Կոռուպցիայի դեմ պայքարում մեր երկրում առաջընթաց չի գրանցվել. ԹԻՀԿ-ի արձանագրումները

9 Դեկտեմբերի, 2025

Այսօր կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է։ ԹԻՀԿ-ը հանդես է եկել ամենամյա հայտարարությամբ: 2025-ին հանրության ուշադրության կենտրոնում են եղել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ օրենքի ընտրողական կիրառումը, անհամաչափ իրավական միջոցների կիրառումը, գաղտնալսումների և դրանց արտահոսքերի պրակտիկան, բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ կոռուպցիոն գործերով, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով արդյունավետ դատավարությունների բացակայությունը, իշխանությանը մոտ կանգնած անձանց հետ կապված դեպքերի անտեսումը, բռնագանձման միջոցով պետությանը և համայնքներին վերադարձված ակտիվների կառավարման թափանցիկության բացակայությունը։

Մտահոգիչ են իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու գործերին կոպիտ միջամտության, անկախ լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորման ու պիտակավորման դեպքերը։

Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

2025 թվականի սկզբին հրապարակված տվյալներով՝ Թրանսփարենսի Ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման Հայաստանի 2024 թվականի համաթիվը 2023 թվականի համեմատությամբ մնացել է անփոփոխ՝ 47 միավոր, ինչը ցույց է տալիս, որ վերջին տարում կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց չի գրանցվել։

Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հանրային կարծիքի ուսումնասիրության 2025 թվականի հունիսին հրապարակած տվյալները վկայում են, որ հասարակական վստահությունն առանցքային պետական ինստիտուտների նկատմամբ շարունակում է ցածր մնալ։ Հանրային ընկալմամբ՝ առավել տեսանելի են ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը, մինչդեռ հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը՝ որպես ձեռքբերում, նշել է հարցվածների ընդամենը 3%-ը։ Միևնույն ժամանակ, հարցվողների միայն 4%-ն է նշել, որ կոռուպցիայի դեմ պայքարի տապալումը հանդիսանում է իշխանությունների ամենամեծ ձախողումը։ Այս թվերը հուշում են, որ հասարակությունը քիչ է տեղյակ և անհաղորդ է կոռուպցիայի դեմ պայքարին»։

Նշվում է, որ Հայաստանում վերջին տարիներին բարեփոխումների արդյունավետության պակասի մասին են վկայում ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարին, այլև հանրային կառավարմանն ու ժողովրդավարության օրակարգին առնչվող համարյա բոլոր միջազգային ցուցանիշները Ընդհանուր «լճացման» այս պատկերը հստակ ազդակ պետք է լինի իշխանություններին առ այն, որ նրանց կողմից վարվող քաղաքականության մեջ առկա են խնդիրներ, և որ հրատապ է դրանց վերհանումը, պատճառների վերլուծությունը և գործուն քայլերի ձեռնարկումը իրական ու մնայուն արդյունքներ գրանցելու և հանրության ակնկալիքները բավարարելու համար։

«2025-ին հանրության ուշադրության կենտրոնում են եղել քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ օրենքի ընտրողական կիրառումը, անհամաչափ իրավական միջոցների կիրառումը, գաղտնալսումների և դրանց արտահոսքերի պրակտիկան, բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավմամբ կոռուպցիոն գործերով, այդ թվում՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթներով արդյունավետ դատավարությունների բացակայությունը, իշխանությանը մոտ կանգնած անձանց հետ կապված դեպքերի անտեսումը, բռնագանձման միջոցով պետությանը և համայնքներին վերադարձված ակտիվների կառավարման թափանցիկության բացակայությունը։ Այս ամենը խարխլում է հանրային վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ և արժեզրկում ժողովրդավարության և հակակոռուպցիոն բարեփոխումների գաղափարը։

Մտահոգիչ են իշխող քաղաքական ուժի բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու գործերին կոպիտ միջամտության, անկախ լրատվամիջոցների և լրագրողների թիրախավորման ու պիտակավորման դեպքերը։

Շարունակում են խնդրահարույց լինել որոշումների ընդունման, հատկապես կարևոր պաշտոններում նշանակումների ոչ թափանցիկ գործընթացները, ինչը կասկած է հարուցում հովանավորչության մասին։ Խիստ դատապարտելի են բիզնեսի ու քաղաքականության սերտաճման դրսևորումները, մասնավորապես՝ քաղաքական ֆինանսավորման արդյունքում տնտեսական արտոնությունների ձեռքբերման, բնական ռեսուրսների շահագործման, ապօրինի ու խնդրահարույց ծրագրերի սատարման, հանրային կարծիքի ու արժանապատվության ոտնահարմամբ՝ «տնտեսական զարգացման» պատրվակով կասկածելի բիզնեսների հովանավորման դեպքերը։

2026 թվականը վճռորոշ տարի է Հայաստանի համար: Նախատեսվում են խորհրդարանական, այնուհետև՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք լինելու են ժողովրդավարական կայացման կարևոր փորձառություն։ Մինչդեռ առկա են կարևորագույն հիմնախնդիրներ, որոնք ռիսկային են դարձնում ընտրությունների օրինականությունը և դրա վերաբերյալ ընկալումները։

Մեծագույն մարտահրավեր է կուսակցությունների ֆինանսավորման թափանցիկության ապահովումը: Սակայն 2024 թվականի օրենսդրական փոփոխությունների հետևանքով կուսակցությունների ֆինանսները ընտրական ժամանակահատվածում անհասանելի են, ընդ որում և՛ հանրության, և՛ վերահսկող պետական մարմինների համար։ Չեն կարգավորվում և չեն սահմանափակվում նախընտրական քարոզարշավում փաստացի ներգրավված երրորդ անձանց (այդ թվում՝ փոխկապակցված ԶԼՄ-ների, հիմնադրամների, դիտորդական կազմակերպությունների) ներդրումները, ինչը ճանապարհ է հարթում ապօրինի ֆինանսավորման և արտաքին քաղաքական ազդեցությունների համար։ Համատարած և անպատժելի են վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերը, ինչը աղճատում է քաղաքական մրցակցությունը և հարցականի տակ դնում ընտրությունների արդար լինելը: Իշխող կուսակցությանն առնչվող ապօրինի ֆինանսավորման կամ քարոզչության մեջ ներգրավման հարցերով հարուցված քրեական գործերը ընթացք չեն ստանում կամ կարճվում են, ինչը խաթարում է հանրային վստահությունը իրավապահ ինստիտուտների նկատմամբ։

2026 թվականին ընդառաջ ՀՀ կառավարության, խորհրդարանի ու առնչվող պետական ինստիտուտների առաջնային առաքելությունը պետք է լինի ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների կազմակերպումը և օրինականության ապահովումը ինչպես բուն քվեարկության օրը, այնպես էլ նախընտրական և հետընտրական ժամանակահատվածներում։ Այս առումով՝ ընտրական գործընթացներում քաղաքական կոռուպցիային առնչվող հարցերը պետք է հրատապ կարգավորվեն և ստանան օրենսդրական լուծում, որպեսզի ստեղծեն արդյունավետ երաշխիքներ երկրի ժողովրդավարության ու ինքնիշխանության պաշտպանության համար:

Մեր երկրի համար ներկայիս մարտահրավերներով լի ժամանակահատվածում և խոցելի աշխարհաքաղաքական պայմաններում խիստ անհրաժեշտ ու հրատապ է պետական ինստիտուտների նկատմամբ վստահության վերականգնումը և հանրային համերաշխության ամրապնդումը։ Հայաստանի ժողովրդավարական ապագան պայմանավորված է նրանով, թե որքանով են ինստիտուտները և գործընթացները անկողմնակալ կերպով ծառայում հանրությանը, հանրային շահին: Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթաց գրանցելու համար իշխանությունները պետք է դրսևորեն ամուր քաղաքական կամք՝ ապահովելով օրենքի հավասար կիրառում բոլորի նկատմամբ՝ բացառելով ընտրողական արդարադատությունը, ամրապնդելով շահերի բախման կանխարգելման մեխանիզմները և ապահովելով դրանց լիարժեք կիրառությունը։

Ծայրահեղ կարևոր է գործող բարձրաստիճան պաշտոնյաների ներկայացուցիչների ներգրավմամբ հնարավոր կոռուպցիոն կամ այլ գործերով պետական մարմինների արձագանքը, ինչը կվկայի պատասխանատու ու հաշվետու կառավարմանը միտված կուռ քաղաքականության մասին, կփարատի ընտրովի արդարադատության վերաբերյալ կասկածները։ Կարևորագույն նշանակություն ունի ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձը հանրությանը և ծառայեցումը հանրային շահին, այդ գործընթացների թափանցիկությունն ու մասնակցայնությունը։

Ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից առանցքային է քաղաքացիների ձայնը, կարծիքը լսելու ու հաշվի առնելու անկեղծ պատրաստակամությունը և այս նպատակով գործուն մեխանիզմների ձևավորումն ու կիրարկումը, պաշտոնյաների կողմից անկախ լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության կառույցների նկատմամբ հարգալից վերաբերմունքը, հանրությունը պառակտող գործողություններից ձեռնպահ մնալը և երկխոսության ու արժեքների շուրջ համերաշխության խթանումը»,-ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...