Իսրայելը պետք է ավարտի իր կարևոր «խնդիրների իրականացումը բոլոր ճակատներում» առաջիկա երկու տարվա ընթացքում, քանի դեռ ԱՄՆ նախագահի պաշտոնում է գտնվում Դոնալդ Թրամփը։ Այսպիսի կարծիք է հայտնել նախընտրական ուղերձում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
«Մեզ մնացել է իմ բարեկամ Դոնալդ Թրամփի նախագահական ժամկետից ևս երկու տարի, և սա հենց այն ժամանակն է, երբ մենք պետք է ավարտենք մեր կարևորագույն խնդիրները բոլոր ճակատներում», — հայտարարել է Նեթանյահուն ընտրողներին ուղղված ուղերձում, որը հրապարակվել է X-ում։ Ավելի վաղ նա բազմիցս նշել է, որ Իսրայելը 2023 թվականից ի վեր «պատերազմ է վարում յոթ ճակատով»՝ ի նկատի ունենալով Գազայի հատվածը, Հորդանան գետի արևմտյան ափը, Լիբանանը, Սիրիան, Իրաքը, Իրանը և Եմենը։
Խոսելով Քնեսեթի (խորհրդարանի) առաջիկա ընտրությունների մասին՝ վարչապետը համոզմունք է հայտնել, որ դրանք «ճակատագրական նշանակություն ունեն» Իսրայելի ապագայի համար։ Ընդ որում, նա պնդել է, որ ձախ և արաբական կուսակցությունների մասնակցությամբ ընդդիմադիր բլոկի հաղթանակը կհանգեցնի անկախ Պաղեստինի ստեղծմանը։ Նեթանյահուի վարկածով՝ միայն իր «Լիկուդ» կուսակցությունը և դրա շուրջ ձևավորված աջ, աջ ծայրահեղական ու կրոնական ուժերի կոալիցիան կարող են խոչընդոտել պաղեստինյան պետականության ճանաչմանը։
Իսրայելում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 27-ին։ Դրանց արդյունքներով կձևավորվի նոր գումարման Քնեսեթը, որից հետո առավելագույն թվով մանդատներ ստացած կուսակցության առաջնորդին կհանձնարարվի նոր կառավարության ձևավորումը։ Այս պահին, համաձայն վերջին հարցումների, Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցության գլխավորած ներկայիս իշխող կոալիցիայի բլոկը և միավորված ընդդիմությունը ընթանում են հավասարազոր։ Ընդ որում, կողմերից և ոչ մեկը չի հավաքում իշխող կոալիցիա ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը՝ Քնեսեթի 120 տեղերից 61-ը։






