Թաքեր Կարլսոնը բացահայտում է Փաշինյանի հարձակումը Հայոց եկեղեցու վրա՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ. Սասունյան

12 Նոյեմբերի, 2025

Յոթ տարի շարունակ Արևմուտքը լիովին հանդուրժել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ թույլ տալով նրան խուսափել ամեն տեսակ հակաժողովրդավարական քայլերի համար պատասխանատվությունից՝ առանց որևէ բողոքի այսպես կոչված Ազատ աշխարհի կողմից։

Փաշինյանը հայտարարում է, թե Արևմուտքը աջակցում է իր կառավարությանը, քանի որ ինքը ժողովրդավարություն է բերել Հայաստան, մինչդեռ իրականում նա հաստատել է միանձնյա իշխանություն, որը համանման է բռնատիրական վարչակարգի։

Արևմտյան երկրներն առանց որևէ քննադատության աջակցում են Փաշինյանին ոչ թե նրա համար, որ նշանակալի ներդրում է ունեցել ի նպաստ Հայաստանի, այլ որովհետև նա սպասարկում է իրենց շահերը։ Ամբողջ աշխարհը, այդ թվում՝ Ադրբեջանն ու Թուրքիան, մեծ ուրախությամբ ընդունում են Փաշինյանի մշտական զիջումները, որոնք հնարավորություն են տալիս նրանց պարտադրել իրենց կամքը Հայաստանին։

Անցյալ շաբաթ ամերիկացի պահպանողական քաղաքական մեկնաբան Թաքեր Կարլսոնը բացահայտեց Փաշինյանի կեղծ ժողովրդավարական դիմակը՝ միլիոնավոր ամերիկացիների առաջ։ Fox News-ի նախկին հայտնի լրագրող Կարլսոնը ներկայում վարում է Tucker Carlson Show-ն, որն ունի շուրջ հինգ միլիոն դիտորդ YouTube-ում և երեք միլիոն՝ Facebook-ում։

80 րոպեանոց հարցազրույցի ընթացքում Կարլսոնը զրուցեց Նարեկ Կարապետյանի՝ գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդու հետ, որը Փաշինյանի կողմից բանտարկվել է Հայ Առաքելական Եկեղեցու պաշտպանության համար, ինչպես նաև նրա փաստաբան Բոբ Ամստերդամի հետ։ Փաշինյանի կողմնակիցները փորձեցին վարկաբեկել հարցազրույցը՝ կեղծորեն պնդելով, թե Կարապետյանը Կարլսոնին վճարել է 400 հազար դոլար։

Հեռարձակման առաջին 48 ժամում հարցազրույցը X-ում (Twitter) դիտել է շուրջ 3 միլիոն մարդ՝ 15 հազար հավանումով, 5 հազար վերահրապարակմամբ և 2500 մեկնաբանությամբ։ YouTube-ում այն դիտել է մոտ 330 հազար մարդ, որը մինչ օրս հավաքել է 15 հազար հավանում և 4 հազար մեկնաբանություն։ Facebook-ում հարցազրույցը ստացել է 75 հազար դիտում, 1800 հավանում և 400 մեկնաբանություն։ Բացի այդ, հազարավոր մարդիկ դիտել են այն նաև կիսված Facebook-ի և Instagram-ի էջերում։

Զրույցը մեկնարկեց Հայոց ցեղասպանության փաստերի քննարկմամբ, որի ընթացքում Կարլսոնն սպանված հայերին նկարագրեց որպես «քրիստոնյա նահատակներ»։

Անդրադառնալով Փաշինյանի դերին Հայաստանում՝ Կարլսոնը նշեց․ «Հայաստանի վարչապետը, կարծես, նպատակ ունի ոչնչացնել ավանդական քրիստոնեությունը կամ Եկեղեցին»։ Նարեկ Կարապետյանը պատասխանեց․ «Վեց ամիս առաջ մեր վարչապետը սկսեց հարձակվել Հայոց եկեղեցու և նրա առաջնորդի վրա։ Նա ցանկանում է գահընկեց անել նրան և արդեն բանտարկել է երեք արքեպիսկոպոսների»։

Նարեկը պարզաբանեց, որ բարերար Սամվել Կարապետյանը ձերբակալվել է Փաշինյանի հրամանով այն բանից հետո, երբ լրագրողներին հայտարարել է․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայ ժողովրդի և Հայոց եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է Եկեղեցու և ժողովրդի վրա։ Եթե քաղաքական գործիչները չկարողանան լուծել այս հարցը, մենք մեր ձևով կմասնակցենք դրա կարգավորմանը»։ Փաշինյանը նաև հրամայել է բռնագրավել Կարապետյանի ընկերությունը, որի արժեքը գնահատվում է ավելի քան կես միլիարդ դոլար»։

Կարլսոնը հայտարարեց․ «Այս վարչապետը, որն ըստ սահմանման ակնհայտորեն բռնապետ է, հակադրվում է Եկեղեցուն։ Այսպիսով, նրա նպատակը Հայաստանում ուղղափառ և ավանդական քրիստոնեության ողնաշարը կոտրելն է՝ դրա համար օգտագործելով ոստիկանությանը»։

Նարեկը պատասխանեց․ Փաշինյանն այս քայլերը ձեռնարկում է, քանի որ նա «Թուրքիայից և Ադրբեջանից ստանում է ուղերձներ, թե պետք է փոխել Եկեղեցու պատմությունը, մոռանալ ցեղասպանությունը և ունենալ նոր եկեղեցական առաջնորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կնքելու համար»։

Այնուհետև Կարլսոնը զրուցեց Սամվել Կարապետյանի փաստաբան Բոբ Ամստերդամի հետ, որն ասաց. «Նոյեմբերի 14-15-ին Հայաստանում աղոթքի նախաճաշ է լինելու․․․ մինչդեռ իմ պաշտպանյալը՝ Սամվել Կարապետյանը, բանտում է։ Արքեպիսկոպոսներ են բանտարկվել, հոգևորականներ են բանտարկվել։ Երկրի ղեկավարը փորձում է պառակտել Եկեղեցին՝ մասնակցելով այն կարգալույծ քահանայի «պատարագին», որը հայտարարել է, թե պատրաստվում է հեռացնել Եկեղեցու առաջնորդին։ Այս մարդուն մեծարում են ամերիկացի քրիստոնյաները Երևանում, Հայաստանում։ Մի մարդու, որը հոգևորականներին անվանում է մարմնավաճառներ, մի մարդու, որը օգտագործում է այնպիսի խոսքեր, որոնք իմ պատկառելի տարիքում երբեք չեմ լսել, որ որևէ ղեկավար օգտագործած լինի եկեղեցու առաջնորդների հասցեին։ Եվ շատ զարմանալիորեն, այս աղոթքի նախաճաշը շարունակվելու է։ Ես դա անվանում եմ հեղինակության լվացման նախաճաշ։ ԱՄՆ կառավարությունը թույլ է տալիս, որ սա տեղի ունենա»։

Անդրադառնալով աղոթքի նախաճաշին՝ Ամստերդամը հավելեց․ «Կարծում եմ՝ Թրամփի երեխաներից մեկը պատրաստվում է մեկնել Հայաստան։ Վստահ եմ, որ Դոնալդ Թրամփ կրտսերը ևս գաղափար չունի, թե իրականում ինչ է տեղի ունենում այնտեղ։ Սա սարսափելի իրավիճակ է, քանի որ հնարավոր չէ հասնել լրատվամիջոցներին և ասել ճշմարտությունը։ ԱՄՆ-ում շատ բարձր պաշտոններ զբաղեցնող մարդիկ գործում են անտեղյակության պայմաններում և փորձում են մաքրել այնպիսի մարդկանց հեղինակությունը, ինչպիսին Փաշինյանն է։ Հայաստանում նրանք ոչ միայն եպիսկոպոսների են ձերբակալել, այլ նաև երեք քաղաքապետի, որոնք բարձրաձայնել են իրենց դիրքորոշումը և համարվել ոչ ցանկալի, ինչպես նաև ձերբակալել են Կաթողիկոսի ընտանիքի անդամներին՝ եղբորը և մեկ այլ հարազատի, կրկին՝ ամբողջովին կեղծ մեղադրանքներով»։

Ամստերդամն ապա դժգոհեց, որ Փաշինյանի վրա ճնշում է գործադրվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար՝ «Հայաստանի ժողովրդի ահռելի կորուստների հաշվին։ Կորսվում և պղծվում են մշակութային և եկեղեցական արժեքներ։ Ադրբեջանից վտարվել են 120 հազար [արցախցիներ], և ոչ ոք չի մտածում նրանց մասին։ Բաքվում ունենք 23 քրիստոնյա [հայ] պատանդներ, իսկ Հայաստանի վարչապետը նույնիսկ չի հիշատակել նրանց Թրամփի հետ հանդիպման ժամանակ։ Թրամփն է բարձրացրել այդ  հարցը։ Ապշեցուցիչ է, որ Հայաստանի վարչապետը կարծես մերժում է իր սեփական հայոց պատմությունը։ Նրանք Արարատ լեռը հանել են անձնագրային դրոշմներից։ Չեն խոսում ցեղասպանության մասին։ Հարձակվում են Եկեղեցու վրա։ Երկրի ղեկավարը ցանկանում է հեռացնել և նշանակել Կաթողիկոս։ Իհարկե, նա չի հասկանում՝ ինչ է առաքելական Եկեղեցին։ Առաքելական Եկեղեցի լինելու համար անհրաժեշտ է կենդանի կապ ունենալ առաջին առաքյալների հետ․ դա նշանակում է, որ ընտրությունը պետք է սրբագործվի եպիսկոպոսների ու Եկեղեցու առաջնորդների կողմից, այլ ոչ թե քաղաքական գործչի կամ աշխարհիկ իշխանության։ Զարհուրելի է, որ նա այսքան անտեղյակ է իր իսկ հավատից»։

Կարլսոնը արձագանքեց․ «Թվում է, թե դա նրա կրոնը չէ։ Այսինքն՝ նա, կարծես, հավատացյալ չէ»։

Ամստերդամը հավելեց․ «Սամվել Կարապետյանը միանգամայն սկզբունքային քրիստոնյա է, որն արդեն հինգերորդ ամիսն է, ինչ գտնվում է բանտում՝ առանց որևէ մեղքի, բացի Աստծուն փառաբանելուց։ Եվ հենց դրա համար էլ նա բանտում է»։

Այնուհետև Ամստերդամը քննադատեց ԱՄՆ կառավարությանը և Եվրամիությանը՝ Փաշինյանին աջակցելու համար․ «Մեր կառավարությունը, ինչպես նաև, անկեղծ ասած, ԵՄ-ն, որոշել են գործել այն սրիկա մարդու [Փաշինյանի] հետ, ում արդեն ճանաչում են»։

Հարցազրույցի ավարտին Ամստերդամը կոչ արեց հանրությանը ծանոթանալ «Նիկոլ Փաշինյանը և Սամվել Կարապետյանի ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հալածանքները» վերնագրով 61 էջանոց Սպիտակ գրքին, որը հասանելի է առցանց՝ freekarapetyan.com կայքում։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Նմանատիպ նյութեր

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ սեպտեմբերի 23-24-ը և 26-27-ը, -Արաբկիրում՝ սեպտեմբերի 24-26-ը,...

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Սիսիանցին վայելում է իր ընտրության արդյունքը. Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Փաստորեն, պարզվում է սիսիանցիները վախեցած են և նիկոլականների տարածած այն թեզը, թե բա «ազերի դասալիք ասկյարը միամիտ է մտել Շաքիի բնակչի տուն ու փլավ կերել, կոմպոտ խմել, ձեռքի հետ էլ վախից տան կնոջը ծանր վիրավորել...

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Արթուր Օհանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը․ «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքի հայտարարությունը՝ դաշինքի անդամ Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդման վերաբերյալ․ «Կեսգիշերին՝  հակակոռուպցիոն դատարանի «հայտնի» դատավորը, չունենալով որեւէ փաստական տվյալ, որեւէ հիմք,կալանավորեց դաշինքի անդամ Արթուր Օհանյանին մեկ...

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում հոկտեմբերի 3-ին ժամանակ առ ժամանակ, 5-7-ին` երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի...

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է. Գրել էինք, որ Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղի բնակիչ, հանգուցյալ Սայադ Աղամյանի առանձնատունը Ռուսաստանում ապրող նրա որդու կողմից ժառանգություն ստանալու գործընթացի ժամանակ խնդիրներ են առաջացել, նրան հայտնել են, որ անշարժ գույքի...