Ինչպե՞ս մեկ տարում էլեկտրաէներգիայի հավելուրդը վերածվեց դեֆիցիտի

7 Հոկտեմբերի, 2026

Մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ ընդամենը մեկ տարի առաջ Հայաստանը էլեկտրաէներգիայի հավելուրդ ուներ, իսկ այսօր արդեն դեֆիցիտ է արձանագրում՝ դա պայմանավորելով ներդրումային ծրագրերի մեծ ծավալով։

«Ներդրումային ծրագրերն այնպիսի մասշտաբի են, որ Հայաստանն էլեկտրաէներգիայի պակասուրդ ունի»,- ասաց Փաշինյանը։

Թե որքանո՞վ է տրամաբանական և արդարացված, որ ընդամենը մեկ տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի հավելուրդից երկիրը անցնի դեֆիցիտի, YerevanToday-ը փորձել է հասկանալ Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի հետ զրույցում։

«Սա ռազմավարական պլանավորման իսպառ բացակայության մասին է խոսում։ Ընդամենը մեկ տարի առաջ մոդուլային ատոմային ռեակտորի կառուցումը ներկայացվում էր որպես ռազմավարական ընտրություն։ Հիմա արդեն խոսում են մեծ հզորության անհրաժեշտության մասին՝ սպասվող էլեկտրաէներգետիկ պակասորդը ծածկելու համար։

Լավ, իսկ մեկ տարի առաջ այդ պահանջարկը չէի՞նք հաշվարկել։ Ի՞նչ հաշվարկի հիման վրա էինք ընտրում մոդուլային տարբերակը։

Ատոմակայանը տասնամյակների համար ես կառուցում։ Նախ պետք է հասկանաս՝ ինչ տնտեսություն ես ունենալու, ինչ արտադրություններ են բացվելու, որքան է ավելանալու սպառումը։ Դրանից հետո որոշես՝ ինչ հզորություն է պետք, ինչ տեխնոլոգիա և ինչ ժամկետներում։

Մեզ մոտ այս հերթականությունը խախտված է։ Տնտեսության զարգացման ծրագրերն առանձին են, էներգետիկ որոշումներն՝ առանձին։

Մենք մինչև հիմա հստակ պատասխան չունենք նույնիսկ այն հարցին, թե հինգ տարի անց որքան էլեկտրաէներգիա է մեզ անհրաժեշտ լինելու։ Սա է պետական կառավարման որակի խնդիրը»,- նշեց նա։

Դավթյանի խոսքով՝ լրացուցիչ էլեկտրաէներգիայի պահանջարկ կարող են առաջացնել նաև նոր տեխնոլոգիական ծրագրերը։

«Վերցնենք արհեստական բանականությունը, Հրազդանում կառուցված ԱԲ ֆաբրիկան կամ կրիպտոարժույթների աճող մայնինգը։ Այս ծրագրերի իրականացումն ու ընդլայնումը լրացուցիչ պահանջարկ են ստեղծելու։

Ընդ որում՝ տվյալների կենտրոնին շուրջօրյա, հուսալի էլեկտրամատակարարում է անհրաժեշտ։

Պետք է նախապես իմանալ՝ այդ հոսանքը որտեղից ենք ստանալու, ինչ գնով, և արդյոք ցանցը պատրաստ է այդ բեռին»,- ասել է նա։

Մասնագետը, որպես օրինակ, ներկայացրեց նաև տվյալների կենտրոնների էներգասպառման աճի միջազգային միտումները։

«Որպեսզի մասշտաբը հասկանանք՝ Էներգետիկայի միջազգային գործակալության գնահատմամբ՝ աշխարհի տվյալների կենտրոնները 2025 թվականին սպառել են շուրջ 485 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա։ Մեկ տարում աճը կազմել է 17 տոկոս։ Իսկ հենց ԱԲ-ին ծառայող կենտրոնների սպառումն աճել է մոտ 50 տոկոսով։

Մինչև 2030 թ. ամբողջ տվյալների կենտրոնների սպառումը կանխատեսվում է շուրջ 950 մլրդ կՎտ.ժ, իսկ ԱԲ կենտրոններինը՝ եռապատիկ ավելի, քան 2025-ին։

Այսինքն՝ պահանջարկի աճն արդեն տեսանելի է, և դրա մասին այսօր մտածելն անգամ ուշացած արձագանք է»,- նշեց նա։

Փորձագետի գնահատմամբ՝ կառավարությունը պետք է ներկայացնի հստակ հաշվարկ՝ առաջիկա տարիներին Հայաստանի էներգետիկ պահանջարկն ինչպես է փոխվելու։

«Այդ հաշվարկի մեջ պետք է տեղ ունենան նաև հայտարարվող տեխնոլոգիական ծրագրերը։

Հակառակ դեպքում այսօր մոդուլային ռեակտոր են խոստանում, վաղը՝ մեծ ատոմակայան, իսկ տնտեսությունը մնում է սպասելու, թե իր համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան երբ և որտեղից է գալու։

Սա տնտեսությունն ու էներգետիկ սեկտորը «ручной режим»-ով կառավարելու դրսևորում է»,- եզրափակեց Դավթյանը։

Նմանատիպ նյութեր

Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան

Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը. Լևոն Ազիզյան

Ճապոնական JRA-3Q վերավերլուծության տվյալներով՝ նոյեմբերի առաջին 22 օրերին օդի միջին գլոբալ ջերմաստիճանը կազմել է +14,77 °C՝ կլիմայական նորման գերազանցելով 0,98 °C-ով։ Այդ մասին ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի...

Վարդապետյանի համար մեծագույն պատիվ է լինելու Քոչարյանի խցում իր պատիժը կրելը. Ագնեսա Խամոյան 

«Դեռևս նախագծի հրապարակումից առաջ իմ ելույթներում բազմիցս արձանագրել եմ, որ Նիկոլ Փաշինյանը փորձելու է այս նոր Սահմանադրությունը ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարի, նախկին և ներկա, այսպես ասած, թալանչիներին պատժելու և նրանցից թալանվածը...

Թուրքիայում քննարկվում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը

Թուրքիայում քննարկվում է արտահերթ ընտրությունների հնարավորությունը

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) ներսում լուրջ խմորումներ են։ Կուսակցության վարկանիշի անկման ֆոնին անդամները քննարկում են նախագահական կառավարման համակարգի վերանայման տարբերակներ։ Դրանց թվում են գործող համակարգի փոփոխությունը, նախագահի...

Արարատի մարզի դպրոցներից մեկում 11-ամյա աշակերտը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ

Արարատի մարզի դպրոցներից մեկում 11-ամյա աշակերտը սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել համադասարանցու նկատմամբ

Նոյեմբերի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը...

Փաշինյանը փորձում է հլու-հնազանդ հարթել Ալիևի համար բոլոր խոչընդոտները․ Լևոն Քոչարյան

«Երկու օր առաջ կալանավայրում էի՝ հորս տեսակցելու։ Երբ ներս մտա, արդեն հանձնուքներն էին հանձնում։ Սահմանադրության տեքստի տպված տարբերակը՝ համացանցից ներբեռնած և տպած օրինակը, նույնպես պետք է որպես հանձնուք փոխանցվեր նրան։ Հանդիպման...