Պահանջում ենք ՀՀ ԱԳՆ-ից՝ անհապաղ վերանայել դիրքորոշումը. հայտարարություն

8 Ապրիլի, 2025

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՀԿ-ների ցանցի հայտարարությունը Արցախի  հարցի չլուծված կարգավիճակի և Հայաստանի արտաքին գործերի նախարարության դիրքորոշման վերաբերյալ․

«Արցախահայերի իրավունքների պաշտպանության քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) ցանցը խորը մտահոգությամբ և անհանգստությամբ է արձագանքում Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱԳՆ)՝ «Ազատություն» ռադիոկայանի հարցմանն ի պատասխան տրված պաշտոնական հայտարարությանը, համաձայն որի «Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից»:

Նման դիրքորոշումը անընդունելի է և հակասում է ինչպես հայ ժողովրդի կենսական շահերին, այնպես էլ միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և մարդու իրավունքների համընդհանուր չափանիշներին։

Իրավական հիմնավորում և դիրքորոշում․

1. Արցախի հարցը չի կարող «դուրս գալ օրակարգից». Ավելի քան 150,000 արցախահայերի բռնի տեղահանումը իրենց պատմական հայրենիքից հանդիսանում է էթնիկ զտման ակնհայտ դրսևորում, որը միջազգային հանրության կողմից չի կարող և չպետք է ճանաչվի որպես օրինական կամ իրավաչափ իրողություն:

2. Միջազգային-իրավական պարտավորությունների անտեսում. Միջազգային իրավունքի համաձայն՝ արձանագրում ենք, որ դիվանագիտության ոչ բավարար արդյունքները որպես իրավական իրողություն ներկայացնելն անթույլատրելի է։ Սա նշանակում է հրաժարվել արցախահայության հիմնարար իրավունքներից և լեգիտիմացնել Ադրբեջանի կողմից իրականացված բռնությունները:

3. Միջազգային մարդասիրական իրավունքի խախտում. Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ բռնի տեղահանված բնակչության իրավունքների պաշտպանության և վերադարձի հարցը պետք է մնա միջազգային օրակարգում մինչև դրա արդարացի լուծումը։ Այն չի կարող «դուրս գալ օրակարգից» միայն այն պատճառով, որ հակամարտության մեկ կողմը միակողմանի հրամանագիր է ընդունել:

4. Պաշտպանության պարտավորության անտեսում. Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն ունի պաշտպանելու հայության, այդ թվում՝ արցախահայության շահերը միջազգային ատյաններում։ Փաստացի արդյունքները վկայում են, որ արցախահայությունը մնացել է առանց պատշաճ պաշտպանության և ստիպված է եղել լքել իր պատմական հայրենիքը:

5. Միջազգային իրավունքի տեսանկյունից հակաիրավական հղումներ. Ոչ օրինական և ոչ իրավական է հղում կատարել «Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրին»։ Ուժի կիրառմամբ և սպառնալիքով պարտադրված փաստաթուղթը չի կարող դիտարկվել որպես օրինական և միջազգայնորեն ճանաչված իրավական հիմք: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Արցախի Հանրապետության օրենքի համաձայն՝ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում բացառապես դրանց պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, եթե այլ ժամկետ սահմանված չէ: Հատկանշական է, որ այդ հրամանագիրը որպես իրավական փաստաթուղթ տեղ չի գտել նորմատիվ իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում (arlexsis.am) և չի հրապարակվել պաշտոնապես:

Մեր իրավական պահանջները․

1. Պահանջում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության դրույթները և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, անհապաղ վերանայել իր դիրքորոշումը և հրապարակավ հաստատել, որ Արցախի հայության իրավունքների պաշտպանության, անվտանգության և վերադարձի հարցը շարունակում է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն՝ անկախ Ադրբեջանի միակողմանի ապօրինի գործողություններից:

2. Պահանջում ենք Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանման, էթնիկ զտման և վերադարձի հարցը ներառել Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի բանակցություններում որպես անբաժանելի բաղադրիչ:

3. Կոչ ենք անում միջազգային հանրությանը, ՄԱԿ-ին, Եվրոպայի խորհրդին, ԵԱՀԿ-ին և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կառույցներին՝ չճանաչել էթնիկ զտման արդյունքները, պահանջել Ադրբեջանի Հանրապետությունից հարգել միջազգային իրավունքը և ապահովել արցախահայերի անվտանգ ու արժանապատիվ վերադարձը իրենց բնակավայրեր՝ միջազգային երաշխիքների, մշտադիտարկման և պաշտպանության մեխանիզմների ներքո:

Արցախահայության կյանքն ու ապագան չեն կարող դառնալ միջպետական բանակցությունների զիջվող կետեր։ Մենք պահանջում ենք արդարություն, պատասխանատվություն և մեր ժողովրդի իրավունքների պաշտպանություն՝ համաձայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների:

Արցախից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության ՔՀԿ-ների ցանց

«Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ

«Հարմոնիա» ՀԿ

«Հադրութի դեօկուպացիա» ՀԿ

«Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ

«Շուշիի դեօկուպացիա» ՀԿ

«Կումայրի» արցախահայերի ՀԿ

«Վերադարձ դեպի Քարվաճառ» ՀԿ

«Կռունկ» արցախահայերի իրավունքների պաշտպանության ՀԿ

«Ասկերանցիներ» համայնքի զարգացման կենտրոն ՀԿ

«Հայը կա» սոցիալական, անվտանգային և զարգացման ՀԿ

«Լուսաստղ» ՀԿ

08.04.2025թ.»։

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...