Հայաստանի դեմ նոր ճնշման գաղափարական նախապատրաստում. «Փաստ»

16 Մայիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. 2026 թվականի սկզբից Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նոր թափով առաջ է մղում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» գաղափարախոսությունը։ Առաջին հայացքից այն ներկայացվում է որպես «վերադարձի իրավունք», «մարդու իրավունքների» կամ «պատմական արդարության» հարց, սակայն բովանդակությամբ սա Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ երկարաժամկետ քաղաքական ճնշման հստակ գործիք է։

Ալիևի խոսույթում Հայաստանը կրկին ու կրկին ներկայացվում է որպես «պատմական ադրբեջանական տարածք»։ Այս մոտեցումը պատահական բառախաղ չէ։ Երբ պետության ղեկավարը մեկ այլ պետության տարածքը նկարագրում է այլ անունով, երբ Սյունիքի մասին խոսելիս օգտագործվում է «Արևմտյան Զանգեզուր» ձևակերպումը, իսկ Հայաստանի տարածքի վերաբերյալ՝ «Արևմտյան Ադրբեջան», դա այլևս դուրս է նույնիսկ կեղծ «պատմագիտական» քննարկումից։ Դա քաղաքական պահանջի նախապատրաստում է։

Բաքուն փորձում է այս վտանգավոր օրակարգը փաթեթավորել խաղաղ բառապաշարով։ Խոսվում է «խաղաղ վերադարձի», «տեղահանվածների իրավունքների», «մշակութային ժառանգության» մասին։ Սակայն այդ ձևակերպումների ներքո ձևավորվում է մի գաղափարական համակարգ, որի նպատակն է Հայաստանի նկատմամբ մշտական ճնշում պահել անգամ Ղարաբաղյան հակամարտության ավարտից հետո։

Ադրբեջանը այս թեման չի թողել միայն հայտարարությունների մակարդակում։ Ստեղծվել և պետական աջակցություն է ստանում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնքը»։ Թեման ներմուծվում է կրթական, մշակութային, քարոզչական և մեդիա հարթակներ։

Այսինքն՝ խոսքը ոչ թե մեկ-երկու ելույթի, այլ պետականորեն կառուցվող քաղաքական գծի մասին է։ Առավել վտանգավորն այն է, որ Ալիևը փորձում է այս օրակարգը կապել տարածաշրջանային հաղորդակցությունների թեմայի հետ։

«Զանգեզուրի» և «Արևմտյան Զանգեզուրի» շարունակական շրջանառությունը ցույց է տալիս, որ Բաքուն Սյունիքի նկատմամբ ճնշումը պահում է ոչ միայն քարոզչական, այլև բանակցային դաշտում։

Այս պայմաններում Հայաստանի համար ամենավտանգավոր սխալը կլինի խնդիրը երկրորդական համարելը։

Մինչդեռ Հայաստանի իշխանությունների արձագանքը հաճախ մնում է անորոշ, ուշացած և «ցրողական»։ Նիկոլ Փաշինյանը, որը պարտավոր է հստակ պատասխանել՝ արդյոք Հայաստանի տարածքում ադրբեջանցիների զանգվածային բնակեցման որևէ օրակարգ գոյություն ունի՞, նախընտրում է խուսափել ուղիղ ձևակերպումներից։ Սա այն հարցը չէ, որի շուրջ կարելի է խոսել ընդհանուր բառերով կամ թեման շեղել այլ ուղղությամբ։

Եթե Ալիևը խոսում է «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» մասին, եթե ադրբեջանական քարոզչամեքենան շրջանառում է Հայաստանի տարբեր բնակավայրերի նկատմամբ պատմական հավակնությունների թեզեր, ապա Հայաստանի իշխանությունը պետք է շատ հստակ ասի՝ Հայաստանի Հանրապետությունը չի ընդունում որևէ օրակարգ, որը կարող է հանգեցնել Հայաստանի տարածքային, ժողովրդագրական կամ անվտանգային հավասարակշռության խախտման։

Հակառակ դեպքում լռությունը, խուսափողական պատասխանները և մշուշոտ ձևակերպումները հասարակության մեջ ստեղծում են հիմնավոր կասկած, որ իշխանությունը պատրաստ է քննարկման դնել անգամ այնպիսի հարցեր, որոնք ուղղակիորեն առնչվում են Հայաստանի ինքնիշխանությանը։ Իսկ երբ խոսվում է հարյուր հազարավոր ադրբեջանցիների հնարավոր «վերադարձի» կամ բնակեցման մասին, սա այլևս միայն դիվանագիտական թեմա չէ։ Սա ազգային անվտանգության հարց է։

Ադրբեջանի այս քաղաքականությունը պետք է դիտարկել ոչ թե առանձին հայտարարությունների, այլ ամբողջական ռազմավարության շրջանակում։ Նախ՝ ստեղծվում է պատմական նարատիվը, հետո ձևավորվում է «իրավունքի» լեզուն, ապա այդ թեման մտնում է միջազգային հարթակներ, իսկ վերջում վերածվում է բանակցային պահանջի։ Այդ ճանապարհը Բաքուն արդեն անցել է այլ ուղղություններով, և Հայաստանը իրավունք չունի կրկին ուշանալ։

«Արևմտյան Ադրբեջան» կոչվող թեզը Հայաստանի դեմ նոր ագրեսիայի գաղափարական նախապատրաստում է։ Այն կարող է չսկսվել կրակոցով, բայց սկսվում է բառերով, քարտեզներով, դասագրքերով, պաշտոնական ելույթներով և միջազգային լսարանին ուղղված քարոզչությամբ։ Իսկ նման գործընթացներին չպատասխանելը ոչ թե խաղաղասիրություն է, այլ վտանգավոր անպատասխանատվություն։

Հայաստանի իշխանությունը պետք է դադարեցնի երկիմաստությունը և հստակ հայտարարի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» գոյություն չունի, իսկ Հայաստանի ժողովրդագրական և տարածքային անվտանգությունը չի կարող լինել որևէ բանակցության առարկա:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ»  թերթի՝ 16․ 05․ 26

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...