Քաղբանտարկյալների երկիր «ժողբաստիոնը»․ «Փաստ»

29 Հուլիսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այնպես չէ, իհարկե, որ հայրենի հասարակական-քաղաքական միջավայրում «քաղբանտարկյալ» եզրույթը նոր է գործածվում: Նախորդ տասնամյակներում էլ ժամանակ առ ժամանակ ընդդիմությունը, հասարակական ակտիվիստները, առանձնապես՝ գրանտային սնուցմամբ «իրավապաշտպան» ներկայացողները գործածել են «քաղբանտարկյալ» տերմինը: Այո, եղել են քաղաքական գործիչներ, որոնք ազատազրկվել են այս կամ այն պատճառով: Նրանց մի մասի պարագայում, իհարկե, շատ դժվար է եղել այդ բնորոշումը տալ: Բայց, ամեն պարագայում, եղել են:

Սակայն այ թե ինչն է շատ ավելի ուշագրավ: Տեսեք, 2018 թվականից այս կողմ «քաղբանտարկյալ» եզրույթը դարձել է գրեթե ամենօրյա քննարկման թեմա, լրահոսային շրջանառման առարկա: Այն օրից, ինչ Նիկոլ Փաշինյանը հասավ իշխանության, Հայաստանում ծայր առան քաղաքական հետապնդումները, քաղաքական հալածանքները, քաղաքական բանտարկությունները: Ամենից վատն այն է, որ փաշինյանական իշխանավարման 7 տարվա ընթացքում այդ հոռի երևույթը տարեցտարի ավելի է արմատավորվել, մետաստազները տարածվել են, դրսևորումները դարձել են շատ ավելի ցինիկ, ակնառու և ընդգրկուն:

Երբ խոսում ենք փաշինյանական ռեժիմի քաղաքական բանտարկյալների մասին, ապա ամենից ակներև օրինակները երևակվում են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի, Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի օրինակներով: Ամենից ողբերգականը պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի դեպքն էր. մարդն իր հարցազրույցում արած արտահայտության, պարզ ասած՝ Փաշինյանի իշխանության դեմ արտահայտվելու համար կալանավորվեց և մահացավ հենց դատարանի դահլիճում:

Այդ իմաստով Արմեն Գրիգորյանը, անկասկած, փաշինյանական չարաղետ իշխանավարման ևս մեկ զոհ է ու քաղբանտարկյալության յուրատեսակ խորհրդանիշ:

Հարկավ, պրոֆեսիոնալ փաստաբանները, իրավապաշտպանները թերևս մեզ կուղղեն՝ նշելով, որ Արմեն Գրիգորյանը ավելի շուտ «խղճի կալանավոր» էր, քան քաղբանտարկյալ: Բայց դա զուտ մասնագիտական նրբերանգ է, որից հոռի երևույթն ու դրա ողբերգականությունը չեն փոխվում:

Կարելի է հիշատակել նաև զանգվածային քաղաքական հալածանքներն ու հետապնդումները, երբ իշխանություններն իրենց ռեպրեսիվ մարմինների միջոցով մարդկանց հետապնդում էին, ձերբակալում, «բերման ենթարկում», խուզարկությունների ու ճնշումների, տույժ-տուգանքների ենթարկում բացառապես այն պատճառով, որ մասնակցել են ընդդիմադիր կամ հակաիշխանական օրինական ակցիայի (ցույցի, երթի, պիկետի և այլն):

Պետք է արժանին հատուցել Փաշինյանին ու ՔՊ-ին. նրանք իրոք կարողացել են իրավապահ համակարգը դնել իրենց կրնկի տակ, դարձնել իրենց քաղաքական շահերի կույր սպասարկուն: Հիմա, թե դա ինչպե՞ս են արել, հարցի մի կողմն է: Էականը փաստացի հետևանքն է: Եվ միայն իրավապահ ու քննչական կոչվող մարմինները չեն այդ «քաղսպասարկման» վիճակում:

Ոչ պակաս վտանգավոր ու ավերակիչ է այն, որ արդարադատության համակարգը, դատական իշխանությունն է արդեն մեծամասամբ դրված Փաշինյանի կրնկի տակ: Անպատկառությունն ու ցինիզմն այնտեղ են հասել, որ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառում անելով՝ կալանավորման ուղիղ հրահանգներ է տալիս, իսկ ինչ-ինչ դատավորներ «դակում» են այդ ստատուսները, իսկ գլխավոր դատախազն էլ հանրային հեռուստաընկերության եթերից… գործնականում դատավճիռ է կարդում:

Ավելին, Փաշինյանի իշխանավարման շրջանում ոչ միայն «քաղբանտարկյալը» դարձել է ամենօրյա գործածման բառ, այլև կալանավորումը դարձել է քաղաքական հակառակորդներին «շարքից հանելու», մեկուսացնելու ռեպրեսիվ միջոց: Պատժի միջոց, ինչպես նշում են իրավաբանները: Ընդ որում, գնալով ավելի ու ավելի հաճախակի են դառնում դեպքերը, երբ կալանքն իսկապես ոչ թե խափանման միջոց է սոսկ, այլ հենց պատժելու միջոց: Հաշվի առնենք՝ ժամանակը ցույց տվեց, որ քրեական գործերի մեծ մասը պարզապես «ջուր» է, կարված է, ավելին՝ մեծ մասի դեպքում դատարանի որոշում չի էլ եղել, եղածն էլ արդարացնող է եղել, բայց մարդիկ ամիսներով, տարիներով մնում են անազատության մեջ, որ Նիկոլի սիրտը փառավորվի:

Որքան էլ միջազգային իրավակիրառ պրակտիկայում հատուկ շեշտվում է դրա անընդունելի լինելը, Նիկոլ Փաշինյանը նույնքան համառությամբ դա դարձրել է իր սիրելի գործիքը՝ ընդդիմադիրներին ազատությունից զրկելու, երկրում վախի մթնոլորտ տարածելու համար:

Այստեղ ուշագրավ է այն հանգամանքը, որ Արևմուտքը, միջազգային կառույցները, «ժողովրդավարական» երկրների դեսպանատները, որ նախկինում նման դեպքերում վայնասուն կդնեին ու դնում էին, հիմա աչք են փակում այս կարգի անօրինականության վրա: Լռում են: Թեպետ, կարելի է նաև ենթադրել, որ Փաշինյանից այս կամ այն զիջումը կորզելու համար, փակ դռների ետևում, նրան կարող են և ճնշել՝ սպառնալով աղմկել քաղբանտարկյալների, խղճի կալանավորների մասին… Այսինքն, այս լռությունն էլ իր գինն ունի:

Իսկ քաղբանտարկյալների թիվն ավելանում ու ավելանում է, քաղբանտարկյալների շարքերը խտանում են: Քավ լիցի, միայն վերջին մեկուկես ամսվա ընթացքում Փաշինյանի հրահանգով անազատության մեջ են հայտնվել գործարար, բարերար Սամվել Կարապետյանը, ՀԱԵ արքեպիսկոպոսներ Բագրատ Գալստանյանն ու Միքայել Աջապահյանը, ՀՅԴ-ական Իգոր Սարգսյանը, ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանը, տասնյակ ընդդիմադիրներ…

Ու դժվար չէ պատկերացնել, որ ինչքան ընտրությունները մոտենան, այնքան ավելի կատաղի թափով է Փաշինյանը թքած ունենալու օրենքների ու Սահմանադրության վրա: Դժվար չէ պատկերացնել, թե Փաշինյանն ինչ կատաղի թափով է կալանքը գործածելու որպես քաղաքական հակառակորդներին մեկուսացնելու գործիք, որպես իր իշխանությունը պահելու գործիք:

Թե ինչու է Փաշինյանը ուզում պահել իր իշխանությունը, պարզ է ու հասկանալի: Անհասկանալին այն է, թե ինչու է հանրությունը շարունակում «պահել» նման իշխանություն: Գուցե նրա համար, որ ՀՀ քաղաքացիների, ասենք, 95 տոկոսը «քաղբանտարկյալի» կարգավիճակ ունենա՞: Թե գուցե այլ՝ ավելի վատ կարգավիճակ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին

Պուտինն այսօր Կրեմլում կընդունի Ուիթքոֆին և Քուշներին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Կրեմլում կընդունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին, հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ТАСС-ը։ Ամերիկացի բանակցողները շաբաթ օրը ժամանել...

Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու. WSJ

Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու. WSJ

Իրանը հույս ունի օգտագործել ԱՄՆ-ում առաջիկա ընտրությունները՝ նախագահ Դոնալդ Թրամփի վրա ճնշումը մեծացնելու և հակամարտության մեջ ավելի բարենպաստ պայմանների հասնելու համար, գրում է The Wall Street Journal-ը: Թեհրանը նմանատիպ մարտավարություն կիրառեց 1980 թվականին, երբ...

Պուտինը հրահանգել է երեք օր շարունակ հարվածներ չհասցնել Կիևին․ Պեսկով

Պուտինը հրահանգել է երեք օր շարունակ հարվածներ չհասցնել Կիևին․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել է կեսգիշերից սկսած երեք օր շարունակ հարվածներ չհասցնել Կիևին։ Դա կապված է այնտեղ ամերիկացի բանակցողների շփումների նախապատրաստման և անցկացման հետ, ТАСС-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Իսկապես,...

Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը․ Խաչատուրյան

Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետերը պատրաստ են սահմանների բացմանը․ Խաչատուրյան

Հայաստանն ամեն ինչ անում է Թուրքիայի հետ սահմանների բացման և դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Չեխիա կատարած պաշտոնական այցն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարել է Վահագն Խաչատուրյանը՝ պատասխանելով հայ-թուրքական...

Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով դատախազն ազատման դիմում է գրել․ 5TV

Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով դատախազն ազատման դիմում է գրել․ 5TV

Վեհափառի և 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն ազատման դիմում է գրել ու դուրս եկել աշխատանքից: Այս մասին հայտնում է 5-րդ ալիքը; «Լավատեղյակ աղբյուրը մեզ պատմեց, որ ի սկզբանե դատախազության ղեկավարությունը Գալստյանին ասել է, որ գործը անհեռանկար է, այն...