Լավ, իսկ մեր ինչի՞ն է պետք նման կառավարությունը․․․ «Փաստ»

17 Հուլիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի կառավարության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերջին օրերին յուրօրինակ «վիճպետկոմի» դերում է: Մեկ էլ կտեսնեք՝ ֆեյսբուքյան էջում արված գրառմամբ հայտնեց հանրությանը, թե՝ իմացած լինեք, որ այսինչ օրերին Ռուսաստան է մտել ծիրան փոխադրող այսքան բեռնատար, մի այսքանն էլ ճանապարհին են, կամ ՝ Հայաստան է մտել հեղուկ գազով բեռնված այսքան մեքենա և այլն…

Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում: Մեզ հիշեցնում է այն, ինչը անմոռանալի է, թերևս: Մասնավորապես հիշեցնում է ԽՍՀՄ փլուզմանը հաջորդած 1990-ականների սկզբի ծանր օրերն ու տարիները: Այն ժամանակ էլ լրատվամիջոցների հիմնական «առաջինէջային» լուրերն էին, թե՝ «Հայաստան է մտել ցորենով բեռնված այսքան վագոն…», «Երևան է հասել մազութով բեռնված այսքան ցիստեռն…», «Հայաստանի սահմանը հատել է ալ յուր տեղափոխող այսքան բեռնատար…», ու նման բաներ:

Հա, բայց դա, կրկնենք, ԽՍՀՄ փլուզմանն անմիջականորեն հաջորդած շրջանն էր. տասնամյակներով ձևավորված կոմունիկացիաների խաթարում ու խզում, պատերազմ, նոր ձևավորվող պետություն՝ նոր կապերով, նոր լոգիստիկայով: Եվ այն ժամանակների համար, հնարավոր է, նման տեղեկատվության հրատապությունն օբյեկտիվորեն օրինաչափ էր: Ավելին, որքան էլ ծանր, բայց իրավիճակն էլ էր օրինաչափ:

Ի վերջո, ժամանակի հետ, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Արցախին պարտադրված պատերազմից հաղթանակով դուրս գալուց հետո աստիճանաբար սկսեցին կարգավորվել նաև լոգիստիկ հարցերը: Աստիճանաբար ձևավորվեցին բեռնափոխադրումային նոր հանգույցներ, ուղիներ, տարբերակներ: Հայաստանն սկսեց բեռնափոխադրումներ իրականացնել Վրաստանով՝ երկաթուղային, լաստանավային, ավտոմոբիլային տարբերակներով: Զուգահեռաբար, բեռնափոխադրումների որոշակի պայմաններ ու հոսք ապահովվեց Իրանով: Ու դա, ի դեպ, հենց այնպես կամ ինքնաբերաբար չկատարվեց: Այդ ամենը հնարավոր եղավ իրարահաջորդ կառավարությունների, դրանց ղեկավարների, ոլորտային նախարարների ու նախարարությունների հետևողական, շարունակական աշխատանքների շնորհիվ:

Ու կարևոր է ընդգծել, որ այդ ամենը տեղի ունեցավ ու իրականացվեց Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից չդադարող թշնամական վերաբերմունքի, Հայաստանի շրջափակման ու դրան նպատակաուղղված հակաքայլերի պայմաններում:

Փաստը մնում է փաստ՝ 20-25 տարի շարունակ ներկայի նման գլոբալ փոխադրումային խնդիրներ չեն եղել ո՛չ Վրաստանի, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Իրանի հետ կապված: Իհարկե, դրվագային ինչ-ինչ հարցեր ծագել են, լոկալ, փոքր, բայց արագորեն կարգավորվել են՝ «աշխատանքային, օպերատիվ ռեժիմում»:

Ու մեկ էլ՝ հո՛պ. երեկ գազ փոխադրող այսքան ավտո եկավ, այսօր ծիրան ու դամբուլ տանող այսքան ավտո գնաց, այն մյուս օրն էլ՝ կոնյակ տեղափոխող այսքան «գռուզավիկ»…

Խնդիրը այստեղ ոչ միայն այն է, որ մի ամբողջ կառավարության էկոնոմիկայի նախարարի հիմնական անելիքը դարձել է անցնողդարձող բեռնատարները հաշվելն ու դրա մասին հանրությանն «ավետելը», չնայած դա էլ է հարց: Բուն խնդիրն այն է, թե ինչու ենք հասել այս վիճակին, ինչու են Հայաստանի տնտեսվարողներն ու բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունները, անհատները բախվել ու բախվում նման «արգելափակոցային» վիճակների ու պրոբլեմների:

Կարճ ասած՝ խնդիրն այն է, թե ինչու են այդ պրոբլեմները ծագել, ինչի հետևանքով են ծագել, ինչ առանցքային քայլեր են արվում, որպեսզի դրանք չլինեն կամ առնվազն լուծվեն արագ, «աշխատանքային ռեժիմով», ընդ որում՝ գլոբալ առումով, ոչ թե հատվածական լուծումներով: Թե չէ՝ բեռնատարները վիճակագիրներն էլ կարող են հաշվել:

Իսկ երբեևէ մտքներովդ չի անցե՞լ՝ գուցե բեռնափոխադրումների հետ կապված այդ խնդիրների ծագման «աղբյուրը» Փաշինյանի իշխանության որդեգրած աշխարհաքաղաքական «գլուխկոնծիներն» են ու կուլբիտնե՞րը: Մեկ, իբր, Եվրամիություն են գնում, մեկ, իբր ԵԱՏՄ-ից են կառչած: Մինչև կեսօր «արևմտամետ» են, հետմիջօրեին՝ «սթափ մոտեցմամբ», բայց հանրագումարում՝ «դեպի Թուրքիա», դեպի թուրքական ենթակայություն…

Այդ ամենի, նման վիճակի ու կրկնվող «ֆորսմաժորների» մեկ այլ պատճառ էլ այս կառավարության ու նրա ներկայացուցիչների ապաշնորհությունն է՝ սկսյալ սննդի անվտանգության տեսչության, էկոնոմիկայի նախարարության խայտառակ աշխատանքից մինչև արտաքին քաղաքականության ամլություն: Անգամ բարեկամական Վրաստանի, Իրանի հետ հասարակ հարցերը չեն կարողանում կարգավորել: Էլ ի՞նչ պահանջես այս մարդկանցից:

Սա՛ է հարցը: Իսկ բուն հարցն այն է, որ նման՝ աշխարհաքաղաքական «խաղեր տվող», իր անմիջական պարտականությունները թողած՝ փիարվելով զբաղվող իշխանությունն ու կառավարությունը ոնց որ չափից դուրս թանկ են արժենում բոլոր հարկատուների, ներառյալ՝ զանազան տնտեսվարողների, բեռնափոխադրողների, գյուղատնտեսությամբ զբաղվողների ու մնացած բոլորի գրպանին ու կյանքին:

Մի օր՝ ծաղկաբույծները, դրանից առաջ՝ կոնյակագործները, երրորդ օրը՝ գազ ներմուծողները: Միրգ աճեցնողներն ու արտահանողները «քաշվում» են անընդհատ: Վաղն էլ բենզին, ալ յուր, ցորեն ներկրողներն են նման վիճակների մեջ հայտնվելու:

Ու անխուսափելիորեն տրամաբանական հարց է ծագում. լավ, իսկ մեր ինչի՞ն է պետք նման կառավարությունը, որը պրոբլեմներից ու գլխացավանքներից զատ, այլ բան չի կարողանում ստեղծել: Հա, մեկ էլ ազգային կառույցները թիրախավորելով՝ հանրությանն ու երկիրը պահում է շարունակական լարվածության և հոգեբանական տեռորի ճիրաններում:

Ու այդ ամենը… մեր վճարած հարկերի հաշվին: Արժե խորհել նաև սրա մասին, մանավանդ, երբ բարձված բեռնատարով լռվել եք ինչ-որ տեղ՝ Հայաստանից Ռուսաստան կամ հակառակ ճանապարհին, կամ պարզապես երևանյան խցանման ճիրաններում «սպասման մեջ» եք:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Բայրամովն ու Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում

Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Աբաս Արաղչին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Իրանի երկկողմ ու բազմակողմ օրակարգը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացները։ Կողմերն...

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհները. Գառնիկ Դանիելյան

«Քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը կալանքից փոխվեց տնային կալանքի։ Միաժամանակ կշարունակի գործել այլ անձանց հետ շփվելու արգելքը»,-գրում է ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, շարունակելով. «Մեկ կարևոր արձանագրում․ տնային կալանքը...

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Երևանում աներձագը «Lexus»-ով վրաերթի է ենթարկել փեսային, ապա դիմել փախուստի

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Նազարբեկյան 26...

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Ծեծկռտnւքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետի եղբորը. «Ժողովուրդ»

Արարատի մարզում ծեծկռտուքի գործով կալանավորել են Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբորը` Գոռ Համբարձումյանին, գրում է Armlur․am-ը։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Արարատի մարզում հայտնի «Հրաշք այգի» ռեստորանում սեպտեմբերի 10–ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի...

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց

Սեպտեմբերի 19-ին Երևանում հերթական ոտնձգությունն է տեղի ունեցել Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված «Ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդի նկատմամբ։ Հայտնում է shamshyan.com-ը: Այդ օրը՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային...