«Շատ հետաքրքիր է՝ ինքը ասում է՝ Ալիևի հետ Աշխաբադում իմ շփման արդյունքում ունեմ պատկերացում, ունեմ ենթադրություն։ Չի ասում՝ ունեցել եմ, ստացել եմ համաձայնություն, համաձայնվել ենք, պայմանավորվել ենք, թեկուզ և բանավոր պարտավորություն ենք ստանձնել։
Հիմա սրա մասին ինքը 2022 թվականի անիծյալ հոկտեմբերի 6-ից հետո խոսում է՝ կունենանք խաղաղություն և այլն, և այլն։
Բայց ի՞նչ ունենք այսօր։ Ադրբեջանցի զինվորները Հայաստանի Հանրապետության տարածքում են, ըստ որոշ լուրերի՝ նույնիսկ շինարարական աշխատանքներ են կատարում, ավելի են ամրացնում իրենց դիրքերը օկուպացված տարածքներում։
Ադրբեջանը շարունակում է ցինիկ, այլանդակ կերպով միջամտել Հայաստանի ներքին գործերին՝ պահանջելով փոխել Սահմանադրությունը և սպառնալով ընդդիմությանը։
Իսկ հիմա ադրբեջանցի զինվորը մտել է Հայաստան, ծանր հանցագործություն է գործել, և գործադիր ու օրենսդիր մարմինները դարձել էին այդ զինվորի փաստաբանը։
Եթե խոսքը գնում է ընդդիմության մասին, Նիկոլ Փաշինյանը, Կառավարությունը, ՔՊ-ական մեծամասնությունը՝ բոլորը քննիչ են, դատախազ են, դատավոր են, նույնիսկ քրեակատարողական ծառայություն և դահիճ են։ Ինչ վերաբերում է ադրբեջանցուն՝ բոլորը միասին դարձել են փաստաբան։ Ու ո՞նց կարող է այդպես լինել։
Պարզ է, չէ՞, այդ վախը կա։ Տեսեք՝ ասում է՝ «TRIPP-ը խաղաղություն է», եվրոդիտորդները խաղաղություն են։ Եթե խաղաղություն են, բա ո՞նց է ասում՝ ես Տիգրանաշենին ասեմ Քյարքի, որպեսզի այդ ներվը հանեմ։ Եթե ներվը կա, ի՞նչ խաղաղության մասին է խոսքը»,- այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





