Մյունխեն 2026․ միջանցք, միջամտություն Հայաստանի ներքին գործերին, անցած օրերի «փառքը» և ․․․․ երիտասարդ Սծյոպա Սաֆարյանը․ պատգամավոր

15 Փետրվարի, 2026

ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Այս տարի Փաշինյանը Մյունխենի խաղաղության կոնֆերանսին չէր մասնակցում։ Ի դեպ, չէր մասնակցում նաև Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին։ Մի քանի ժամով Դավոս թռնելը և այնտեղ Թրամփի ստեղծած խաղաղության խորհրդի ստեղծման թուղթը ստորագրելու արարողությանը մասնակցելը միայն այնքանով տնտեսական ֆորումի հետ կապ ուներ, որ նույն քաղաքում նույն ժամանակ էր կազմակերպվել։ Փաշինյանը Դավոսի ֆորումին չէր մասնակցել։ Չգիտեմ, միգուցե չէին հրավիրել, կամ հրավիրել էին, բայց հետո որևէ մեկը ցանկություն չէր հայտնել հանդիպել, ինքն էլ Խաչատուրյանին էր ուղարկել։ Իրոք չգիտեմ, գիտեմ, որ չէր մասնակցել։
Սակայն, վերադառնանք Մյունխեն։ Փաշինյանը չկար։ Մարկո Ռուբիոյի՝ ազգային պետության ազգային շահի շուրջ ձևավորվող արտաքին քաղաքականության վերաբերյալ քննարկումներին չէր մասնակցել։ Դե, դա էլ է հասկանալի։ Իր համար ազգային շահն ապահովելու միակ տարբերակը լեգիտիմությունն է։ Իրեն մանր մունր ազգային բան ման չի հետաքրքրում, իրանը լեգիտիմությունն է։ Բայց այսօր լեգիտիմությունը ոչ ոքի չի հետաքրքրում։
Փաշինյանը չկար, Ալիևը կար, գնացել էր կնոջ ու աղջկա հետ։ Մյունխենում նա մի քանի հետաքրքիր հայտարարություն արեց։ Երևի Փաշինյանը գիտեր, թե իր քարդաշն ինչ էր ասելու ու երևի դրա համար էլ չկար, թե չէ ինչպես պիտի արձագանքեր։ Ալիևը Մյունխենում հույս էր հայտնել, որ «խաղաղության համաձայնագիրը կստորագրվի այս տարի»։ Սակայն, դրա համար պայման էր դրել՝ բառացիորեն ասելելով, որ «խաղաղության համաձայնագիրը կստորագրվի Հայաստանի սահմանադրության փոփոխության հաջորդ օրը»՝ դարձյալ պնդելով, որ մեր սահմանադրությունն իրենց նկատմամբ տարածքային հավակնություններ ունի (Փաշինյանը, Ալիևի ականջը խուլ, այդ միտքը հերքում է)։
Ալիևը մեկ այլ հայտարարություն էլ էր արել։ «Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջին արյունալի բախման և Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի միջև ընկած ժամանակահատվածը երկու տարուց էլ պակաս էր»,- ասել էր Ալիևը։ Վաշինգոտնի «գագաթնաժողովից» երկու տարի առաջ Ադրբեջանը, ինը ամսվա պաշարումից հետո, Հայաստանի դավադիր անգործության պայմաններում, հարձակվել էր Արցախի Հանրապետության վրա, արցախահայերի էթնիկ զտման ենթարկել ու բռնազավթել Արցախի Հանրապետությունը։ Փաստորեն, որքան էլ պաշտոնական Երևանը փորձեր ձեռքերը լվալ 2023 թվականի պատերազմից, Ալիևը հայտարարում է, որ պատերազմել է Հայաստանի դեմ էր, որի ղեկավարը Փաշինյանն է։ Եթե սրան էլ գումարենք մի քանի օր առաջ Բաքվի դատարանի վճիռները, պարզ է դառնում, թե ինչու Փաշինյանը ռիսկ չի անում իր քարդաշ Ալիևին հակաճառել, այլ կրկնում է նրա թեզերը, թե մեր տարածաշրջանում արդեն խաղաղություն է։ Ի դեպ, այս սին թեզը ձեռնատու է նաև Փաշինյանին։ Նա այդ սուտ հեքիաթով կգնա ընտրությունների՝ հայտարարելով, որ բերել է իր խոստացած խաղաղությունը։ Երկու եղբոր շահերը լրիվ համընկնում են։
Ու վերջապես միջանցքի թեման։ Ալիևը կրկին շեշտել է, որ լինելու է միջանցք։ Ավելին, ըստ նրա «միջանցքն անցնելու է Ադրբեջան-Հայաստան-Ադրբեջան (Նախիջևան)-Թուրքիա և հետո Եվրոպա» երթուղով։ Այսինքն՝ Ալիևը բացառում է, որ երկաթուղին Նախիջևանից մտնելու է Երասխ, այնտեղից հասնելու է Ախուրիկ (Գյումրի) և հետո Կարս։ Փաշինյանը հայտարարում է, թե երկաթուղին Երասխ չի մտնելու, քանի որ երկաթուղին կառավարում են ռուսները։ Ալիևը նման հայտարարություն չի անում և չի դիտարկում Նախիջևան-Երասխ-Ախուրիկ-Կարս տարբերակն անկախ նրանից, թե ով է կառավարում հայկական երկաթուղին։
Մի հետաքրքիր նկատառում ևս։ «Երիտասարդ առաջնորդ» ներկայացող 53-ամյա Սծյոպա Սաֆարյանը փորձեց հասկանալ Ալիևի վերաբերմունքը Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկին»։ Ալիևի պատասխանը․ «Ինչ վերաբերում է այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկին», ինչպես գիտեք, երբ նախագահ Թրամփը վերադարձավ, նա գործարկեց TRIPP-ը, ուստի երբ նախագահ Բայդենը վերադառնա, նա կվերսկսի ձեր «Խաղաղության խաչմերուկը»։
Հիմա հասկացա՞ք, թե ինչու Փաշինյանը Մյունխեն չէր գնացել ու այս անգամ չէր ցանկացել բանավիճել Ալիևի հետ։ 2020-ի կոնֆերանսին նա խոսել էր Տիգրան Մեծի մասին, իսկ Երևան վերադառնալուց հետո հռչակել էր իր «Մյունխենյան սկզբունքները»՝ դրանք հակադրելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագաների առաջարկած «Մադրիդյան սկզբունքներին»։ Մյունխենյան սկզբունքներով Փաշինյանը փորձել էր մատ հայտարարել Ալիևին։ Վերհիշեք դրանք ու կհասկանանք, թե ինչու Փաշինյանի արտաքին քաղաքականություը մեզ հասցրեց այս վիճակին․․․
Մյունխենյան սկզբունքներ
1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:
2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի եւ բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:
3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:
4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:
5. Հարցի որեւէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար եւ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաեւ Ադրբեջանը:
6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որեւէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է։
Որտեղից որտեղ հասավ․․․․ Բա էլ ի՞նչ սրտով Մյունխեն գնար

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ մասնագետներն այցելել են Հայաստան՝ ուսումնասիրելու ԹՐԻՓՓ-ի տեղանքը

ԱՄՆ մասնագետներն այցելել են Հայաստան՝ ուսումնասիրելու ԹՐԻՓՓ-ի տեղանքը

ԱՄՆ ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության ներկայացուցիչներն անցած շաբաթ այցելել են Հայաստան և Հայաստանի կառավարության գործընկերների հետ ուսումնասիրել TRIPP-ի տարածքը։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։ «Անցյալ շաբաթ Հայաստանում ընդունեցինք...

Դատախազությունում կադրային փոփոխություններ են եղել

Դատախազությունում կադրային փոփոխություններ են եղել

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2026 թվականի մայիսի, հունիսի և հուլիսի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ: Մասնավորապես՝ Նարեկ Մովսիսյանը նշանակվել է Գլխավոր դատախազության պետական իշխանության դեմ ուղղված...

Ռուսաստանից ձեռք բերված S-400-ը Թուրքիան ուղարկում է Պարսից ծոցի երկրներից մեկը․ ԶԼՄ

Ռուսաստանից ձեռք բերված S-400-ը Թուրքիան ուղարկում է Պարսից ծոցի երկրներից մեկը․ ԶԼՄ

Թուրքիայի կողմից ժամանակին Ռուսաստանից ձեռք բերված S-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառվել են Պարսից ծոցի երկրներից մեկին։ Նման պնդմամբ հանդես է եկել թուրքական իշխանամետ Hürriyet թերթը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Իմ տրամադրության տակ եղած տվյալներով՝ S-400-ները վաճառվել...

Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել. «Հրապարակ»

Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած լրավամիջոցները երեկ գրեցին, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար գործող նախագահ Անդրանիկ Քոչարյանը եւս թեկնածություն է առաջադրել, սակայն մեր աղբյուրից տեղեկացանք, որ նա չի առաջադրվել, քանի որ գիտի, թե ում են...