Եվրամիությանը (ԵՄ) անհրաժեշտ է մշակել արտակարգ անվտանգության արձանագրություն՝ սպառնալիքների առաջացման դեպքում պատասխան միջոցները արագ համաձայնեցնելու համար։ Այս կարծիքն է հայտնել ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Իր նախաձեռնության մասին նա հայտարարել է ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Հանդիպման ընթացքում, մասնավորապես, քննարկվել են «տեղեկատվության մանիպուլյացիայի և արտաքին միջամտության» դեպքերը։ Կալլասը նշել է, որ ԵՄ-ն կուսումնասիրի անվտանգության և պաշտպանության ոլորտներում գործընկերային հարաբերություններ ունեցող՝ «համախոհ գործընկերների» հետ ավելի սերտ համագործակցության հնարավորությունները։
«Ինչ վերաբերում է մեր համատեղ գործողություններին, մեզ անհրաժեշտ է խորհրդակցությունների և արագ արձագանքման մեխանիզմ։ Հետևաբար, մենք կառաջարկենք մեր Եվրոպական անվտանգության ռազմավարության մեջ ներառել Արտակարգ արձագանքման արձանագրություն։ Այն պետք է ապահովված լինի արձագանքման այնպիսի գործիքակազմով, որը պատրաստ կլինի անհապաղ կիրառման»,- ասել է նա (մեջբերումը՝ ԵՄ պաշտոնական կայքից)։
Թե կոնկրետ ինչ պատասխան միջոցների մասին կարող է խոսք լինել, չի հստակեցվում։ Կայա Կալլասը չի նշել նաև հիշատակված արձանագրության մշակման ժամկետները։
Անցած աշնանը Ֆրանսիան և Գերմանիան առաջարկել էին բարեփոխել ԵՄ արտաքին քաղաքականության համակարգը։ Նրանց մշակած փաստաթուղթը նախատեսում է Եվրոպական հանձնաժողովին փոխանցել Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության (EEAS) գործառույթների զգալի մասը, ինչպես նաև հրաժարվել արտաքին քաղաքականության կարևոր որոշումների ընդունման ժամանակ կոնսենսուսի սկզբունքից։




