Փաշինյանը վտանգում է Հայաստանի անկախությունը. «Հրապարակ»

17 Մարտի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Նոր սահմանադրության նախագծի տեքստն արդեն պատրաստ է։ Եվ նախատեսվում է այն քննարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում, նաեւ՝ խմբակցությունում։ Այս մասին արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստի ընթացքում երեկ հայտարարել է նախարար Սրբուհի Գալյանը: «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը շատ ակտիվ աշխատում է: Մենք ամեն շաբաթ նիստեր ենք հրավիրում: Եվ տեքստն արդեն պատրաստ է, ինչպես եւ խոստացել էի: Բայց հրապարակման մասով դեռ նորություններ չունեմ, որովհետեւ որոշվել է տեքստը քննարկել նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում եւ խմբակցությունում: Դրանից հետո տեքստը հրապարակելու մասով որոշում կկայացվի»,- ասաց նախարարը:

Նոր մայր օրենք ունենալու գլխավոր ինտրիգը գործող Սահմանադրության նախաբանում առկա հղումն է Անկախության հռչակագրին, որն Ադրբեջանին դուր չի գալիս: Այն հանելու վերաբերյալ իր մտադրության մասին մոտ մեկ տարի առաջ արտահայտվել է Նիկոլ Փաշինյանը՝ տուրք տալով Ադրբեջանի նախագահի պահանջներին: Ընդ որում, մի անգամ արդեն Սահմանադրական դատարանը դրան անդրադարձել է, երբ վավերացվում էր սահմանազատման կանոնակարգը։ ՍԴ-ն որոշեց, որ Հռչակագրում տարածքային պահանջներ չկան, եւ այն չի կարող հետեւանքներ առաջացնել։ Բայց Ադրբեջանին դա չբավականացրեց։ Նրանք շարունակեցին պնդել, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, եւ նոր սահմանադրության մեջ չպետք է լինի Անկախության հռչակագրի տեքստը։ Օրերս Նիկոլ Փաշինյանն ավելի հստակ պնդեց իր դիրքորոշումը. «Նոր սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ Ասեմ՝ ինչու, որովհետեւ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել»:

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելը խաղաղության համաձայնագրի ստորագրմանը միակ նախապայմանն է այսօր։ Մեր Հռչակագիրը, ըստ Ադրբեջանի, իրենց նկատմամբ տարածքային հավակնություններ է պարունակում: Իսկ Անկախության հռչակագրում հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի ու Հայաստանի միավորման մասին։ «Եթե կենտրոնանանք միայն խաղաղության համաձայնագրի վրա՝ չլուծելով Սահմանադրության հետ կապված խնդիրը, դա կնշանակի, որ խաղաղության համաձայնագիրը զրո է, որովհետեւ կհակասի երկրի մայր օրենքին, եւ այս խնդիրը մենք արդեն երկու տարուց ավելի է՝ բարձրաձայնում ենք»,- ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարարը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, որ սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ է, սակայն տեւական ժամանակ է՝ չի մասնակցում նիստերին, հայտարարելով, որ դեմ է Ալիեւի կողմից «տնային աշխատանք» հանձնարարելուն եւ Հայաստանի կողմից այն կատարելուն, ըստ այդմ՝ Հռչակագիրը Սահմանադրության նախաբանից հանել չի կարելի, երեկ մեզ հետ զրույցում կրկին պնդեց՝ Հռչակագրից հրաժարվելը կնշանակի Հայաստանի անկախությունը վտանգի տակ դնել։ «Հայաստանի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումը՝ կնշանակի հանել Հայաստանի ծննդականը, կնշանակի չկա նման պետություն։ Նիկոլ Փաշինյանը գործում է մեր անկախության դեմ»,- ասում է Մարուքյանը։ «Երբ Փաշինյանը հայտարարում է, թե մեր Հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է, նա, ըստ էության, ցուցմունք է տալիս մեր պետության դեմ՝ որ իր երկիրն է, որ կոնֆլիկտ է հրահրել։ Այսինքն, Սովետական Միության փլուզումից հետո նա պնդում է, որ կոնֆլիկտ հրահրողը մենք ենք՝ սա ադրբեջանական թեզ է»։ Որպեսզի մեր անկախությունը չվտանգենք, Մարուքյանի առաջարկած լուծումն այն է, որ Փաշինյանը չպետք է ընտրվի վարչապետ, որ չոչնչանա մեր պետության «ծննդականը»․ «Դրանից հետո մենք Սահմանադրական դատարանի որոշումով շարունակում ենք բանակցությունները, որ տարածքային պահանջ չունենք, ու կնքում ենք խաղաղության պայմանագիր։ Եթե Փաշինյանը մնում է վարչապետ, իրեն օգտագործում են էս երկիրը վերացնելու համար, փափուկ ուժով, ինչ ասում են՝ անում է»։

Նոր սահմանադրության տեքստն իշխող խմբակում քննարկելուց հետո քննարկումները պետք է տեղափոխվեն նաեւ Սահմանադրական խորհուրդ, որտեղ էլ կշարունակվեն քննարկումները, ապա քվեարկության կդրվի տեքստը, որպեսզի իբրեւ նախագիծ ներկայացվի հանաքվեի։ Մարուքյանը նշում է, որ փորձելու է խափանել այդ փոփոխությունը, ասում է, որ խորհրդում մեկ-երկու հոգի եւս դեմ են Հռչակագիրը հանելուն։ Մենք տեղեկացանք, որ մեկը Արթուր Սաքունցն է։

«Բայց ո՞վ է Անկախության հռչակագիրն ուժը կորցրած ճանաչում։ Կներեք, Բրիտանիայի ծննդյան վկայականը որտե՞ղ է, կամ Բրիտանիան, որ չունի անկախության հռչակագիր, դադարո՞ւմ է պետություն լինելուց, լուրջ չէ»,- Մարուքյանին հակադարձում է Դանիել Իոաննիսյանը։ «Ինձ համար շատ ավելի կարեւոր է Սահմանադրությունում, օրինակի համար, ընդդիմությունը Քննիչ հանձնաժողով ստեղծելու իրավունք ունենա, կամ հակակոռուպցիոն մարմինները սահմանադրական երաշխիքներ ունենան, քան որեւիցե կարգավորում, որն իրավական ուժ չունի, այդ թվում՝ Հռչակագիրը»,- կարծում է Իոաննիսյանը։

Սահմանադրությունը կփոխվի, թե ոչ՝ կախված է ընտրությունների արդյունքներից։ Հիշեցնենք․ որպեսզի բանը հասնի հանրաքվեին, պետք է Ազգային ժողովի 2/3-ը կողմ քվեարկի Սահմանադրության նախագծին, ձայների պարզ մեծամասնությունը բավարար չէ։

Նմանատիպ նյութեր

Քննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». դատվելո’ւ եք, պարոնայք. Ագնեսա Խամոյան

Քննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». դատվելո’ւ եք, պարոնայք. Ագնեսա Խամոյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է. «Հարկային ստուգումների անվան տակ Քննչականը հերթական բիզնեսն է կապարակնքել։ Սա այն է, ինչի մասին ԱԺ իմ ելույթում զգուշացնում էի. Քննչականն ու ՊԵԿ-ը ձեռք ձեռքի բռնած դարձել են իշխանության ձեռքի նոր պատժիչ...

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է հաշվի առնել Իրանի պահանջները Թեհրանի հետ միջուկային ոլորտում համագործակցություն կառուցելիս, «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ «Մենք կարող ենք այդ...

Եթե դու ՔՊ-ին քվեարկել ես, պետք է պատրաստ լինես տունդ կիսել ադրբեջանցիների հետ․ քաղաքագետ

ԵԽԽՎ զեկույցը, հայ-ռուսական հարաբերությունները, Մոսկվայի հնարավոր պահանջները, Ադրբեջանի՝ Հայաստանի նկատմամբ առաջ քաշվող պահանջներն ու «Արևմտյան Ադրբեջան» թեզը․ այս և այլ հարցեր YerevanToday-ի տաղավարում քննարկել ենք քաղաքագետ Բենիամին...

«Խաղաղություն՝ ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում. քաղաքագետ

«Խաղաղություն՝ ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում. քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ադրբեջանը հետևողականորեն մեծացնում է իր հարվածային ուժը։ Շեշտում եմ` ո՛չ պաշտպանական կարողությունները, այլ հարձակողական։ Հարվածային ուժի շեշտակի աճը ո՛չ միայն նպատակ ունի անշրջելի դարձնել տարածաշրջանում ձևավորված նոր...

Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ԱԺ հաստատմանը

Բյուջեի նախագիծը կուղարկվի խորհրդարան՝ ԱԺ հաստատմանը

Կառավարությունը հավանություն է տվել 2027 թվականի պետական բյուջեի նախագծին։ Նշվում է, որ 2027 թվականի Հայաստանի համախմբված բյուջեի եկամուտները նախատեսվում են 3 տրիլիոն 829.9 միլիարդ դրամ, իսկ ծախսերը՝ 4 տրիլիոն 298.1 միլիարդ դրամ։ Բյուջեի պակասուրդը կկազմի 468.2...