Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության Անկախության օրվա առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Խաղաղության աղոթք։
Մայր Աթոռի միաբանությունը և ներկա ժողովուրդը աղոթք բարձրացրեցին առ Աստված բռնի տեղահանված արցախահայության տոկունության և ապահով կյանքի, Բաքվում պահվող հայ ռազմագերիների և Արցախի պատանդառված ղեկավարների շուտափույթ ազատ արձակման, ինչպես նաև մեր ժողովրդի խաղաղության ու բարօրության համար։
Արարողության ավարտին նաև աղոթք մատուցվեց արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հոգիների հանգստության համար։






