Խորհրդարանը ժողովրդավարության այն ամբիոնն է, որտեղ քաղաքական հայացքները, գաղափարներն ու օրենսդրական նախագծերը պետք է բախվեն բացառապես քաղաքական բանավեճի ու փաստարկների տիրույթում։ Այնուամենայնիվ, աշխարհի տարբեր անկյուններում հաճախ են պատգամավորների միջև վեճերը դուրս գալիս բառամթերքի սահմաններից՝ վերածվելով ֆիզիկական բախումների, բռնցքամարտի և զանգվածային քաշքշուկների։
2018-2026 թվականների ընթացքում ԶԼՄ-ների լուսաբանումների, տեսանյութերի և քաղաքագիտական դիտարկումների հիման վրա Արհեստական բանականության կողմից իրականացված վերլուծությունը ցույց է տալիս, թե որ երկրների խորհրդարաններում են գրանցվել ամենաշատ ու աղմկահարույց ծեծկռտուքները, և որ «պատվավոր» հորիզոնականն է զբաղեցնում Հայաստանի Ազգային ժողովն այս ցանկում։
Աշխարհի առաջատարներն ու «ռեկորդակիրները»
Արհեստական բանականության տվյալներով՝ խորհրդարանական ծեծկռտուքների հաճախականությամբ ու անվիճելի առաջատարն աշխարհում Թայվանն է (Օրենսդիր Յուան)։ Այստեղ բախումները վաղուց դուրս են եկել պահի ազդեցության տակ տեղի ունեցող էմոցիոնալ պորթկումների շրջանակից և վերածվել քաղաքական մարտավարության։ Թայվանցի պատգամավորները ֆիզիկական քաշքշուկներն ու բռնցքամարտն օգտագործում են որպես օրինագծերի քվեարկությունը տապալելու կամ բոյկոտելու գործիք։ Ավելին, այստեղ բախումների ընթացքում կիրառվում են աթոռներ, «ջրային ռումբեր» և այլն։
Երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցնում են Թուրքիայի Մեջլիսն ու Վրաստանի խորհրդարանը։ Թուրքիայի օրենսդիր մարմնում իշխող և ընդդիմադիր կուսակցությունների միջև բռնցքամարտերը կրում են պարբերական բնույթ և հաճախ են ավարտվում պատգամավորների լուրջ վնասվածքներով։ Իսկ Վրաստանում բախումների պիկը գրանցվել է վերջին տարիներին՝ վիճահարույց օրենքների քննարկումների և քաղաքական սուր ճգնաժամերի ֆոնին։
Ո՞ր հորիզոնականում է գտնվում Հայաստանի Ազգային ժողովը
2018-2026 թվականների ընթացքում աշխարհի շուրջ 195 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 4-րդից 6-րդ տեղերը՝ գտնվելով Կոսովոյի և Ուկրաինայի հետ նույն խմբում։
Հայաստանի Ազգային ժողովում բախումների ամենաակտիվ շրջանը գրանցվել է 2020–2022 թվականներին, երբ 44-օրյա պատերազմից և արտահերթ ընտրություններից հետո իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների միջև քաղաքական լարվածությունը հասել էր առավելագույնի։ Այս տարիների ընթացքում ՀՀ ԱԺ-ում գրանցվել է շուրջ 10-15 խոշոր և զանգվածային միջադեպ, որոնք ընդհատվել են ուղիղ եթերների անջատմամբ, շշերի նետմամբ, դասական բռնցքամարտով և ՊՊԾ աշխատակիցների ներխուժմամբ։
2026-ի ընտրություններից հետո՝ օգոստոս-հեկտեմբեր ամիսներին Հայաստանի նոր գումարման ԱԺ-ում հասցրել է գրանցվել քաշքշուկ-ծեծկռտուքի արդեն երկու դեպք։
Համաշխարհային համատեքստում սա բավականին բարձր ցուցանիշ է։ Աշխարհի խորհրդարանների ավելի քան 90%-ում տարիների ընթացքում ոչ մի ֆիզիկական բախում չի գրանցվում։ Տարեկան միջինում 1-3 զանգվածային քաշքշուկ ունենալով՝ Հայաստանի ԱԺ-ն ավտոմատ կերպով հայտնվում է համաշխարհային ամենաէմոցիոնալ և բախումնալից խորհրդարանների թոփ 10-ում։
Թեև Հայաստանը չի գլխավորում համաշխարհային ցանկը՝ զիջելով Թայվանին, Թուրքիային և Վրաստանին, սակայն շարունակում է մնալ տարածաշրջանի և աշխարհի ամենալարված օրենսդիր մարմիններից մեկը։
2018 թվականին սիրո, համերաշխության, թավիշի և ժողովրդավարության բարձրագույն կարգախոսներով ու խոստումներով իշխանության եկածները երկրի օրենսդիր մարմինը հասցրել են համաշխարհային «ծեծկռտուքների ու բռնցքամարտերի» առաջատար հորիզոնականներ։ Ժողովրդավարության «բաստիոնի» ամբիոնը քաղաքական փաստարկներով նվաճելու փոխարեն՝ Ազգային ժողովի դահլիճը պարբերաբար վերածվում է ռինգի, որտեղ շշերն ու հարվածները փոխարինում են քաղաքական խոսքին։






