Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ Անկարան մտադիր է շարունակել Մոսկվայի և Կիևի հետ բանակցությունները՝ Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ։
Այսօր Ստամբուլում Էրդողանը բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկու հետ. հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ։
«Մենք ակտիվ ջանքեր ենք գործադրում Սև ծովում կայունությունը պահպանելու ուղղությամբ… Մենք կշարունակենք քննարկումները կողմերի հետ՝ նպատակ ունենալով ապահովել անվտանգ նավագնացությունը Սև ծովում», — հայտարարել է Էրդողանը Զելենսկու հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Թուրքիայի ղեկավարը նշել է, որ Սև ծովում քաղաքացիական նավերի վրա հարձակումներն անընդունելի են և հանգեցնում են էսկալացիայի։ Նրա խոսքով՝ Թուրքիայում անցկացված ռուս-ուկրաինական բանակցությունները արդյունավետ են եղել։
Էրդողանը հավելել է, որ թուրքական ընկերությունները կարող են իրենց ներդրումն ունենալ Ուկրաինայի վերականգնման գործում։





