Երեկ՝ մարտի 16-ին տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր միջոցառումը, և Ռոբերտ Քոչարյանը պաշտոնապես հայտարարվեց վարչապետի թեկնածու։ Շատ պետք է ուզենայինք, որ բոլորովին ուրիշ իրավիճակ լիներ․ երբ 2021 թվականին նույն դաշինքը ձևավորվեց և մասնակցում էր ընտրություններին, լրիվ ուրիշ Հայաստան ունենալու ակնկալիք կար, խոստում կար ու անհրաժեշտություն կար․ մնաց նույն իշխանությունը, բերեց էլի աղետ, կորուստ, դրա արդյունքում հիմա ընտրությունների գնալու ենք ավելի փոքր սահմաններով, ներսում ավելի բևեռացված, ավելի թույլ, ավելի անպաշտպան ու էլ ավելի մեծ վտանգներով։ 2021 թվականին շատերս կանխատեսում էինք՝ ինչ կլինի, եթե ընտրվի Նիկոլը։ Ցավոք՝ անգամ ամենավատատեսական պատկերացումները գերազանցեց։ Նիկոլին ընտրողները մտածում էի՞ն, որ հազարավոր լուսավոր տղերքի կյանքի գնով պահած Արցածը, մի ստորագրությամբ կհանձնի թշնամուն․ ո՛չ։ Որ կարող է մի օր Ալիևի պահանջով սահմանադրություն փոխել՝ էլի դժվար կլիներ պատկերացնելը։ Արդարադատության նախարարն ասում է, որ տեքստը արդեն պատրաստ է, պետք է քննարկվի ՔՊ նիստում։ Իսկ ՔՊ նիստի հաստատումից հետո՞ է ուղարկվելու Ալիևին ու Էրդողանին, թե՞ արդեն նրանք հաստատել են։ Դուք, ժողովուրդ, պատկերացնում ե՞ք, թե Նիկոլի ընտրվելով ինչ սահմանադրություն ենք ունենալու մեկ տարի անց և ինչ երկիր՝ 5 տարի անց։ Պատկերացնու՞մ եք, որ 20 թվականից հետո ընտրվելով, ինչեր արեց, բա հիմա ինչեր է անելու․ ու ամենից անարդարը գիտե՞ք որն է․ այդ ամենը էլի գրելու է ժողովրդի կամարտահայտության որպես արդյունք․ էն որ ասում ա է՞ չեն ուզում՝ թող հեղափոխություն անեն, թող չընտրեին․ որ ընտրել են, ուրեմն համաձայն են։ Այ այդպես։
5 տարի առաջ ընտրություններին մոտենում էինք Շուշի ու Հադրութ վերադարձնելու խոստումներով․ այսօր մոտենում ենք ընտրություններին, երբ Արցախի հազարամյակների պատմության մեջ առաջին անգամ հայ չի ապրում։ 2021 թվականի ընտրություններին երբ մոտենում էինք, Բաքվի բանտերում կային հայ գերիներ, ու մարդամեկն ասում էր՝ ոչինչ, մի երկու ամիս էլ կսպասեն ու մեզ կներեն։ Անցել է 5 տարի, ու էլի կան գերիներ։ Բաքվի բանտերում․ դատապարտված՝ ցմահ, կամ 20 տարով։
Լավ, Նիկոլի ընտրվելու դեպքում 5 տարի հետո ի՞նչ երկիր ենք ունենալու։ Գիտե՞ք, առաջ երբ հրապարակվում էր Հայաստանի քարտեզը՝ առանց Արցախի, աղմուկ էինք բարձրացնում։ Այսօր նա, դոշին կախած Հայաստանի փոքրացված քարտեզը, ման է գալիս․ եթե ընտրվեց, 5 տարի հետո ի՞նչ քարտեզ է կպցնելու։ Հիշում ե՞ք առաջ մակետի վրա ցույց էր տալիս Հայաստանի քարտեզը ու մի փոքրիկ կտոր․ եթե ընտրվեց, այդ փոքր կտորն է մնալու ու պարտադիր հղում է անելու ժողովրդի կամքին, ցանկությանը, համաձայնությանը։ Անգամ նրանց, ում տներն ու գերեզմանները հանձնած լինի։
Նիկոլին վերջին շրջանում միշտ տեսնում ենք ուտելիս։ Ուտելը բնական պրոցես է․ դրանով ի՞նչ է ցույց տալիս․ ի՞նչ է ուզում ասել, որ կարողանում է ուտե՞լ, որ սովա՞ծ էր։ Իր մրցակցային առավելությունը դա է՞, իր ընտրողին ցույց է տալիս, որ իր ընդունակությունը դա՞ է։ Այո, ծամելու չեմպիոն է, պարտք անելու և ուտելու։ Երևի ուզում է ասել, որ՝ սաղ մոռացեք, ժողովուրդ, խնդիրները, դժբախտությունները մոռացեք, պատմությունը մոռացեք, Հայոց պատմություն չկա, կա Հայաստանի պատմություն, որը սկսում է 2020 թվականից ու թե այդ ինչպիսի Հայաստան է կոչվելու, դա արդեն կարևոր էլ չէ։
Չգիտեմ՝ Նիկոլի ընտրության պարագայում 2031 թվականի ընտրությունները ոնց են կոչվելու՝ ՀՀ 10-րդ գումարման ազգային ժողովի՞, թե Ադրբեջանական մարզ Հայաստանի առաջին գումարման Միլի մեջլիսի: Ժողովուրդ, իրական բան եմ ասում, իսկապես կարող է լինել։ Բարեբախտաբար սրա այլընտրանքը կա։
Երեկվա միջոցառմանը հնչեցին մի շարք խոստումներ՝ անվճար բարձրագույն կրթություն, աղքատության կրճատում, թոշակների կտրուկ բարձրացում, նվազագույն աշխատավարձի բարձրացում, հայրենական արտադրանքի խթանում, գործազրկության կրճատում, մրցունակ արդյունաբերություն, գյուղատնտեսություն, գրավիչ երկիր ներդրումների համար։ Այս բոլոր խոստումները կարևոր են, ու երբ դրանք հնչում են երկրորդ նախագահից, կա հավատ, որ իրականանալու է։ Տեսել ենք մի անգամ արդեն։ Բայց ընդունենք, որ ժողովուրդը երկրորդ նախագահից միայն դա չէ, որ սպասում է։
Երբ մարդկանց փողոցում հարց են տալիս, թե ինչպիսի ղեկավար կուզենայիք ունենալ, ամենագլխավոր հատկանիշն է՝ ուժեղ, հզոր ղեկավար, որից թշնամին վախենա, որը կարողանա երկրում կարգ ու կանոն հաստատել։ Ի դեպ, հենց նման առաջնորդի մասին են խոսում, ես մտածում եմ, որ նրանց մտքում Ռոբերտ Քոչարյանն է։ Չկա մի հոգի, որ ասի՝ ես ուզում եմ Նիկոլի նման առաջնորդ։ Նիկոլի նման առաջնորդ մարդկիկ ցանկանում են միայն մեր թշնամիներին։
Իսկ ի՞նչ է ակնկալում Ռոբերտ Քոչարյանի ընտրողը նրանից։ Իմ կարծիքով, սոցիալ-տնտեսական, անվտանգային, բանակի վերականգնման, արտաքին քաղաքական հավասարակշռության և այլ խոստումների կատարմանը զուգընթաց՝ արդարության վերականգնում։ Նախագահ Քոչարյանն ասում է՝ սրանք, որպես չարի մարմնավորում, հեռացվելու են, բայց դա բավարար չէ, պետք է մեղավորները պատասխան տան 5 հազար մեր հերոսների մահվան, Արցախը հանձնելու, հայազրկելու համար։ Իրականում ընտրողը նրանից դա էլ կարող է պահանջել, դա ակնկալել ու երբ ասում է ուժեղ առաջնորդ, երևի թե հենց դա նկատի ունի նաև։ Պատժի անխուսափելիությունը պարտադիր է։ Չեն կարող հանձնել, զոհել ու մնալ անպատիժ։ Պատմությունը մեզ չի ներելու Արցախը հանձնելու համար, բայց նաև չի ներելու Արցախը հանձնողների նկատմամբ հանդուրժող գտնվելու համար։ Մեր մթնոլորտը եռում է պատասխանատվության ու արդարության վերականգնման պահանջով։ Ու ասեմ, որ հիմա այդ պահանջը ավելի հստակ է ու սթափ, քան 2021 թվականին։
Նախագահ Քոչարյանից ակնկալում են ու պահանջում են, որ վերադառնա ու էս ղումարբազությանը վերջ տա․ մեր երկրի պետբյուջեին երեք անգամ գերազանցում են խաղադրույքները։ Մեր երկրին պետք է այդպիսի ղեկավար և հանրությունն է պահանջում, որ կվերացնի մի քանի հազար տոկոս ավելացված թմրամոլությունը։ Թմրամոլությունը գրավել է դպրոցից մինչև ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր։ Դա մեզ համար ազգային անվտանգության խնդիր է։ Ու նման երևույթները կարող է վերացնել միայն ուժեղ առաջնորդը։ Երբ մարդիկ ասում են՝ ուզում ենք էնպիսի ղեկավար, որը կարգուկանոն կհաստատի երկրում, վստահ եմ, որ այդ ուժեղ կամքի տեր նրանք պատկերացնում են երկրորդ նախագահին։
Մեր երկրում հանցավորությունն աճել է անգամներով։ 2021 թվականին, երբ գնում էինք ընտրության, հանցավորության թիվը 26 հազար էր, այսօր՝ տարեկան 40 հազար է։ Մեր երկրի ներսում անվտանգության, հանդուրժողականության կարիք մենք ունենք։ Գիտե՞ք, չի կարող երկրի մի կեսը հանձնեն, մյուս կեսի վրա իշխեն թմրամոլությունը, հանցավորությունը, խաղամոլությունը, գործազրկությունը, աղքատությունը, քաղաքական հետապնդումները, ու պատիժ կրող չլինի սրա համար։ Չեմ ասում, որ գլխից մեծ խոսելու համար պետք է պատասխան տան ՔՊ-ական էսօրվա երեսփոխանները․ ոչ, խոսելու համար չեն էլ պատժի, խոսքը վերաբերում է քաղաքական որոշում կայացնողներին․ Արցախ է վարի գնացել ու Հայաստան է վարի գնում․ դա մարսել չեն կարող։ Ու նորմալ է, որ Ռոբերտ Քոչարյանի ընտրողը նրանից դա է ակնկալում ու պահանջում։ Պետությունը պետություն չի դառնա, եթե չկա պատիժ հանցագործությունների համար։
Քոչարյանին ընտրողը ուզում է ղեկավար, որի համար չամաչի․ որը չխեղճանա, որին չասեն խեղճ հարիֆ։ Ինչքա՞ն տեսանյութ կա Նիկոլից, որ հրապարակում ենք ու ասում եք՝ ամոթ ա, թուրքն էլ է տեսնում։ Ուզում ենք, որ մեր առաջնորդի համար չամաչենք։
Կարճ ասած՝ խոստումներ տալու բուռն շրջան են ընտրությունները։ Բոլորն են տալու կատարյալ խոստումներ, մեկը մյուսի ծրագրին նայելով՝ էլ ավելի բարձր բաներից կխոսի, առատ խոստումներ կտա։ Բայց ընտրողի համար չափազանց հեշտ է, կարծում եմ, ընտրություն կատարելը։ Երկրորդ նախագահն ասում է՝ նայեք խոստումները, հետո նայեք թեկնածուներից ով ինչպիսի փորձ ունի, ինչպիսի վճռականություն։
Դա Ռոբերտ Քոչարյանի մրցակցային առավելությունն է։
Սևակ Հակոբյան






