Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։
Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ Լիոնում ջարդուփշուր են արել և հրդեհել քաղաքային տուրիզմի բյուրոն։ Փարիզի Հանրապետության հրապարակում և կենտրոնական փողոցներում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության հետ․ ցուցարարները հրավառություններ են արձակել, այրել կայանված ավտոմեքենաներ, ինչին ի պատասխան իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ։
Բողոքի ակցիաներին, որոնք մեկնարկել են դեռ սեպտեմբերին, մասնակցում են ուսանողներ, դպրոցականներ, «Դեղին ժիլետներ» շարժման ակտիվիստներ, ֆերմերներ և աշխատավորներ։ Նրանք բողոքում են կրթական հաստատությունների վատ պայմաններից, ուսուցիչների կադրային դեֆիցիտից, ինչպես նաև վառելիքի ու պետական ծառայությունների թանկացումից և կյանքի որակի անկումից։






