Մարտունի համայնքի ղեկավարն ու եղբայրը պետության հաշվին բիզնես են դնում. «Ժողովուրդ»

3 Ապրիլի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Հիլլզ սպորտային համալիր» կենտրոնի միջև 2024 թ․ հուլիսի 8-ին ստորագրված հուշագրի իրականացումն արդեն հարցեր է առաջացնում՝ հատկապես հաշվի առնելով, որ ծրագիրը նախատեսում է պետական միջոցներով կառուցված մարզահամալիրների հետագա կառավարումը մասնավոր ընկերության կողմից։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԿԳՄՍ փոխնախարար Հասմիկ Ավագյանը հայտնել է, որ ծրագրի առաջին փուլում նախատեսվում է մարզահամալիրների կառուցում 3 մարզերում՝
«ՀՀ Գեղարքունիքի մարզում նախատեսվում է կառուցել սպորտային համալիրներ Մարտունի համայնքի Գետափնյա 22, ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Եղեգնաձոր համայնքի Սպանդարյան 40/3, իսկ ՀՀ Արարատի մարզում՝ Արտաշատ համայնքի Զ. Անդրանիկի 1 հասցեներում»։

Նախարարությունը տեղեկացնում է, որ ծրագրի մեկնարկային փուլում պետական բյուջեի միջոցներով նախատեսվում է կառուցել երեք մարզահամալիր, որոնց նախագծային փաստաթղթերը պետք է տրամադրի մասնավոր ընկերությունը։

Պաշտոնական պատասխանի համաձայն՝ «Ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսվում է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցներով կառուցել «Զորախաչ» ՍՊԸ-ի պատվիրակմամբ նախագծված թվով երեք սպորտային համալիր»։

Ըստ նույն պատասխանի՝ ընկերությունը մինչև 2025 թվականի ավարտը պետք է տրամադրի նախագծային փաստաթղթերը, իսկ շինարարական աշխատանքների հիմնական փուլը նախատեսվում է իրականացնել 2026–2027 թվականներին։

«Առաջին փուլը կիրականացվի 2026 և 2027 թվականներին, և կառուցված գույքի նկատմամբ կգրանցվի Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը»,— «Ժողովուրդ» օրաթերթին ներկայացրել են նախարարությունից։

Սակայն ծրագրի հաջորդ փուլը նախատեսում է արդեն կառուցված գույքի կառավարումը փոխանցել մասնավոր կողմին։

Մասնավորապես՝ նախարարությունը «Ժողովուրդ»-ին տված պատասխանում նշում է․
«Ծրագրի իրականացման երրորդ փուլում նախատեսվում է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում կառուցված սպորտային համալիրները մինչև 2027 թվականի ավարտը հավատարմագրային կառավարման հանձնել ընկերությանը»։

Այս ձևակերպումը փաստացի նշանակում է, որ պետական միջոցներով կառուցված ենթակառուցվածքները շահագործման կհանձնվեն մասնավոր կառույցի, ինչը հարցեր է առաջացնում հանրային շահի ապահովման տեսանկյունից։

Ավելին, երկրորդ փուլով նախատեսվում է, որ մարզահամալիրների գույքը և սարքավորումները ձեռք կբերվեն ընկերության կողմից, սակայն դրանց զգալի մասը կֆինանսավորվի պետական բյուջեից։

Պաշտոնական պատասխանում նշվում է․
«Նշված շարժական գույքը ձեռք է բերվելու ընկերության կողմից, որի փաստացի արժեքի 80 տոկոսը կփոխհատուցվի ՀՀ պետական բյուջեից (ձեռք բերված գույքի 80 տոկոսը կհանդիսանա պետական սեփականություն, 20 տոկոսը՝ ընկերության սեփականություն)»։

Փաստորեն ստացվում է, որ պետությունը ոչ միայն ֆինանսավորում է շինարարությունը, այլ նաև մասնակցում է համալիրների կահավորմանը, սակայն կառավարման իրավունքը փոխանցվում է մասնավոր ընկերությանը։

Հարցեր է առաջացնում նաև այն հանգամանքը, որ նման ծրագրերը հաճախ ներկայացվում են որպես նախկինում վիճահարույց պայմաններով տրամադրված տարածքների վերադարձ և արդյունավետ կառավարում, սակայն արդյունքում դրանք կրկին հայտնվում են մասնավոր կառավարման դաշտում՝ արդեն պետական ներդրումների հաշվին։

Քննադատները նշում են, որ նման մեխանիզմները կարող են ստեղծել իրավիճակ, երբ համայնքային կամ պետական գույքը փաստացի դառնում է նոր բիզնես հնարավորությունների հիմք՝ իշխանության հետ փոխկապակցված շրջանակների համար։

Իսկ ո՞ւմ է պատկանում «Հիլլզ սպորտային համալիր»-ը։ Այն պատկանում է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի եղբորը։ Հուշագիր կնքել է նախարար Ժաննա Անդրեասյանի հետ Հովեյանի եղբոր դուստրը՝ Էլեն Հովեյանը։

Հարցը մնում է բաց՝ որքանո՞վ է այս մոդելը ապահովելու հանրային շահը, և արդյոք համայնքների բնակիչները հնարավորություն կունենան օգտվել այդ ենթակառուցվածքներից մատչելի պայմաններով, թե դրանք կդառնան հերթական օրինակ՝ պետական աջակցությամբ ձևավորված մասնավոր բիզնեսի»։

Նմանատիպ նյութեր

Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»

Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Մի շարք ուսումնական հաստատություններ միաձուլման ձևով միջնակարգ դպրոցի և կրթահամալիրի վերակազմակերպելու մասին» նախագիծը։ Հիմք ընդունելով «ՀՀ Տավուշի մարզի Կիրանցի Գագիկ Վարդանյանի անվան...

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.   Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի՝ Արման Սարոյանի, Ստեփան Ասատրյանի և Արամայիս Թախմազյանի հարցով կայացրած որոշումները ուշագրավ զարգացում են Եկեղեցու շուրջ ծավալվող իրավական և քաղաքական գործընթացներում։ Դատարանն արձանագրել է, որ Ամենայն...

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է

Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 14-ից 20-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ -Կենտրոնում՝ հոկտեմբերի 15-ից 19-ը, -Արաբկիրում՝ հոկտեմբերի 20-ին,...

Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»

Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ձմեռային սեզոնին ընդառաջ մեր այն հայրենակիցները, որոնց տներն արդեն իսկ գազով են ջեռուցվում, թերևս պետք է սկսեն լրջորեն մտածել այլընտրանքային լուծումների՝ փայտի կամ վառելանյութի այլ միջոցների անցնելու մասին։ Բնավ զարմանալի չէ, քանզի գազի...

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ իշխանության ներսում շարունակվում են քննարկումները մարզպետարանների հետագա գործունեության և մարզպետների ինստիտուտի վերափոխման շուրջ։ Թեև նախնական քննարկումներում դիտարկվում էր...