Հարկ չկա հայրենիքը և մեր ժողովրդին կանգնեցնել նոր ցնցումների և արհավիրքների առջև. Քահանայից հավաքի հայտարարությունը

11 Հուլիսի, 2025

Քահանայից հավաքի հայտարարությունը.

«Մենք՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հայաստանյան թեմերում սպասավորող քահանաներս, գոհություն ենք հայտնում Երկնավոր մեր Տիրոջը, որ բարձր նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առիթն ունեցանք համախմբվելու Միածնաէջ Սուրբ Էջմիածնում, միասնաբար խորհրդածելու սրբազան մեր առաքելության շուրջ և աղոթք բարձրացնելու աշխարհասփյուռ հավատավոր մեր ժողովրդի և հայրենիքի համար։

Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով։

Աշխարհաքաղաքական բարդ իրողությունների պայմաններում ամենատարբեր պատճառաբանություններով երկրում իրականացվող քաղաքական հետապնդումները և այդ շրջագծում ՀՀ վարչապետի ու իշխող ուժի ներկայացուցիչների կողմից սանձազերծված արշավը Հայոց Եկեղեցու և եկեղեցականության դեմ խաթարում են ազգային կյանքը, առկա մարտահրավերներին հանդիման ջլատում մեր ժողովրդի միասնականությունը և տկարացնում մեր պետության դիրքերը աշխարհի համայնապատկերում։

Սուրբ Եկեղեցու նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների դրսևորած անհարիր վարքագիծն ու անպարկեշտ խոսույթը, շարունակական սպառնալիքները և հոգևորականության պառակտման անթաքույց փորձերը վիրավորում են ի սփյուռս աշխարհի մեր հավատացելոց ազնիվ զգացումները, նաև ուղղակիորեն ոտնահարում ՀՀ Սահմանադրության, «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի և միջազգային բազում պահանջներ։ Դատապարտելի է ի պաշտպանություն Հայոց Եկեղեցու հանդես եկած ազգային բարերար տիար Սամվել Կարապետյանին ազատությունից զրկելը։ Անընդունելի է նաև կալանավորված Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և նրա համախոհների պարագայում անմեղության կանխավարկածի սկզբունքի միտումնավոր անտեսումը իշխանությունների կողմից։ Մեծ ընդվզումով և ցավով ականատեսը դարձանք հունիսի 27-ին Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատությունից զրկելու նպատակով Սուրբ Էջմիածին իրավապահ մարմինների մեծաքանակ ուժերի ներխուժմանը։ Հակառակ տրված հավաստիացումներին, որ Սրբազան Հայրն ինքնակամ կներկայանա Քննչական կոմիտե քահանայից հավաքի ավարտին՝ ժամը 16:00-ին, իրավապահները նախընտրեցին ծրագրածն իրագործել անհամաչափ բռնի ուժի կիրառմամբ, ինչն արդարորեն առաջ բերեց ամենքիս բողոքը՝ նաև խոչընդոտելով ամենամյա մեր հավաքի անցկացմանը։ Միքայել Սրբազանը Քննչական կոմիտե մեկնեց ինքնակամ։ Համայն հայության Սրբություն Սրբոցի նկատմամբ սույն ոտնձգությունը, սրբավայրի աղոթական միջավայրի խաթարումը և Ամենայն Հայոց Հայրապետի ու հոգևոր դասի նկատմամբ նման վերաբերմունքը խստորեն դատապարտելի և մերժելի են։

Թշնամանքի և ատելության խոսքը, խտրականության քարոզչությունը և տարատեսակ բռնության կոչերը վտանգաշատ ու կործանարար են և երբեք չեն կարող բարիք պարգևել ազգային և հայրենական մեր կյանքին։ Հայոց Եկեղեցու նվիրապետության, մեր նվիրական արժեքների ու սրբությունների թիրախավորումը անընդունելի է և անհանդուրժելի՝ հղի ազգի և հայոց ապագայի համար անդառնալի հետևանքներով։ Հարկ չկա հայրենիքը և մեր ժողովրդին կանգնեցնել նոր ցնցումների և արհավիրքների առջև։

Քաջ գիտակցելով Հայոց Եկեղեցու առաքելությունը մեր ազգի միասնականության պահպանման, հանրային համերաշխության կերտման և հայոց պետականության զորացման գործում՝ իբրև հոգևոր հովիվներ անսասան ենք մեր կոչման մեջ՝ ծառայելու Փրկիչ մեր Տիրոջը և Նրա կենսատու Սուրբ Ավետարանի քարոզչությանը, հայ ժողովրդի հոգևոր կյանքի պայծառությանը, ազգային անդաստանում տերունահաստատ ճշմարտության և արդարության պաշտպանությանը։ Այս հարձակումների հորձանուտում մեր համայնքների հետ միասին պիտի անհողդողդ պաշտպանենք իրավունքները մեր Սուրբ Եկեղեցու, նաև հետամուտ լինենք կալանավորված Սրբազան Հայրերի և ազգայինների նկատմամբ արդարության իրագործմանը ու ազատ արձակմանը։

Անդրդվելիորեն պիտի շարունակենք մեր ժողովրդի մեջ առատացնել հավատը, հույսն ու սերը, ամրապնդել հավատարմությունը մեր Սուրբ Եկեղեցու, ազգային-հոգևոր արժեքների նկատմամբ, որոնց շնորհիվ, ինչպես դարերի հոլովույթում, կարող պիտի լինենք հաղթահարել մեր կյանքի բոլոր դժվարություններն ու փորձությունները։

Հավատարիմ մյուռոնաբաշխ Սուրբ Էջմիածնին՝ մեր որդիական զորակցությունն ենք հայտնում Հայոց Հովվապետին՝ Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ փոթորկալի այս ժամանակներում, իբրև բարի և քաջ հովիվ, տերունաշնորհ իմաստությամբ, հանդարտությամբ և մշտարթուն հոգով առաջնորդելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և համայն հավատավոր մեր ժողովրդին դեպի խաղաղ ու ապահով հանգրվաններ։

Առ Աստված ապավինությամբ հայցում ենք, որ Տերը Իր Ամենախնամ Աջը տարածի աշխարհասփյուռ մեր ժողովրդի վրա՝ խաղաղ և անվրդով պահելով մեր հայրենիքը, աներեր և պայծառ՝ Իր Սուրբ Եկեղեցին։

Նմանատիպ նյութեր

Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ. Վարդան Ոսկանյան

Բաքվի բարբարոսական վարչախումբն իրականում այնչափ էլ կայուն և անպարտելի չէ. Վարդան Ոսկանյան

«Արհեստածին Ադրբեջանում վերջին տարիների համար աննախադեպ իրավիճակ է»,-գրում է իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ շարունակելով. «Դպրոցում կանացի իսլամական հագուստի՝ հիջաբի, արգելքն այս երկրում հանգեցրել է զանգվածային դժգոհության և ցույցերի այնպիսի ալիքի և դրան հետևած որին...

Ինչքան էլ սիրեմ ուսանողների հետ աշխատանքը, ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի․ քաղաքագետ

Ինչքան էլ սիրեմ ուսանողների հետ աշխատանքը, ես 80 կամ 100 հազար դրամով չեմ դասախոսի․ քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Քանի դեռ Հայաստանում ուսուցիչն ու գիտնականը շարունակում են մնալ ամենախոցելին` թե‘ ֆինանսական, թե‘ սոցիալական ու թե‘ մնացյալ առումներով, մոռացե‘ք հզոր պետություն ունենալու մասին։ Քանի դեռ պարգևավճարները հասնում են առանց այն էլ «փափուկ...

Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Խոշոր վթար՝ Սևան-Երևան ճանապարհին․ ամուսիններն ու նրանց երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 11-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:50-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին  դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է...

Լարված իրավիճակ է Շինարարների փողոցում․ քաղաքապետարանի աշխատակիցները գիշերով ապամոնտաժում են կրպակները

Լարված իրավիճակ է Շինարարների փողոցում․ քաղաքապետարանի աշխատակիցները գիշերով ապամոնտաժում են կրպակները

Դուք «բուդկի պաշտպաններ եք», Շինարարների փողոցում ասել է Աջափնյակի թաղապետը՝ դիմելով Մեսրոպ Մանուկյանին։ Լարված իրավիճակ է ստեղծվել Աջափնյակում, որտեղ քաղաքապետարանը ապամոնտաժում է կրպակները։ «Քաղաքապետարանը, ջեբկիրի տրամաբանությամբ, գիշերով ուզում է մարդկանց եղածը...