Եթե լսենք Փաշինյանին, կստացվի՝ երեկ Հանրապետության հրապարակով 8 մլրդ դոլար է անցել։ 8 տարի լինելով իշխանության՝ խելքից դուրս պարտքեր է կուտակել, ՔՊ-ական պաշտոնյաները չլսված տեմպերով հարստացել են, կոռուպցիան աճել է, հարկ ու տուրքը շատացրել են, զուգահեռ 8 մլրդ դոլար պարտք արել ու չեն տվել հաշվետվություն, թե ինչ եղավ էդ փողը։ Հիմա ինչ-որ զենքեր է պտտացնում հրապարակում ու ասում՝ էս էլ 8 մլրդ դոլարը։ Դա նորմա՞լ է։ Ստացվում է՝ երեկ Հանրապետության հրապարակում պարադ էր անում պետական պարտքը։
Անշուշտ՝ սա ընդամենը ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի շքերթ էր։ Մարդ, որն ամեն օր խաղաղությունից է խոսում, զորահանդեսի իմաստը ո՞րն է։ Զորահանդեսն ուժի ցուցադրություն է․ ո՞ւմ ես ուժդ ցուցադրում։ Պարտված մարդուց ռազմական շքերթ՝ աբսուրդ է։ Ո՞նց կարող է իրար հետևից երեք պատերազմ ու երեքում էլ պարտություն բերածը, թշնամուն միլիարդավոր դոլարների զենք հանձնածը շքերթ անել։ Առնվազն հասկանում ես, որ այդ զենքերն էլ է հանձնելու։
Բաքվում ունենալով գերիներ՝ ռազմական շքերթ անելն աբսուրդ է։ Հայաստանից ունենալով օկուպացված տարածքներ՝ զորահանդես անելն աբսուրդ է։ Մենք, այո՛, նախկինում զորահանդես անում էինք և ցույց էինք տալիս, որ տարածաշրջանում մարտունակ ու թելադրող բանակ ունենք։ Հիմա՞ ինչ ես ցույց տալիս․ ասում ես՝ Սև լճի 30 տոկոսի համար կռիվ չենք անի։ Ինչպես որ Արցախը հանձնելիս քո զենքերը մի պատրոն չկրակեցին, այնպես էլ չեն կրակելու Տիգրանաշենը դատարկելիս, Սյունիքը դատարկելիս։ Էլի ասելու ես՝ մինչև շաբաթվա վերջ եթե չհանձնեմ՝ պատերազմ կլինի։
Լավ, բա զենքն ու պարադն ինչի՞ համար են, եթե կիրթ ու կառուցողական է Ալիևը, արդեն բարեկամ եք․ բա ո՞ւմ ես ուժդ ցույց տալիս, զենքը ո՞ւմ դեմ է գործելու, Ռուսաստանի՞։ Զենքը պարզած՝ լոլիկ ու ծիրան ե՞ս արտահանելու։ Այդ պարադն ընդամենը նախընտրական քարոզարշավի համար էր․ տեսեք՝ ինչեր եմ առել, ինձ ընտրեք։ Կներեք, բայց թույլ հիմքեր են։
Հա, Պապիկյանենք խորամանկություն էին արել՝ ցուցադրվող զենքերին հայկական անուններ տալով և լսողի մոտ տպավորություն ստեղծելով, թե բոլորը հայկական են։ Հնդկական, չինական, իրանական և այլ զենքերին տվել էին Տորք, Շանթ, Արամազդ, Նիզակ և այլ անուններ։
Նիկոլը շնորհավորում է ժողովրդին՝ իբր նոր բանակ ունենալու առիթով։ Լավ, հիմա մի փոքր էքսկուրս, թե ինչ որակի զենքեր են․
Հրապարակով անցած ֆրանսիական Bastion զրահամեքենաները Հայաստանին փոխանցվել են բազային՝ ամենապարզ տարբերակով․ այս մեքենաները երբևէ չեն եղել Ֆրանսիայի բանակի սպառազինության մեջ։ Դրանք ի սկզբանե մշակել է ԱԿՄԱՏ (ACMAT) ընկերությունը՝ հիմնականում դեպի աֆրիկյան երկրներ արտահանման նպատակով։ Bastion-ները նախատեսված են հրաձգային զենքերից և թեթև ականներից պաշտպանվելու համար։ Դրանք չունեն բավարար պաշտպանություն ժամանակակից անօդաչու թռչող սարքերի և հակատանկային կառավարվող հրթիռների դեմ։ Հեշտ նկատելի թիրախ են մարտադաշտում՝ հակառակորդի ռադարների կամ դրոնների համար։ Այս փոխադրամիջոցից ունեն Շվեդիան, Կոսովոն, Տանզանիան, Չադը և այլն, և օգտագործում են հիմնականում ոստիկանության կամ հատուկ նշանակության ջոկատների համար․ ընդամենը փոխադրամիջոց է։
Ցուցադրվեցին CH-4 կամ «Ցայ Հոնգ» չինական անօդաչու թռչող սարքեր․ սրանցից օգտագործել են Իրաքը, Սաուդյան Արաբիան, Ալժիրը, Իրանը, Հորդանանը և այլն, և հայտնաբերել են պարբերական խափանումներ և սպասարկման բարդություններ: 2019թ․ ԱՄՆ կառավարության զեկույցի համաձայն՝ Իրաքի զինված ուժերի տրամադրության տակ գտնվող ավելի քան տասը CH-4B անօդաչուներից միայն մեկն էր մարտունակ վիճակում: Մնացածը չէին կարողանում թռիչքներ իրականացնել՝ տեխնիկական շահագործման խնդիրների և պահեստամասերի որակի պատճառով: Որոշ երկրներ անգամ հրաժարվել են դրանց հետագա գնումներից (օրինակ՝ Ալժիրը) կամ փորձել են վաճառել արդեն գնված խմբաքանակները (օրինակ՝ Հորդանանը)։ CH-4-ը ստեղծված է այնպիսի պայմաններում աշխատելու համար, որտեղ հակառակորդը չունի զարգացած հակաօդային պաշտպանություն: Ունենալով մեծ չափեր, համեմատաբար դանդաղ ընթացք՝ այն հեշտ թիրախ է ռադիոլոկացիոն կայանների համար: Եմենի պատերազմի ընթացքում Սաուդյան Արաբիան կորցրել է տասնյակ CH-4 սարքեր, որոնք խոցվել են համեմատաբար հին և ոչ ժամանակակից ՀՕՊ հրթիռներով:
Ցուցադրվեց 155 մմ տրամաչափի քարշակվող հաուբից «Էյ-Թագս» (ATAGS)։ Այո, համարվում է աշխարհում ամենահեռահար (48 կմ) և ավտոմատացված հրետանային համակարգերից մեկը։ Ամենագլխավոր թերությունը նրա ֆիզիկական քաշն ու չափսերն են՝ 18 տոննա։ Նման ծանր զենքի տեղաշարժը լեռնային ոլորաններով, նեղ գրունտային ճանապարհներով և կտրտված ռելիեֆով խիստ դժվար է։ Պահանջում է գերազանց ճանապարհային ենթակառուցվածքներ։ Այս հաուբիցը տեղափոխելու համար պահանջվում են հատուկ, գերհզոր ռազմական քարշակներ, որոնք արդեն հեշտ խոցելի թիրախներ են դրոնների համար։ Բացի այդ, այս համակարգը չունի շահագործման փորձ։ Միակ գնորդը Հայաստանն է։ Թեև արտադրված է հնդկական բանակի պատվերով, բայց բանակը դրանցից չի ստացել։ Նիկոլն ասում էր՝ գործարանային զենքեր ենք առել․ ավելացնեմ՝ չփորձված։ Ռուսաստանը, օրինակ, մեզ տալիս էր երաշխավորված, փորձված զինատեսակներ։
Եվս մեկից խոսենք երեկ ցուցադրված․ 155 մմ տրամաչափի ինքնագնաց հաուբից MArG։ Սա ևս հնդկական զենք է, որից դարձյալ հնդկական բանակը չունի, ավելին՝ չի էլ պատվիրել։ Առաջին ու միակ շահագործողը Հայաստանն է։ Ունի կրակի համեմատաբար փոքր հեռահարություն․ հակառակորդի ավելի երկար փող ունեցող հրետանին կարող է թիրախավորել MArG-ը՝ մնալով նրա խոցման գոտուց դուրս: Այն ունի պաշտպանվածության լուրջ խնդիրներ. կրակի ժամանակ դրսում աշխատող հրետանավորները լիովին անպաշտպան են: Դրանք հեշտ թիրախ են հակառակորդի հրետանու արկերի բեկորների, ինչպես նաև ԱԹՍ-ների և կամիկաձե դրոնների համար: MArG-ն իր վրա կարող է կրել ընդամենը 18 արկ, որոնք ինտենսիվ կրակի դեպքում 4-5 րոպեում սպառվում են։ Այսինքն՝ կայանքին պետք է անընդհատ մոտ գտնվի զինամթերքի մատակարարման առանձին բեռնատար մեքենա, ինչն ավելացնում է թիրախների քանակը խոցման գոտում: Կրկնում եմ՝ անգամ հնդկական բանակը դրանից չի օգտագործում։
Մյուս զինատեսակներին չանդրադառնամ։ Է՛ս ա Նիկոլի նոր բանակը, որի համար շնորհավորում է, չեմ հասկանում, թե ում։ Ի՞նչն եք ինչով փոխել։ Ասում է՝ քանի դեռ ՀԱՊԿ-ում չէինք սառեցրել մեզ, զենք չէին տալիս, հիմա տալիս են։ Բայց ի՞նչ են տալիս։ Ընդ որում, զենքեր են բերել, որոնց հրթիռների մատակարարման խնդիր են ունենալու, ընկնելու են ՍՈւ-երի օրը։
Մենք Ռուսաստանից ստանում էինք պատերազմներով անցած ու արդարացված զենք․ սրանք գնում են զենքեր, որ անգամ վաճառող երկիրն իր բանակում չի օգտագործում։ Սրանք անգամ զորավարժություն չեն անում, որ հասկանանք՝ որքանով են պիտանի այդ զենքերը։ Առաջ հայկական բանակը զորավարժություններից մեդալներով ու մրցանակներով էր գալիս, տանկ էին շահում․ հիմա սրանք ոչ թե զորավարժություններով են ուրախանում, այլ զինվորների արձակուրդի ժամկետները երկարացնելով։ Այս տարի արդեն 25 զորավարժություն են միասին արել Թուրքիան ու Ադրբեջանը, դո՞ւ ինչ ես արել։
Կարճ ասած՝ սրանց ցույց տված սիրուն կադրերը նման են իրենց սիրուն խոստումներին, որոնք այդպես էլ չկատարվեցին, փուչ էին։ Ի վերջո, կարևորն այն չէ՝ ինչ զենք ունես, կարևորն այն է՝ ով է ղեկավարում։ Թե չէ՝ մեր բանակը «Սմերչ» էլ ունի, «Իսկանդեր» էլ, «Տոչկա-Ու» էլ․ բայց նաև ունի Նիկոլ, որը հպարտանում է իր պարտությամբ, զենքերը հանձնում է թշնամուն, բարեկամներին հռչակում թշնամի, թշնամիներին՝ հլու-հնազանդվում։
Ժողովուրդ ջան, դարձյալ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ մեզ պետք է առաջնորդ, որը բանակը պարտքով չի պահի, զենքը պարտքով չի գնի, բայց գնելիս էլ խաղալիք չի գնի, չի մսխի գումարը։ Պոպուլիստը, անկարողը, սուտասանն այդպիսին է ամենուր։ Ահա նաև ինչի համար է կարևոր հունիսի 7-ին մեկ մարդու նման ընտրատեղամաս գնալը և սրանց մերժելը․ լիարժեք խաղաղության, պաշտպանված ու պաշտպանող բանակի համար։
Սևակ Հակոբյան

