Իսկ Փաշինյանի գլխավորած «հավաքականն» ի՞նչ հաշվով է պարտվել ու պարտվում. «Փաստ»

10 Ապրիլի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Անթաքույց է, որ մարզական նախասիրություններով մենք, այդ թվում՝ տողերիս հեղինակը, օրիգինալ չենք: Այո, ֆուտբոլը մեր սիրելի մարզաձևն է, և բնական է, որ շատերի նման մենք էլ բուռն ենք արձագանքում, հատկապես, երբ ֆուտբոլի մեր ազգային հավաքականը ձախողվում է: Այո, երբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը խայտառակ պարտություններ է կրում, երբ ֆուտբոլում տոտալ ձախողումներ են, մենք պահանջում ենք թիմի գլխավոր մարզչի, ՀՖՖ նախագահի հրաժարականը ու ճիշտ ենք անում, նաև, մեղմ ասած, հաճախ «բմբլահան» ենք անում հավաքականի ֆուտբոլիստներին: Սա հասկանալի ու գուցե բնական է, շատ դեպքերում՝ միանգամայն հիմնավորված:

Բա՛յց…

Որքան էլ ցավալի է, մենք մեծամասամբ տեսնում ու գնահատում ենք տվյալ պահի խնդիրը, որն արտացոլված է «տաբլոյին»: Իսկ ի՞նչ հաշվով է պարտվել ու պարտվում Նիկոլ Փաշինյանի գլխավորած «հավաքականը»: Վերջին հաշվով, դա էլ է, չէ՞, «հավաքական»: Բոլոր այդ կառավարության անդամները, նախարարները, վարչապետամերձ անձինք, նրա ՔՊ-ի կարկառունները, իրենց քպական պատգամավորները, առաջին և երկրորդ շարքերի իշխանամետ քարոզիչ-պաշտպանիչների կոհորտան: Դա էլ իշխանական-քաղաքական «հավաքական» է:

Ի դեպ, ցավալի է դա արձանագրել, բայց այնպիսի տպավորություն է, որ ֆուտբոլի դեպքում առանձին վերցրած մեկ պարտությունը մեր հասարակության մի որոշակի մասը շատ ավելի ցավոտ է ընդունում, քան ավելի լայն ընդգրկմամբ ու մեր բոլորի կյանքի և ապագայի հետ անմիջականորեն շաղկապված պարտությունները:

Իսկ ո՞րն է խնդիրը, որ, օրինակ՝ դիվանագիտության, արտաքին-քաղաքական ճակատում պարտությունները, այսպես ասած՝ բանակցային գործընթացում կրած խայտառակ պարտությունները նման բուռն ու բորբոքուն հակազդեցություն կամ տրամադրություններ չեն հարուցում: Պատճառը միգուցե ա՞յն է, որ Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած քպական «հավաքականի» պարտությունները թվատախտակի վրա հաշվով չեն արտացոլվում: Այսինքն, հաշիվ չկա, էլի, որ, օրինակ՝ ասես՝ սահմանազատման վերաբերյալ Փաշինյանի «հավաքականի» հանդիպումն Ալիևի «հավաքականի» հետ ավարտվեց այսինչ հաշվով՝ հօգուտ թշնամու:

Լավ, իսկ Փաշինյանի կողմից Արցախի ուրացումը (Պրահա, 06.10.2022 թ.՝ Եվրամիության «խաղադաշտում») ու հանձնումը (2023 թ. սեպտեմբեր) քանիսո՞վ զրո է: Չէ, լուրջ, Փաշինյանի «հավաքականն» այդ կենսական ու ազգի ապագան ու նաև Արցախի հայության հինգհազարամյա պատմությունը ոտնատակող հարցում քանիսո՞վ զրո է պարտվել՝ 0:15, 0:25, թե՞ 0:100:

Արդեն ամբողջ 7 տարի է, ինչ ամեն օր խոշոր հաշվով պարտություններ են: Խայտառակ, ամոթալի պարտություններ: Ոչ թե երկրի, այլ երկրի իշխանության ղեկին գտնվող «հավաքականի» պարտություններ, որից, ցավոք, տուժում է երկիրը: Եթե ֆուտբոլի հավաքականի պարտությունից տուժում են երկրի անունն ու մեր նյարդերը, ապա սրանց պարտությունը ողբերգական հետևանքների է բերում:

Շարունակենք…

Տնտեսություն. պարտություն՝ պարտության վրա: Ի լրումն՝ «նստած» վերաարտահանման ասեղի վրա: Չհաշված՝ պարտքի շարունակական ավելացումը:

Կրթություն. պարտությունների շարք: Գումարած՝ բովանդակային նենգախեղում, հանրակրթության ազգային ինքնության ճանաչման միջուկի վերացում:

Գյուղատնտեսություն. Փաշինյանի «հավաքականը» պարտվում ու պարտվում է, Հայաստանում հողագործների, ֆերմերների, գյուղացիների ապրուստը, եկամուտները նվազում են, կյանքի որակն ընկնում է, մշակվող հողատարածքները՝ կրճատվում:

Հանցավորության դեմ պայքար. այստեղ Փաշինյանի «հավաքականն» ընդհանրապես տապալված է. հանցավորության ցուցանիշները գրեթե կրկնապատկվել են, ծանր ու առանձնապես ծանր հանցագործությունները նկատելիորեն աճել են: Ախր, ո՞ր մեկն ասես՝ խաղամոլություն, թմրամոլություն, հասարակության բարոյահոգեբանական մթնոլորտ…

Բոլոր ուղղություններով գերազանցապես խոշոր հաշվով պարտություններ են՝ մեկը մյուսի ետևից:

Եզակի դեպքերը, որ Փաշինյանի «հավաքականը» կարող է իր ակտիվում գրանցել որպես «հաղթանակ», հետևյալներն են. ժողովրդավարության շեշտակի նահանջ, ոստիկանապետական, գեստապոյական ու ճնշիչ մեթոդների արմատավորում, քաղաքական ու պարզապես բռնաճնշումներ, հարկերի, տուրքերի, տուգանքների ավելացում, բյուջետային միջոցների խայտառակ մսխումներ, կոռուպցիայի խորացում… Այ, այս հարցերում, այո, Փաշինյանի «հավաքականը» հաղթում է: Բայց ո՞ւմ է հաղթում. Հայաստանի քաղաքացիներին, բնակչությանը, այսպես ասենք՝ «երկրպագուների» բազմությանը: Մեծ հաշվով, դրանք ևս խայտառակ պարտություններ են թե՛ պետության, թե՛ երկրի, թե՛ ժողովրդի ու ապագա սերունդների համար:

Մի խոսքով՝ համատարած պարտություններ են: Ավելին, համատարած ջախջախիչ հաշվով պարտություններ են: Ու մենք այդ ամենի խորապատկերում տեսնում ենք միայն Վրաստանի ֆուտբոլի հավաքականից կրած 1-6 հաշվով պարտությո՞ւնը: Լավ, 1-9 հաշվով՝ երկու հանդիպման արդյունքում:

Իհարկե, ֆուտբոլային ղեկավարությունը պետք է հեռանա, քանի որ այդ խայտառակությունը նրանց հնգամյա գործունեության «արդյունքն» է: Բայց եթե վաղը, մյուս օրը Հայաստանի ֆուտբոլի հավաքականը, ասենք, Պորտուգալիային 0-6 հաշվով պարտվի էլ, դրանից միայն ֆուտբոլի հավաքականի անկյալ վարկանիշը մի քիչ էլ կընկնի: Ու՝ վերջ:

Այնինչ, Փաշինյանի, նրա գլխավորած «հավաքականի», այնտեղ «հանդես եկողների» և «պահեստայինների» ամեն մի պարտություն, ամեն մի սխալ «փոխանցում», ամեն մի վրիպում, ամեն մի սխալ ամենաուղիղ կերպով վտանգում է բոլորիս կյանքը, մեր երեխաների, մեր սերունդների, այդ թվում՝ ֆուտբոլի հավաքականի խաղացողների ապագան:

Լավ, եթե որևէ երկրում, ֆուտբոլային որևէ առաջնությունում որևէ թիմ 7 անգամ իրար ետևից խայտառակ պարտություններ կրի, չորրորդ խաղից հետո մարզչին էլ, ակումբի ղեկավարությանն էլ գործից կազատեն:

…Արդեն յոթ տարի Հայաստանի ղեկավարն է Նիկոլ Փաշինյանը, որի գլխավորած «հավաքականն» անընդհատ խայտառակ պարտություններ է կրում ու… հպարտանում դրանցով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Դադարեցրե՛ք ՔՊ-ին քննադատողների նկատմամբ հետապնդումները, ազատե՛ք քաղբանտարկյալներին․ Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը ներկայացրել է Ազգային ժողովի հայտարարության նախագիծ՝ Հայաստանում քաղաքական հետապնդումների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց իրավական երաշխիքների...

Քոչարյանը մեզ համար պայքարից չնահանջելու օրինակ է․ Հայկ Աթոյան

Քաղաքական հետապնդումները Հայաստանում սկսվել են դեռևս 2018 թվականի հուլիսի 27-ից, երբ կալանավորվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Այս մասին հայտարարել է «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Աթոյանը։ Նրա խոսքով՝ այն ժամանակ...

Ձեզ բոլորիդ համախմբում է մեկ ընդհանուր հանցագործություն․ դուք պետական հանցագործություն եք կատարում․ Եգանյանը՝ իշխանությանը 

«Նիկոլ Փաշինյանը, գալով իշխանության գլուխ, առաջինը թիրախավորեց Հայոց եկեղեցին։ Բայց տեսնում ենք՝ ուր է դա նրան տանում։ Ոչ մի լավ տեղ չի տանում։ Նիկոլ Փաշինյանը եկավ դագաղներով․ իրենք դագաղներն էին պարեցնում։ Եվ ես չեմ կարող մոռանալ մի շատ...

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևանում նոյեմբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը, 19-21-ին սպասվում է կարճատև անձրև։ Նոյեմբերի 17-ի ցերեկը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում նոյելբերի 16-ի ցերեկը, 17-ի գիշերը,18-ի և 19-ի ցերեկը, 20-21-ին ժամանակ առ ժամանակ առանձին...

Արևմուտքի ուշադրությունը պետք է մշտապես պահել Հայաստանի իրադարձությունների վրա․ Տիգրան Քոչարյան

«Շատերն ասում են՝ տեսե՛ք, Նիկոլ Փաշինյանի թիկունքին կանգնած է հավաքական Արևմուտքը և աչք է փակում այն ամենի վրա, ինչի դեպքում նախկինում աչք չէր փակում։ Այստեղ նույնպես լուծումներ կան։ Հավաքական Արևմուտքի ուշադրությունը պետք է անընդհատ...