Սփյուռքի զորաշարժը՝ Հայաստանը Փաշինյանի կործանարար քայլերից փրկելու համար. Սասունյան

22 Ապրիլի, 2026

2026 թվականի ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով՝ համախմբելով 26 երկրներից, ներառյալ Հայաստանից և Արցախից ժամանած 160 քաղաքական գործիչների, համայնքային առաջնորդների, միջազգային իրավաբանների, հոգևորականների և մտավորականների։

Խորհրդաժողովի նպատակը Հայաստանի և Սփյուռքի հարաբերությունների համապարփակ գնահատումն էր շարունակվող ազգային մարտահրավերների և փոփոխվող աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում, միաժամանակ ընդգծելով համահայկական միասնական օրակարգի շուրջ համակարգված զորաշարժի անհրաժեշտությունը։

Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ։ Ամեն անցնող օր վարչապետ Նիկոլ Փաշինյանը զգալի վնաս է հասցնում Հայաստանի ազգային շահերին այնպիսի չափով, որ եթե նա շարունակի պաշտոնավարել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից հետո, ապա հայրենիքի գոյությունը կարող է հայտնվել մեծ վտանգի տակ։ Հայաստանին անհրաժեշտ է ունակ ղեկավար, որը կպաշտպանի երկրի ազգային շահերը բոլոր կողմերից եկող արտաքին միջամտություններից՝ Արևելքից, Արևմուտքից, Հյուսիսից, թե Հարավից։

Հայերը, որոնք այս վճռորոշ պահին անտեսում են հայրենիքի տհաճ իրավիճակը և ձեռքները ծալած նստում, նպաստում են նրա անկմանը։ Անկախ բնակության վայրից, յուրաքանչյուր հայ ունի սուրբ  պարտականություն՝ պաշտպանելու Հայաստանը նրա թշնամիներից՝ թե՛ երկրի ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս։

Ցավոք, Հայաստանի գրանցված ընտրողների մոտ կեսը հայտնել է, որ չի մասնակցելու առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այսպիսի անտարբերությունը հնարավորություն է տալիս շարունակելու այն քաղաքականությունը, որին մեծամասնությունը դեմ է: Յուրաքանչյուր գրանցված հայ ընտրող ունի քաղաքացիական պարտականություն մասնակցելու ընտրություններին և քվեարկելու հունիսի 7-ին: Նույնիսկ Սփյուռքում ապրող Հայաստանի քաղաքացիները պետք է ժամանեն Հայաստան՝ մասնակցելու քվեարկությանը:

Քարոզարշավի ռազմավարության տեսանկյունից ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է իրենց ջանքերը կենտրոնացնեն այն ընտրողների վրա, որոնք նախատեսում են չմասնակցել ընտրություններին, այլ ոչ թե ժամանակն ու ռեսուրսները վատնեն Փաշինյանի նվազող աջակիցներին համոզելու վրա։ Նրա հետևորդները շարունակելու են աջակցել նրան, քանի որ իրենց ապրուստը կախված է նրանից, նրանք կամ պետական ​​​​ծառայողներ են, որոնք ստանում են մեծ պարգևավճարներ, կամ օգտվում են մենաշնորհային բիզնես արտոնություններից։

Քաղաքական իրավիճակի հրատապության պայմաններում Փարիզի խորհրդաժողովը ստացավ առանձնահատուկ կարևորություն։ Մասնակիցների մեծ մասը, որոնք որևէ կուսակցության հետ կապ չունեին, համատեղ արձանագրեցին Հայաստանի առջև ծառացած վտանգները և պարտավորվեցին տուն վերադառնալուն պես ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ իրենց համայնքների անդամներին զորաշարժելու նպատակով։ Հատկանշական է, որ խորհրդաժողովին մասնակցում էին Հայաստանի երեք նախկին վարչապետները՝ Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Հրանտ Բագրատյանը։

Ֆրանսիայի Հայ Առաքելական Եկեղեցու թեմի առաջնորդ Գրիգոր եպիսկոպոս Խաչատրյանն ընթերցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղերձը: Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինը մասնակիցներին դիմեց տեսաուղերձով: Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար և Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն անձամբ ելույթ ունեցավ խորհրդաժողովում:

Խորհրդաժողովում 19 բանախոսներ ելութ ունեցան չորս պանելային քննարկումներում․

1. Սփյուռքի ռազմավարական դերն ազգային հիմնախնդիրների լուծման մեջ. ո՞րն է Սփյուռքի քաղաքական օրակարգը։

2. Ազգային արժեքների և Հայոց եկեղեցու կարևորությունը Սփյուռքում՝ հայկական ինքնության պահպանման համար․ նոր իրավիճակի մարտահրավերները։

3. Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հիմնահարցեր և հորիզոններ։

4. Սփյուռքի զորաշարժ և վերաշխուժացում՝ հանուն համազգային նպատակների։

Որպես խորհրդաժողովի բանախոսներից մեկը՝ իմ ելույթում ափսոսանք հայտնեցի, որ Հայաստանի իրարահաջորդ կառավարությունները Սփյուռքը լիարժեք չեն օգտագործել որպես թանկարժեք ռեսուրս։ Փաշինյանի վարչակազմի կողմից Սփյուռքի նախարարության փակվելուց հետո Սփյուռք-Հայաստան հարաբերությունները հասել են իրենց ամենացածր մակարդակին՝ Հայաստանի անկախությունից ի վեր։ Փաշինյանը հաճախ  նսեմացնում և հակադրում է Սփյուռքին, այդպիսով իր կառավարությանը հեռացնելով Սփյուռքի մտահոգություններից։

Փաշինյանի տեսակետներն ու դիրքորոշումները էականորեն շեղվում են հայկական արժեքներից և առաջնահերթություններից։ Նա բացահայտորեն քննադատել է ազգային խորհրդանշանները՝ Արարատ լեռը, պետական զինանշանը և ազգային օրհներգը։ Վերանվանելով «Հայոց պատմության» դասագրքերը «Հայաստանի պատմության»՝ նա փոքրrացրել է հայկական ինքնության պատմական ընդգրկումը։ Փաշինյանը կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության իսկությունը, իսկ կրծքին կրում է «Իրական Հայաստանի» քարտեզը՝ փորձելով մոռացության մատնել պատմական Հայաստանը։

Անվտանգության և ինքնիշխանության հարցերում՝ Փաշինյանը հանձնել է Արցախը Ադրբեջանին, հրաժարվել է Հայաստանի Հանրապետության 220 քառակուսի կիլոմետր տարածքից՝ հօգուտ Ադրբեջանի, Արցախի հարցը համարում է փակված, մինչդեռ Արցախի ղեկավարները շարունակում են մնալ Բաքվի բանտում, և կազմել է սև ցուցակ այն սփյուռքահայերի, որոնք պարզապես նրա քաղաքականության հետ անհամաձայն լինելու պատճառով զրկվել են Հայաստան այցելելու իրավունքից։

Բացի այդ, նա ձեռնարկել է առճակատման քայլեր Հայ Առաքելական Եկեղեցու դեմ՝ ներառյալ բարձրաստիճան հոգևորականների կալանավորումը։ Նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է պաշտոնական համաժողով կազմակերպելու ծրագրերի մասին՝ բացառապես «Սփյուռքի պետականակենտրոն կազմակերպությունների» համար։

Եզրափակելով իմ ելույթը՝ առաջարկեցի մեխանիզմ, որը կկարողանա միավորել միլիոնավոր սփյուռքահայերի մեկ միասնական կառույցի մեջ՝ ձևավորելով սփյուռքահայերի Խորհրդարան, որը կընտրվի Սփյուռքի տարբեր համայնքների անդամների կողմից։

Խորհրդաժողովի ավարտին, ի զարմանս ինձ, Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանն ինձ հանձնեց Արցախի Հանրապետության շնորհակալագիր, որտեղ նշված էր. «Խորին երախտագիտություն եմ հայտնում Ձեզ, բռնի տեղահանված արցախահայերի իրավունքների պաշտպանության և իրենց պատմական հայրենիք անվտանգ ու արժանապատիվ վերադարձի ապահովման գործում ներդրած մեծ ավանդի համար»:

Պատիվ էր ճանաչումը, սակայն ավելի կարևոր է այն պատասխանատվությունը, որ կիսում են աշխարհասփյուռ հայերը՝ վճռականորեն գործելու այս առանցքային պահին։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Նմանատիպ նյութեր

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»

Արզաքանցյանի շուրջ սկանդալը նոր փուլ է մտնում. կնոջ ծեծի դիմումով վարույթ է նախաձեռնվել. «Ժողովուրդ»

Երեկ  տեղեկացրել ենք, որ գործարար և քաղաքական գործիչ Տիգրան Արզաքանցյանի նախկին կինը՝ Նատալյա Ռոտենբերգը, իրավապահ մարմիններին բողոք է ներկայացրել՝ պնդելով, թե ամուսնության տարիներին պարբերաբար ենթարկվել է բռնության Տիգրան Արզաքանցյանի կողմից: «Ժողովուրդ» օրաթերթը...

Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»

Բաքվի նոր ականը խաղաղության պայմանագրի տակ. ինչո՞ւ է լռում Երևանը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հերթական անգամ բախվում է Բաքվի կողմից առաջադրվող նոր, բովանդակային առումով վտանգավոր նախապայմանների։ Այսպես կոչված՝ «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» նախագահ, Միլի մեջլիսի պատգամավոր Ազիզ...

Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են գրանցվել. երկրում արտակարգ դրություն է

Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են գրանցվել. երկրում արտակարգ դրություն է

Վենեսուելայում 7,2 և 7,5 մագնիտուդով հզոր երկրաշարժեր են գրանցվել. երկրում արտակարգ դրություն է հայտարարվել: Ըստ նախնական գնահատականների՝ զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով՝ երկրորդ երկրաշարժը տեղի է ունեցել...

6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը․ «Ժողովուրդ»

6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի 2021-2025 թվականների հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պաշտոնյան տարիների ընթացքում ունեցել է զգալի ֆինանսական շարժ, անշարժ գույքի աճ և փոփոխվող պարտավորություններ։ «Ժողովուրդ»...

Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ»

Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Իշխանությունը մտադիր է մեգահամայնքներ ձեւավորել, շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում են արդեն խոշորացված համայնքների նոր խոշորացումներ։ Առաջին փուլում դիտարկում են Արարատի մարզի Արարատ եւ Վեդի համայնքների միավորումը,...