքական ամբողջ դաշտի ամենագլխավոր մասում՝ մեր Ազգային ժողովի ամբիոնում։
Մեր երկիրը վերջին ութ տարվա ընթացքում անցել է բավական բարդ ժամանակաշրջան։ Մենք տեսել ենք մի քանի պատերազմներ, տեսել ենք հասարակական լարվածություն և տեսել ենք նաև տնտեսական մեծ սթրես։
Եվ այսօր, երբ մենք մեզ հարցնում ենք՝ ասում ենք՝ ի՞նչն է այն մոտիվացիան, այն դրական կողմը, որը մեզ ստիպում է նայել առաջ՝ դեպի մեր երազած ուժեղ Հայաստանը, մենք գտնում ենք այդ ուժեղ կողմը մի բանի մեջ։
Առաջին անգամ՝ հազարամյա պատմության մեջ, մեր վերջին գրեթե 700 տարվա մեջ, հայերն են որոշում իրենց ապագան։ Սա շատ կարևոր բան է։ Այսինքն՝ այստեղ Հայաստանի քաղաքական միտքն է, հայ ժողովրդի քաղաքական միտքն է։
Շատ ենք մենք ուսումնասիրել 1920 թվականի մեր առաջին անկախության փորձը և հանգել ենք մի եզրահանգման, որ եթե հայկական քաղաքական միտքը ճիշտ աշխատեր՝ անկախ կուսակցական դրսևորումներից, մենք կունենայինք ավելի ուժեղ և այլ մասշտաբներով երկիր։ Այսօր մենք նույն խնդիրների առաջ ենք՝ մի քիչ այլ պատմական ժամանակահատվածում։
Մեր երկիրը մեկ-երկու տարվա ընթացքում ունի մի քանի մարտահրավեր։
Առաջինը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրն է։ Խաղաղության պայմանագիրը առանցքային է մեր երկրի զարգացման համար և մեր մարդկանց, մեր հայրենակիցներին՝ մերոնց, Բաքվի բանտերից հետ բերելու համար։
Խաղաղության պայմանագիրը մեր երկրի առջև ծառացած կարևոր խնդիրներից երևի ամենակարևորներից մեկն է։ Մենք պետք է կարողանանք, հայ քաղաքական միտքը կարողանա լուծել այդ հարցը՝ մեկ ուղղակի, մեկ կարևոր հարց լուծելով զուգահեռ, որպեսզի թույլ չտա, որպեսզի թույլ չտրվի Ադրբեջանին հնարավորություն ստանալ խաղաղության պայմանագրի շրջանակներում ապահովել այնպիսի պայմաններ, որ ունենա ժողովրդագրական ներկայություն մեր երկրում։
Հայաստան տեղափոխման մեջ շատերը, գիտեմ, խոսույթի մեջ հարցնում էին՝ ի՞նչն է վտանգը, որ մենք տեսնում ենք։ Այդ վտանգը ես ուզում եմ ներկայացնել այսպես։
Մեզ կպատասխանեն՝ ադրբեջանցիները։ Ընտրություններից հետո Ադրբեջանում գիրք գրող, կրթության, գիտության նախարար, ով իրենց երեխաների համար ապահովում է գրքերը, որոնցով իրենք կրթություն են ստանում, հայտարարել է՝ ադրբեջանցիների վերադարձի հարցը «Արևմտյան Ադրբեջան» հիմնարար նշանակություն ունի ազգային նոր ինքնության ձևավորման գործում։
Հարգելի՛ներս, ալարմիզմ չէ։ Այնտեղ ձևավորում է նոր ազգային գաղափարախոսություն։ Նախկին ազգային գաղափարախոսության արդյունքը մենք տեսանք։
Մեր քաղաքական մտքի նպատակն է լուծել հարցն այնպես, որ ունենանք խաղաղություն, բայց ունենանք նաև ժողովրդագրորեն անվտանգ Հայաստան։
Այդ իսկ պատճառով իմ առաջարկն է։ Գիտեմ՝ շատ մեր նոր կոլեգաները ասացին, որ ինչու ենք ժողովրդին լարում այս հարցով։ Եկեք չլարենք։
Մենք ունենք առաջարկ։ Մեկ օրենքով այս հարցը լուծվում է։ Եկեք ընդունենք օրենք։ Մենք դա անվանում ենք «հակասաֆարովյան օրենք», որով ուղղակի իրավունք չենք տալիս ադրբեջանցիներին տասը օրից ավելի գտնվել մեր երկրում և ունենալ գույք կամ հող այստեղ։ Դրանով մեր հարցերը սպառվում են։ Դուք կարող եք լուծել այդ հարցը։ Մենք առաջարկ կանենք մոտակա ժամանակահատվածում և իրար հետ կարող ենք այդ հարցը մեր քաղաքական օրակարգից վերջապես հանել։
Ի դեպ, Թուրքիայի Հանրապետությունը այդպիսի օրենք ունի նաև։ Մեր երկրի քաղաքացիները իրավունք չունեն այնտեղ հող գնելու։
Երկրորդ մեծ մարտահրավերը, որ այսօր ունենք։ Մեր ժողովուրդը մեծապես՝ հարյուր հազարավոր մեր հայրենակիցներ, զբաղվում են գյուղատնտեսությամբ։ Դա մեր զբաղվածության նշանակալի մասն է։
Այսօր մեր գյուղացին կանգնած է մի խնդրի առջև՝ մեր տնտեսական հիմնական գործընկերոջ հետ հարաբերությունները լարված են, և տարվա կտրվածքով, տարվա վերջում, ավելի բարդ է լինելու։
Հնչել են հայտարարություններ, հնչել են պատասխաններ, որոնք լուծման չեն տանում, ամենայն հավանականությամբ։
Ի՞նչն է մեր տեսլականը։
Հայկական քաղաքական միտքը կարող է լուծել այս հարցը։ Ես վստահ եմ։
Հայկական քաղաքական միտքը կարող է կարգավորել հարաբերությունները հիմնական տնտեսական գործընկերոջ հետ։ Ես վստահ եմ, որովհետև բազում անգամներ եղել են ավելի սուր ժամանակաշրջաններ։
Գիտեմ, որ կան մարդիկ, ովքեր աշխատել են, ովքեր հարաբերություններ ունեն առաջին նախագահի կուսակցության հետ։ Կարող եք հարցնել։ Եղել են շատ ավելի սուր ժամանակահատվածներ մեր հարաբերությունների մեջ, բայց լուծվել են հարցերը՝ ճիշտ դիվանագիտության արդյունքում, ճիշտ իրար հետ շփվելու արդյունքում, և մենք շահել ենք։
Այստեղ կարևոր բան կա։ Մի հատ կարևոր նկատառում ունենանք, թե ինչի մասին է խոսքը։ Ութ տարվա ընթացքում մեր գյուղացիները երեք անգամ ավելի շատ վարկ ունեն, քան ունեին ութ տարի առաջ։ Բայց գյուղատնտեսությունը նույն մակարդակի վրա է, մինչև անցած տարի անկում էր ապրում։
Ի՞նչ է սա նշանակում։
Գյուղատնտեսական շրջանառության նույն պայմաններում մեր գյուղացին երեք անգամ ավելի շատ վարկ ունի, և եթե փակվում է վաճառքը դեպի մեզ համար շատ կարևոր տնտեսական գործընկերոջ շուկա, այս գյուղացիները սնանկանալու են։ Այս արտադրությունների տերերը սնանկանալու են։ Իրենց սեփականությունը, տները գնալու են բանկերին։
Սա մի մարդ չի, հազար մարդ չի, տասնյակ հազարավոր մարդիկ են։
Մենք պետք է լուծենք հարցը։ Հայ քաղաքական միտքը վեց ամսվա ընթացքում ունի մարտահրավեր և պետք է լուծի այս հարցը։ Այստեղ այդ հարցի լուծումը կարող է տրվել։
Երրորդ մարտահրավերը, որ ունի մեր երկիրը, դա Թուրքիայի հետ սահմանի բացումն է։ Պատմականորեն Թուրքիայի հետ սահմանը փակվել է Թուրքիայի նախաձեռնությամբ, բայց փակվել է ոչ թե ցեղասպանության պահանջի պատճառով, այլ հայկական զինված ուժերի ակտիվ գործողությունների և հաջողությունների պատճառով՝ մեր երկրորդ հայրենիքում։
Եվ ի՞նչ է դա մեզ համար նշանակում։
Թուրքիայի հետ հնարավոր է կարգավորել հարաբերությունները՝ առանց ցեղասպանության գաղափարի, առանց ցեղասպանության, մեր երկրի, մեր բազմաթիվ, բազմահազարանոց ընտանիքների անձնական հիշողությունների մոռացման, որովհետև գլխավոր հարցը, որ կա, ցավոք, լուծվել է, բայց լուծվել է արյունով։
Մեր խնդիրն է ապահովել, որպեսզի Թուրքիայի հետ սահմանը բացվի, բայց դա չարվի ցեղասպանության ճանաչման հաշվին։
Կարևոր բան է, քանի որ ցեղասպանության գաղափարը միավորում է մեզ և Սփյուռքին, քանի որ ցեղասպանության գաղափարը դա պատգամ է մեզ ապագայում, որպեսզի այլևս չկրկնվի։
Այստեղ կարևոր է նաև դաստիարակչական մեր ապագա սերնդի հետ աշխատանքը։
Ի՞նչ աշխատանք ունենք անելու մեր ապագա սերնդի հետ, որպեսզի մեր սերունդը գիտակցի, թե ինչ զոհությունների գնով ենք մենք հասել այսօրվան, ինչ զոհությունների գնով ենք մենք ստացել մեր փոքրիկ Հայաստանը։
Եվ դա մեր նախնիների արած քայլերն են՝ իրենց հավատից և լեզվից չհրաժարվելը։
Ես, մեր խմբակցությունը, պարոն Ռուբինյան, դեմ է քվեարկելու Ձեզ։
Եվ նաև կուզենայի, որ մեր հարաբերությունները Թուրքիայի հետ զարգանային այնպիսի ռակուրսով, որ մեր խելացի երիտասարդները Ադանան որպես քյաբաբ չճանաչեին, այլ իմանային, որ դա մեր հայրենիքի մի մասն է։
Հայաստանի Հանրապետություն չէ, այլ երկրի Հանրապետություն է, բայց իմ հայրենիքի մի մասն է»։
Մանրամասն՝ տեսանյութում։



