Իրանի ազգային գրադարանում և արխիվում բացվել է Հայկական անկյուն

8 Սեպտեմբերի, 2025

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության՝ Իրանի Իսլամական Հանրապետություն այցի շրջանակում Իրանի ազգային գրադարանում և արխիվում հանդիսավորությամբ բացվել է Հայկական անկյուն, որտեղ ցուցադրվելու են Հայաստանի պատմության և մշակույթի մասին շուրջ 60 անուն գրքեր: Այս մասին տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարությունը:

Նախարարությունն արդեն փոխանցել է 15 անուն գիրք: Մի շարք գրքեր Հայկական անկյանը նվիրաբերել են նաև ՀՀ պատվիրակության անդամները:

Նախաձեռնությունն իրագործվել է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի առաջարկով և ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։

Միջոցառմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանին, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը, ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, Բրյուսովի պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը, պատվիրակության այլ անդամներ:

Ընդգծելով խորհրդանշական իրադարձության կարևորությունը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է՝ այն, ըստ էության, Հայաստան-Իրան դարավոր բարեկամության, հարևանության և միջմշակութային երկխոսության ևս մեկ վկայություն է։ Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի և Իրանի միջև մշակութային կապերի մասին խոսելիս պետք է առանձնահատուկ ընդգծել այն հիմնարար հաստատությունները, որոնք ծառայել և շարունակում են ծառայել մեր հիշողության պահպանմանը։

«Իրանում այդ առաքելությունը ստանձնել է Իրանի ազգային գրադարանը և արխիվը, իսկ Հայաստանում՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը և Հայաստանի ազգային գրադարանը։ Մատենադարանը, լինելով հայկական և օտարալեզու հազարավոր ձեռագրերի ու հնատիպ գրքերի պահոց, համարվում է ոչ միայն հայկական, այլև համաշխարհային քաղաքակրթության անգնահատելի կենտրոն։ Հայաստանի ազգային գրադարանը՝ իր հսկայական գրքային հավաքածուով, կարևոր դեր ունի հայ ժողովրդի գիտական ու գրական հարստության պահպանման և հանրայնացման գործում»,- ընդգծել է Ժաննա Անդրեասյանը։

Միջոցառման շրջանակում ստորագրվել է նաև փոխըմբռնման հուշագիր՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ և ԻԻՀ ազգային գրադարանի ու արխիվի կազմակերպության միջև։ Փաստաթուղթը ստորագրել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանն ու ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավար Ղոլամռեզա Ամիրխանին։

Հուշագիրը նոր հնարավորություններ է ստեղծելու հայերեն և պարսկերեն հին ձեռագրերի համատեղ ցուցադրությունների կազմակերպման, ինչպես նաև գիտահետազոտական ծրագրերի իրականացման համար: Արա Խզմալյանը, անդրադառնալով կազմակերպության հետ արդեն իսկ ձևավորված հաջող համագործակցությանը, տեղեկացրել է՝ Մատենադարանը գրադարանից մի քանի տասնյակ հատոր ցուցակներ է ստացել և դեսպանության միջոցով նաև Մատենադարանն է պարբերաբար ուղարկել իրանագիտական և հայագիտական բնույթի նյութեր:
«Առհասարակ, շատ դժվար է պատկերացնել հայագիտությունն՝ առանց իրանագիտության: Այս հուշագիրը մեծ հեռանկարներ է բացում թե՛ գրավոր ժառանգության համատեղ ուսումնասիրման,թե՛ ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտներում»,- ընդգծել է Արա Խզմալյանը:

ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավարի հետ հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Հայաստանի և Իրանի ազգային գրադարանների համագործակցության խորացմանը։ Հատուկ շեշտվել է 2025 թ. օգոստոսի 19-ին Երևանում ստորագրված փոխըմբռնման հուշագրի նշանակությունը, որի շրջանակում նախատեսվում են մասնագիտական փորձի փոխանակում, համատեղ նախագծեր և նոր նախաձեռնություններ։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև գրադարանային համակարգի մասնագետների վերապատրաստման և մասնագիտական կարողությունների զարգացման հնարավորությունները:

Անդրադառնալով թարգմանական ծրագրերին՝ ԿԳՄՍ նախարարն ու ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի կազմակերպության ղեկավարը կարևորել են հայերենից պարսկերեն և պարսկերենից
հայերեն գրականության թարգմանությունն ու հանրահռչակումը։

Հանդիպումը եզրափակվել է կողմերի պատրաստակամությամբ՝ շարունակելու մշակութային համագործակցությունը և միասին աշխատելու նոր ծրագրերի իրականացման ուղղությամբ։

Նմանատիպ նյութեր

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ուժեղ քամու, անձրևի, կարկուտի ու կայծակի հետևանքով Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղարոտ բնակավայրում ավերածություններ են տեղի ունեցել։ Ինչպես տեղից հայտնում է...

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Սեպտեմբերի 6-7-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։ Սեպտեմբերի 7-ին կայանալու է նախարար Միրզոյանի հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ, որից հետո նախարարները...

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

Երևանի՝ արտահանումը այլընտրանքային արտաքին շուկաներ վերաուղղելու փորձերը էական արդյունքներ չեն տվել, և Հայաստանի համար առանցքային տնտեսական գործընկերը շարունակում է մնալ ռուսական շուկան։ Այս մասին «Вести» տեղեկատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված...

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։ Այս մասին Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։ Ավելի վաղ ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը «The Armenian Mirror-Spectator»-ի համար...

«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

«Ուիգմոր» բժշկական կենտրոն տեղափոխված 8-ամյա տղան մահացել է

Սեպտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել «Ուիգմոր» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ իրենց...