Հայ Առաքելական Եկեղեցին ունի սահմանադրական կարգավիճակ, գործում է հենց Սահմանադրության ուժով․ Դանիելյան

16 Հունվարի, 2026

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր  Գևորգ Դանիելյանը գրում է․

«Ըստ լրատվության՝ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը հայցով դիմել է դատարան՝ Մասյացոտնի թեմի թեմակալ առաջնորդի պաշտոնում վերականգնվելու ակնկալիքով։ Ըստ այդմ էլ ակամա արդիական է դարձել է այն հարցադրումը, թե որքանո՞վ է այդպիսի հայցադիմումն իրավաչափ։

Հանրահայտ է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունները դատական վեճի առարկա չեն։ Ինչպես ազգային օրենսդրությամբ, այնպես էլ միջազգային իրավունքի նորմերով քաղաքացիական դատարան են դիմում Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար։ Ներեկեղեցական, առավել ևս ինքնավարությանն անմիջականորեն առնչվող հարաբերությունները կարգավորվում են բացառապես կանոնական իրավունքով, դրանք սկզբունքորեն չեն կարող օրենսդրության կարգավորման առարկա լինել, ուստի յուրաքանչյուր, այս դեպքում արդեն դատական միջամտություն՝ Սահմանադրության ակներև խախտում է։ Հուսանք, որ գոնե դատական իշխանության մարմինները զերծ կմնան Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական ինքնավարությանը միջամտելու ներկա գործընթացներին մաս կազմելուց և կգործեն ՄԻԵԴ֊ում ձևավորված նախադեպային իրավունքին համապատասխան։

Վեհափառ Տերը հիշյալ հարաբերություններում գործում է կանոնական իրավունքով ամրագրված հայեցողության սահմաններում, ինչը որևէ դատական ատյանի գնահատման տիրույթում չէ։

Միջազգային փորձին հայտնի են անգամ այնպիսի դեպքեր, երբ դադարեցվել է հոգևոր կրթություն դասավանդող ուսուցիչ֊հոգևորականի պաշտոնավարումը, որպիսի պարագայում ՄԻԵԴ֊ը միանշանակ արձանագրել է այն դիրքորոշումը, ըստ որի՝ նշված բնույթի հարաբերություններում դրսևորած հայեցողությունը իրավաչափ է։ Հավելենք, որ անխտիր բոլոր գործերով ՄԻԵԴ֊ը արձանագրել է, որ կրոնական համայնքների ներսում ծագող որևէ տարաձայնություն կամ հակադրություն, եթե անգամ դրանք ծագել են ինքնաբերաբար, առանց արտաքին ներգործության, չի կարող պետության միջամտության նյութ լինել։ Ընդ որում, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ունի սահմանադրական կարգավիճակ, ըստ այդմ էլ գործում է հենց Սահմանադրության ուժով։

Մեկ անգամ ևս հարկ եմ համարում ընդգծել, որ ըստ Սահմանադրության 6-րդ հոդվածի՝ «Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»։ Ինչ խոսք, հանրային իշխանության մարմինները և պաշտոնյաները ունեն տարաբնույթ գործառույթներ, ինչից բնավ չի բխում, որ այդ գործառույթները իրենք կարող են իրականացնել նաև կամայականորեն, շրջանցելով իրավունքի նորմերով սահմանված լիազորությունները։ Ազատ գործելու իրավունքը բացառապես վերապահված է ֆիզիկական անձանց (Սահմանադրության 39-րդ հոդված), այն էլ խիստ վերապահումներով. «Մարդն ազատ է անելու այն ամենը, ինչը չի խախտում այլոց իրավունքները և չի հակասում Սահմանադրությանը և օրենքներին»։

Արդարադատությունը բազմաբովանդակ հասկացություն է, սակայն ամենալայն մեկնաբանության պարագայում անգամ այն չի կարող ներառել նաև ներեկեղեցական հարաբերությունների կարգավորմանն առնչվող որևէ հարցի քննություն։

Ի վերջո հարկ է ելակետ ընդունել, որ Հայ Եկեղեցին աշխարհիկ մարմին չէ, այն բացառապես կրոնական կառույց է, գործում է ոչ թե հարափոփոխ գաղափարական ուղղություններով ու թեզերով, այլ քրիստոնեական ուսմունքի հենքով ձևավորված կանոնական իրավունքի նորմերով և դավաբանությամբ։

Հ.Գ. Այս ամենի մեջ կա մի դրական հատիկ՝ այնուամենայնիվ, ընդունում են, որ կա ուժ ունեցող կոնկրետ կոնդակ, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ, իսկ ուժայինների աջակցությամբ դա անտեսելը, մեղմ ասած, իրավաչափ չէ և «լավ տեղ չի տանելու»։ Պարզապես հարկ է սահմանված կարգով արձագանքել ծանուցումներին և հավուր պատշաճի կանոնական իրավունքի սահմաններում ներկայացնել սեփական նկատառումները։

Աստված պահապան Հայ Եկեղեցուն և մեր ժողովրդին …»։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...