Պետական եկամուտների կոմիտեն կոպտորեն սրբագրել է ամիսներ առաջ իր իսկ տրամադրած վիճակագրական տվյալները՝ հայտնվելով զավեշտալի հակասության մեջ: Եթե նախկինում հրապարակված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 2025 թվականի միայն առաջին տասն ամիսներին (հունվար-հոկտեմբեր) Հայաստանում գործունեությունը դադարեցրել էր 30,169 հարկ վճարող, ապա տարեկան ամփոփիչ հաշվետվության մեջ այդ թիվը խորհրդավոր կերպով «նվազել» ու հասել է 17,238-ի։ Գրում է News.am-ը:
Պետական եկամուտների կոմիտեն նման անհարմար իրավիճակում է հայտնվել, երբ փորձել է NEWS.am-ի հստակ հարցադրումներին սպառիչ պատասխանելու փոխարեն վիճակագրական «աճպարարությամբ» ակտիվ հարկ վճարողների քանակ ապահովել: Մասնավորապես՝ 2026 թվականի հունվարի 26-ին NEWS.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Պետական եկամուտների կոմիտեին՝ խնդրելով հայտնել, թե 2025 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին քանի՞ առևտրային կազմակերպություն և անհատ ձեռնարկատեր են իրենց գործունեությունը ժամանակավորապես դադարեցրել: Ի պատասխան՝ ՊԵԿ-ից փորձել են բացատրել, որ եթե իրենք տրամադրեն մեր պահանջած տվյալը, «պատկերը ճիշտ չի լինի», փոխարենը տրամադրել են իրենց պատկերացրած տվյալները:
Հարկային գերատեսչությունից մասնավորապես հայտնել են. «Հարկ վճարողների գործունեության դադարեցման վերաբերյալ տեղեկատվության շրջանակներում հարկ է ի նկատի ունենալ, որ բիզնես միջավայրը ներկայում շատ արագ է փոփոխվում և դինամիկ է՝ պայմանավորված գործող որոշ բիզնեսների դադարեցմամբ, վերակազմակերպմամբ ու նոր բիզնեսների գրանցմամբ: Եթե դիտարկենք միայն գործունեությունը դադարեցրած հարկ վճարողների քանակը այն դեպքում, երբ դեռևս ավարտված չէ հաշվետու ժամանակաշրջանը, ապա պատկերը ճիշտ չի լինի, քանի որ դադարեցումներին զուգահեռ գրանցվում են նաև նորերը, և այդ տվյալներում իրենց դերն ունեն սեզոնային առանձնահատկություն ունեցող ոլորտները: Նշվածի համատեքստում հարկ եմ համարում նշել, որ վարչարարության և օրենսդրական փոփոխությունների նկատմամբ բիզնես ոլորտի արձագանքն առավել ճշգրիտ արտահայտվում է յուրաքանչյուր ժամանակաշրջանում բիզնես գործունեություն իրականացնող հարկ վճարողների քանակային ցուցանիշներով: 2024 թ.-ին գործունեություն են իրականացրել 136,448 հարկ վճարող, որոնցից 2025 թ.-ին 17,238 հարկ վճարող դադարեցրել է գործունեությունը: Սակայն դրան զուգահեռ 22,485 հարկ վճարող սկսել կամ վերսկսել է գործունեությունը, ինչի արդյունքում ակտիվ հարկ վճարողների քանակը 2025 թ.-ի արդյունքներով կազմել է 141,695: Ուստի ակտիվ հարկ վճարողների քանակը 2025 թ.-ին 2024 թ.-ի համեմատ աճել է 5,247-ով, որոնցից 4,906-ը փոքր հարկ վճարողներ են»:
Մինչդեռ հարկ է հիշեցնել, որ դեռևս 2025 թվականի նոյեմբերին NEWS.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ը հայտնել էր, որ 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում իրենց գործունեությունը դադարեցրել են 30,169 հարկ վճարողներ, որոնցից 22,850-ը՝ անհատ ձեռնարկատերեր, իսկ 6,950-ը՝ առևտրային կազմակերպություններ, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածում իրենց գործունեությունը դադարեցրել են 21,720 հարկ վճարողներ՝ այդ թվում 15,632 անհատ ձեռնարկատերեր և 5,758 առևտրային կազմակերպություններ:
Հիշեցնենք, որ 2025 թվականի հունվարից կրկնակի բարձրացվել են փոքր և միջին ձեռնարկատիրության հարկման հատուկ համակարգում գործող հարկման դրույքաչափերը` շրջանառության հարկը, իսկ հուլիսից մասնագիտական ծառայությունների հարկումը բերվել է ընդհանուր հարկման դաշտ:
Ավելի վաղ NEWS.am-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին, նշել էր, որ այս փոփոխություններից հետո բազմաթիվ ՓՄՁ-ներ՝ այդ թվում մասնագիտական ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր, փոքր արտադրություններ, գեղեցկության սրահներ և այլն, դադարեցրել են իրենց գործունեությունը, որոշ մասն էլ, ենթադրաբար, գործունեություն է ծավալում ստվերում:
Այսպիսով՝ ՊԵԿ-ի տրամադրած նոր՝ թարմ վիճակագրությունը ոչ միայն հերքում է հենց իրենց կողմից ամիսներ առաջ տրամադրված տվյալները, այլև փորձում է քողարկել հարկային բեռի ավելացման հետևանքով փոքր բիզնեսի զանգվածային դադարեցումների իրական պատկերը։ Ստացվում է, որ գերատեսչության համար տնտեսական «դինամիկայի» պատրանք ստեղծելն ավելի կարևոր է, քան հարկային փոփոխություններից տուժած տասնյակ հազարավոր տնտեսվարողների ճակատագրի վերաբերյալ անկողմնակալ տվյալներ ներկայացնելը:






