Ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»

19 Սեպտեմբերի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս, երբ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն պաշտպանում է իր մասնակցությունը Ադրբեջանի իշխանությունների կողմից դեպի Արցախ կազմակերպված դիվանագիտական այցին, իսկ քննադատություններին պատասխանում է ոչ թե Արցախի հայ բնակչության բռնի տեղահանման, 2023 թվականի սեպտեմբերյան ռազմական գործողությունների, Լաչինի միջանցքի երկարատև շրջափակման, հումանիտար ճգնաժամի և ավելի քան 150 հազար հայերի հայրենազրկման փաստերի շեշտադրմամբ, այլ հայկական և ադրբեջանական կողմերի միջև հավասարազորության նշան դնելով։

Խոսքը ձևակերպումների մի «լեզվի» մասին է, որը արտաքինից ներկայանում է որպես չեզոքություն, հավասարակշռություն և միջնորդական զգուշավորություն, բայց իրականում հանգեցնում է պատասխանատվության լղոզման, զոհի և ուժ կիրառողի միջև սահմանների աղավաղման, փաստի և քարոզչության նույն հարթության վրա տեղադրման։

Գրոնոյի այցը եղել է Ադրբեջանի իշխանությունների կազմակերպած դիվանագիտական շրջայցի մաս, որի գլխավոր նպատակը Արցախում կատարվածի լեգիտիմացումն է միջազգային հանրության աչքում։ Քննադատության հիմնական առանցքը հենց այն էր, որ նման այցը տեղի է ունենում այն միջավայրում, որտեղ Արցախը բռնի հայաթափված է, իսկ միջազգային անկախ մոնիթորինգի, փախստականների վերադարձի երաշխիքների, հայկական մշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության մեխանիզմների հարցերը մնացել են օդում կախված։ Այսինքն, ԵՄ հատուկ ներկայացուցչի ներկայությունը ոչ թե պարզապես տեղում իրավիճակին ծանոթանալու տեխնիկական քայլ է ընկալվում, այլ փաստացի մասնակցություն մի բեմադրության, որի նպատակն է աշխարհին ցույց տալ «հետկոնֆլիկտային նորմալություն»՝ այդ նորմալության ամենակարևոր գործոնի՝ Արցախի բնիկ հայ բնակչության բացակայությամբ։

Գրոնոյի ձևակերպումների ամենախնդրահարույց կողմն այն է, որ դրանք կրկնում են միջազգային դիվանագիտության մեջ վաղուց արմատացած այն մեխանիզմը, որով ասիմետրիկ բռնությունը ներկայացվում է որպես «երկու կողմի պատմություն»։ Երբ նրան ուղիղ հարց է տրվում Արցախում հայկական եկեղեցիների, գերեզմանոցների, մշակութային հուշարձանների ոչնչացման, վերանվանման կամ յուրացման մասին, նա խոսքը տեղափոխում է հակամարտության ավելի վաղ փուլերում կողմերին վերագրվող ավերածությունների դաշտ և նշում, որ հաղորդումները պետք է անկախ կերպով ստուգվեն մշակութային ժառանգության փորձագետների կողմից։

Առաջին հայացքից սա կարող է թվալ պրոֆեսիոնալ դիվանագիտական պատասխան՝ որևէ կողմի վերջնական մեղադրանք չներկայացնել, հղում անել փորձագիտական ստուգման անհրաժեշտությանը, ընդգծել ժառանգության պահպանման կարևորությունը։ Սակայն քաղաքական և բարոյական մակարդակում ականատես ենք լինում շատ ավելի լուրջ իրողության։Փաստացի դատարկված Արցախում, որտեղ հայ բնակչություն այլևս չկա, որտեղ հայկական եկեղեցիները, խաչքարերը, գերեզմանոցները, արձանագրությունները մնացել են այն պետության վերահսկողության տակ, որի ղեկավարությունը տարիներ շարունակ առաջ է տարել հայկական հետքի ժխտման, «կովկասյան ալբանականացման» և պատմական հիշողության վերաձևման քաղաքականություն, եվրոպական ներկայացուցիչը պատասխանատվությունը չի կոնկրետացնում, այլ այն վերածում է ընդհանուր, երկկողմ, մշուշոտ և ապագա ստուգման ենթակա հարցի

Սա հատկապես խնդրահարույց է այն պատճառով, որ անկախ կազմակերպությունների և հետազոտողների կողմից արդեն արձանագրվել են հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, վնասման կամ ջնջման դեպքեր։ Այստեղ է, որ ի հայտ է գալիս եվրոպական դիվանագիտության հիմնարար հակասությունը։ Եվրամիությունը, որպես արժեքային միություն, իր ինքնությունը կառուցել է մարդու իրավունքների, ինքնորոշման, փոքրամասնությունների պաշտպանության, մշակութային ժառանգության պահպանման, ցեղասպանական կամ էթնիկ զտման քաղաքականությունների կանխարգելման գաղափարների վրա։ Բայց Հարավային Կովկասում՝ հատկապես Արցախի հարցում, այդ արժեքային լեզուն հաճախ զիջում է տեղը էներգետիկ, տրանսպորտային, աշխարհաքաղաքական և անվտանգության հաշվարկներին։

Ադրբեջանը ԵՄ-ի համար էներգակիրների մատակարար է, Թուրքիայի հետ կապող աշխարհաքաղաքական օղակ, Ռուսաստանի ազդեցությունը շրջանցելու ենթադրյալ ուղի, Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հետ կապերի մաս, իսկ Ուկրաինայի պատերազմից հետո Եվրոպայի էներգետիկ դիվերսիֆիկացիայի քաղաքականության մեջ Բաքվի նշանակությունն էականորեն աճել է։ Գրոնոյի պարագայում առանձնապես կարևոր է այն, որ նա ոչ թե անտեղյակ պաշտոնյա է, այլ Հարավային Կովկասի հարցերին երկար տարիներ առնչված փորձառու գործիչ։ Նա ունի ավելի քան 25 տարվա փորձ արտաքին քաղաքականության, հակամարտությունների կարգավորման և դիվանագիտության ոլորտում՝ մասնագիտանալով հատկապես հետխորհրդային տարածաշրջանի և Հարավային Կովկասի հարցերում։ Ուստի, այն վարկածը, թե եվրոպական դիվանագետները չեն հասկանում Արցախի հակամարտության պատմական ակունքները, տեղում ժողովրդագրական իրականությունը, Խորհրդային Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի արհեստական ընդգրկման խնդիրը, 1988 թվականից սկսված հայ բնակչության ինքնորոշման պահանջը, Սումգայիթի, Բաքվի և Կիրովաբադի հակահայկական բռնությունների ազդեցությունը, 2020 թվականի պատերազմը, Լաչինի միջանցքի փակումը և 2023 թվականի վերջնական ռազմական ճնշման հետևանքները, համոզիչ չէ։

Իրականում այսպիսի մոտեցումն արդեն ոչ թե չեզոքություն է, այլ կեղծ հավասարակշռություն։ Իսկ կեղծ հավասարակշռությունը հատկապես վտանգավոր է հետէթնիկ զտման և ցեղասպանական իրողությունների միջավայրում, որովհետև այնտեղ, որտեղ այլևս հայ բնակչություն չկա, «երկու կողմի» մասին խոսելը դառնում է ավելի անհեթեթ։Մի կողմը վերահսկում է տարածքը, նյութական միջավայրը, արխիվները, մուտքը, շինարարությունը, վերակառուցումը, պատմական ներկայացումը, իսկ մյուս կողմը զրկված է իր տներից, եկեղեցիներից, գերեզմաններից և նույնիսկ սեփական պատմության ֆիզիկական վկայություններին հասնելու հնարավորությունից։

Այդպիսով, եվրոպական պաշտոնյաները, ելնելով երկակի չափորոշիչներից ու քաղաքական հաշվարկներից, ոչ միայն լեգիտիմացնում են Ադրբեջանի կողմից իրագործվող հանցագործություններն, այլև անմիջական մասնակցություն են ունենում դրանց, իսկ դա շատ վտանգավոր ճանապարհ է, քանի որ Արցախի օրինակով իրադարձություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն աշխարհի տարբեր մասերում, այլև հենց Եվրոպայում։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

10 տարեկանների շրջանում արձանագրել ենք աննախադեպ ծավալների ֆունկցիոնալ անգրագիտություն. Փաշինյան

10 տարեկանների շրջանում արձանագրել ենք աննախադեպ ծավալների ֆունկցիոնալ անգրագիտություն. Փաշինյան

«2019թ․ հետազոտություն ենք արել 10 տարեկանների շրջանում, արձանագրել ենք աննախադեպ ծավալների ֆունկցիոնալ անգրագիտություն․․․ Ուսուցիչները դժվարությամբ են մասնակցում ատեստավորմանը, մեծ դիմադրություն է տեղի ունենում․ դրանք են փաստերը․․․ Եվ մեր քաղաքականությունն այն է, որ...

«Եկեղեցին բռնազավթված է և մենք այդ խնդիրը պետք է լուծենք»․ Փաշինյան

«Եկեղեցին բռնազավթված է և մենք այդ խնդիրը պետք է լուծենք»․ Փաշինյան

Պետության և եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով կամ կարգավորվում են օրենքով։ Օրենքը ընդունում է Ազգային Ժողովը, այսինքն, քաղաքական մեծամասնությունն է օրենք ընդունում և որևէ տեղ գրված չի, թե էդ օրենքի մեջ ինչ պետք է գրված լինի։ Այս մասին «Բուն TV»...

Արցախը բեռ համարում է Փաշինյանը և հենց Փաշինյանի օրոք Արցախն ընկավ․ Արթուր Խաչատրյան

Արցախը բեռ համարում է Փաշինյանը և հենց Փաշինյանի օրոք Արցախն ընկավ․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սեպտեմբերյան պատերազմները․․․ Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը կոչվում 44-օրյա։ Այդ պատերազմը 44 օր չի տևել, չի ավարտվել...

«Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք». Բագրատ սրբազան

«Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք». Բագրատ սրբազան

Բագրատ սրբազանն Արցախի դեմ վերջին ագրեսիայի 3-րդ տարելիցի օրը նախկինում արված տեսանյութ է հրապարակել, որտեղ նա խոսում է Արցախի ու արցախցիների վերադարձի իրավունքի մասին։ «Վերադառնալո՛ւ են Արցախ, որքան էլ այն շատերի համար լինի բեռ․ վերադառնալո՛ւ ենք»,- իր խոսքում նշել է...

Վերադարձի իրավունքը հիմնարար իրավունք է․ Արամ Վարդևանյան

Վերադարձի իրավունքը հիմնարար իրավունք է․ Արամ Վարդևանյան

Արցախի հայաթափման երրորդ տարելիցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն անդրադարձել է արցախահայության վերադարձի իրավունքին։ «Արցախից մեր հայրենակիցները էթնիկ զտման զոհ են: Երեք տարի է անցել: Վերադարձի իրավունքը՝  հիմնարար իրավունք է: Իրավունք, որը ենթադրում է անվտանգ,...