Ինչպես նախորդ թողարկմանը նշեցի, Փաշինյանն այլևս չի կարող ասել, թե ժողովուրդն իրեն է ընտրում։ Այս փաստը խորքային խնդիրներ է բերում պետության մեջ, որովհետև փաստացի երկիրը ղեկավարում է մարդ, որը չի ստացել դրա համար ձայներ, բայց նաև խնդիրներ է ստեղծում հենց այդ կուսակցության մեջ։ Եկեք պատկերացնենք, թե ՔՊ-ն ժողովրդավարական կուսակցություն է, որտեղ ազդեցությամբ, վարկանիշով են որոշվում գործընթացները՝ ով որ տեղում, դիրքում լինի։ Ցանկացած կուսակցություն առաջադրում է վարչապետի թեկնածու և ցուցակի առաջին համար ըստ վարկանիշի, ըստ հասարակության մոտ ազդեցիկության ցուցանիշի։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը էն վարկանիշը, որ ուներ 2018 թվականին, այլևս չունի։ Հիշեցնեմ, 2018թ․ դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններում հավաքել էր 70 տոկոսից մի քիչ ավելի քվե, և որևէ մեկը չի վիճարկում, որ դա իր անձնական վարկանիշի արդյունքն է։ Անգամ երբ դրանից երեք ամիս առաջ Հայկ Մարությանը դարձավ Երևանի քաղաքապետ, բացառապես պատճառն այն էր, որ իր քարոզարշավն իրականացնում էր, նրա առաջադրողն ու երաշխավորը Փաշինյանն էր։ Դա ևս որևէ մեկը չի վիճարկում։
2021-ի արտահերթ ընտրություններում, չնայած որ պատերազմ էր եղել, 5 հազար զոհ, այդքան կորուստներ, Արցախի կեսից ավելին օկուպացված էր թշնամու կողմից, Փաշինյանը ստացավ 680 հազար ձայն, մոտ 54 տոկոս, ու որևէ մեկը չէր վիճարկում, որ դա իր անձնական վարկանիշն է․ ժողովուրդը, ամեն դեպքում՝ ընտրությանը մասնակցածների մեծամասնությունը իր հետ էր։
Ի՞նչ տեղի ունեցավ 2026-ին․ գործադրվեց անպատկերացնելի մեծության վարչական ռեսուրս․ բոլորիս աչքի առաջ է եղել, ինչպես ասում են՝ ափաշքյարա․ պետբյուջեի միջոցներից կաշառում ընտրողներին, զանազան ֆինանսական ու սոցաջակցություններ, տուրքերի հանում, տուգանքների չեղարկում, ուղիղ օգնություններ մարզպետ-համայնքապետերի կողմից։ Եղան քաղաքական հակառակորդների բացահայտ ու վերջ չունեցող բռնաճնշումներ, հիմնական հակառակորդ քաղաքական ուժի առաջնորդի կալանքի տակ պահում, քարոզչության մասնակցելու իրավունքից զրկում, մնացած ուժերին՝ սպառնալիքներ, վախի մթնոլորտ։ ժողովրդին ուղղված ֆեյքային գրոհ, թե՝ եթե այդ երեք ուժերը հաղթեն՝ պատերազմ կլինի, «պատերազմի եռագլուխ կուսակցություն» և այլն։ Ուղիղ հակաքարոզչություն է եղել։ Անսպառ փող ծախսվեց ՔՊ-ի կողմից, ու անգամ որևէ մեկը չի էլ հարցնում ձեզ ո՞րտեղից էդքան փող, չէ՞ որ դուք աշխատավարձով ապրող եք, ինչպես որ հայտարարում եք, ու ոնցոր թե ձեր ստացած ողջ աշխատավարձը ձեր հաշիվների վրա է։ Այսինքն ձեր միլիոնները, որ պարգևավճար ու աշխատավարձի տեսքով ստացել եք, չեք հանել-դրել քզարոզարշավի վրա, բայց չգիտես որտեղից՝ միլիոնավոր դոլարներ եք ծախսել քարոզչության, հակաքարոզության վրա։ Էդպիսի մարդ չկա, որ ամեն անգամ որևէ սոցցանց բացելիս չի տեսել ձեր հակաքարոզչական նարատիվները, օրը մի 100 անգամ։ Էդ բոլորը մեծ փողեր են, չէ՞, և որևէ մեկը հաշվետվություն չի տվել, թե էդ գումարները որտեղից ձեզ։ Էդ ոնց է, որ «շատ ազնիվ» և բացառապես օրինական եկամուտներ ունեցող կուսակցությունը «Ֆորբս»-ի միլիարդատիրոջ առաջնորդությամբ գործող քաղաքական ուժից անգամներով շատ փող է ծախսում։ Էդ ո՞նց է էդպես ստացվում։
Եվ այսքանից հետո, էդ ամեն ինչի արդյունքում, Նիկոլի ղեկավարած ուժը ստանում է ձայների ընդամեը 49 տոկոսը՝ ըստ ԿԸՀ-ի։ Թվարկածս ողջ ռեսուրսները, ընտրական խարդախություններն անելուց հետո էլ ամեն մախինացիա կիրառում են, որ երրորդ ընդդիմադիր ուժը չանցնի, էլ ԿԸՀ-ն է ապօրինությունն անում, էլ ՍԴ-ն է էս խայտառակությունները ճանաչում օրինական, և Նիկոլ Փաշինյանն այդպիսով լուծում է իր իշխանության մնալու հարցը։
Բայց առաջանում են հարցեր․ լավ, քո կիրառած ամեն խոշոր ապօրինի ազդեցության մեթոդ աշխատել է․ այդ մեթոդներին եթե տոկոս տանք, չոր հաշվարկով՝ 5 տոկոս (իհարկե՝ այդքան քիչ ազդեցություն չեն ունեցել, պետբյուջեով ընտրակաշառքներ է, որ բաժանել եք). անգամ եթե ամեն ռեսուրսին 5 տոկոս տանք, երբ դրանք գումարում ես, այդքանի մեջ չի երևում՝ ուր է Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշը, որքա՞նն է էդ 49 տոկոսի մեջ, 5 տոկո՞ս, 10 տոկո՞ս․ որքա՞ն։
Հիմա եթե ես եմ էս ամենը կարողանում հաշվարկել ու վերլուծել, վստահ եմ, որ իշխանական կուսակցությունն ու առանձին դեմքերը, որ ավանդ ունեն Նիկոլի իշխանության գալու և այս տարիներին այն պահպանելու մեջ, իրենց մոտ հարց է, չէ՞, առաջանում՝ լավ, ինչի՞ ես դու առաջնորդ, իսկ գուցե ցանկացածս առաջնորդ լինեինք և վարչապետի թեկնածու, ոչ թե էդ սաղ ռեսուրսները կիրառելով՝ ծերը-ծերին հազիվ ձգեինք 49 տոկոսի, այլ Ալեն Սիմոնյանի ասած՝ 65-ի՞։ Օրինակ՝ ինչի՞ ես դու առաջնորդ, ինչի՞ ես դու վարչապետ, ինչի՞ ես դու որոշում՝ Ալեն Սիմոնյանը լինի ԱԺ նախագահ, թե ոչ։ Ակնհայտ է, չէ՞, որ դա Նիկոլի որոշումն է եղել, թող հեքիաթ չպատմեն, թե էնտեղ ինչ-որ դեմոկրատական գործընթացով են առաջնորդվում։ Տենց որ լիներ, Ալեն Սիմոնյանը անցած ընտրություններում էլ չէր դառնա ԱԺ նախագահ․ եթե վարչության ընտրելով էր, վստահ եմ, որ էդ վարչության մեջ ոչ մեկ Ալեն Սիմոնյանին ո՛չ իր արժանիքների համար, ո՛չ առանձին անձնական սիմպատիայի համար չէր ընտրելու։ Դա եղել է Նիկոլ Փաշինյանի որոշումը։ Իսկ թե ինչ պատճառով՝ իրենք ավելի լավ գիտեն։
Հիմա հարց եմ տալիս՝ նույն Ալեն Սիմոնյանը կարող է, չէ՞, նստել-մտածել․ լավ, հլը սպասի, էլի, իսկ ինչի՞ ես դու որոշում՝ ես լինեմ, թե չլինեմ։ Իսկ իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, որ վստահ եմ՝ մտածում է, որ ինքը սաղ ստվերային աշխատանքն անողն է, Նիկոլը ո՞վ է՝ խմող, անընդհատ ուտող, վստահ եմ՝ ցերեկը, գործի ժամին քնող, առանձնապես վարկանիշ չունեցող, իսկ հակավարկանիշը՝ Անկախ Հայաստանի սաղ պատմության մեջ ամենամեծ հակավարկանիշ ունեցող գործիչն է։ Եվ ուրեմն, էդ ո՞նց եղավ, որ նա դարձավ վարչապետ ու որոշում է՝ ես լինեմ ազդեցիկ, թե չլինեմ։ Կարո՞ղ է մտածել Արայիկ Հարությունյանը։ Վստահ եմ՝ կարող է մտածել․ մյուսներն էլ՝ Արսենթորոսյանները, Ռուբինյանները։ Որ էս սաղ մեղքերը, հանցագործությունները, էս թրքացման ճանապարհը հաշվի առնելով, Արցախի հանձնման, 5 հազար զոհ տալու գնով մնացել են այ էդ թիմի անդամներ, չեն հրաժարվել դրանից, որպեսզի օգտվեն էդ բարիքներից և լինեն ազդեցիկ, ինչի՞ իրենք պետք է, օրինակի համար, չմտածեն՝ իսկ Նիկոլ Փաշինյանի ֆենոմենն ու ունիկալությունը ի՞նչ եղան։ Չէ՞ որ արդեն չես էլ ընտրվում, չէ՞ որ արդեն դու որ կաս՝ ավելի քիչ ձայն են տալիս։ Եթե դու ունեիր հեղինակություն, բա էլ ինչի՞ էինք էսքան ՍԴ ներդնում, ԿԸՀ-ի Վահագն Հովակիմյանը ջանք չէր խնայում, որ Ծառուկյանը չանցնի, Աննա Վարդապպետյանը, քննչականը, հակակոռուպցիոնը մեռան Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ինչ ասես անելով։ Դրանք բոլորը չարչարվել են, հանցագործությունների են մասնակցել, որ դու անցնես։ Լավ, իսկ ինչու պետք է հենց դու դառնաս, կարող էինք ավելի հեշտ անել, մի քանի հանցագործություն պակաս անել, կարող էինք պետական ինստիտուտները չքանդել, գոնե խոսելու տեղ կունենայինք նույն եվրոպացիների մոտ, որ գնում ենք հիմա գլուխներս կախած՝ իրենց սաղ ասածներն անում ենք, որովհետև խոսելու տեղ չունենք, ընտրական պարտքերն ենք տալիս, ու չենք կարող ասել՝ ժողովուրդը մեզ ընտրում է։ Չի ընտրում, ու արդեն բոլորն են դա հասկանում։
Որ ասեմ մի լավ բանակցող ես, դա էլ չես, որ ասեմ Պուտինի հետ ես լեզու գտնում, դա էլ չես կարողանում։ Իսկ կարող ա՞, օրինակ, Ալեն Սիմոնյանը քո ցուցումով հակառուսական քայլեր չաներ, ավելի լավ լեզու գտներ նույն Պուտինի կամ Մատվիենկոյի հետ, կարող է՞ Արսեն Թորոսյանը ավելի լավ կարողանար բանակցեր՝ էդ սաղ հարցերը լուծեր։
Կարճ ասած՝ ինձ թվում է՝ իշխանական կուլիսներում հենց այս խոսակցություններն են, որ չեն կարող չլինել։ Ու ամեն անարադարություն, որ իրենց այ էդ գողացած իշխանությանը բաշխելու ընթացքում տեղի ունենա, իրենք բոլորը սա՛ են խոսելու ու մտածելու են՝ իսկ ինչո՞ւ պետք է դու որոշես, չէ՞ որ ժողովուրդը այլևս քեզ չի ընտրում։ Քեզ ընտրում է էնքան ու գուցե ավելի քիչ, քան կընտրեին Ալեն Սիմոնյաին, Արայիկ Հարությունյանին, Արսեն Թորոսյանին, ինչու ոչ՝ Ռուբեն Ռուբինյանին, չգիտեմ՝ Հայկ Կանջորյանին, տո Լիլիթ Մակունցին։ Նրան դնեիր՝ շատ ավելի ձայն կհավաքեր ինքը իրենով, քան դու։ Որովհետև հլը նայիր՝ ինչ մեղքեր ունես քեզ վրա։ Մակունցի ամենամեծ մեղքն այն է, որ քո թիմի անդամ է, մասնակից է և աջակից է եղել գործընթացներին, գուցե և լուռ։ Այնպես որ դու՝ Փաշինյանդ, լեգիտիմ չես նաև հենց քո թիմի ներսում։ Ու վստահ եմ՝ դա քննարկման թեմա է։
Սևակ Հակոբյան






