Գերագույն Հոգևոր Խորհուրդը Վեհափառին առաջարկել է կարգալույծ հռչակել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին

27 Հունվարի, 2026

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ հունվարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով։ Նիստը վարեց Վանական խորհրդի ատենապետ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

«ԳՀԽ ժողովը բացվեց Տերունական աղոթքով, որից հետո Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու օրհնությունը բերեց Գերագույն հոգևոր խորհրդի անդամներին։ Ժողովի օրակարգում ընդգրկված էին Եկեղեցու կանոնական, վարչական, կագապահական խնդիրներին առնչվող հարցեր։

Ապօրինի ազատազրկված եկեղեցականների, ազգային բարերարի նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթների, դատավարական գործընթացների և կայացված դատավճիռների, ինչպես նաև հոգևորականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումների վերաբերյալ զեկույցներով հանդես եկան փաստաբան, ի․գ․թ․ Արա Զոհրաբյանը, փաստաբաններ Արսեն Բաբայանը և Հովհաննես Խուդոյանը։

Արձանագրվեց, որ եկեղեցականների նկատմամբ առաջադրված մեղադրանքները և կիրառված խափանման միջոցները հիմնված են ոչ իրավաչափ փաստերի վրա և իրավական առումով չեն բխում օրինականության ու արդար դատաքննության հիմնարար սկզբունքներից, կրում են ընտրովի և խտրական բնույթ։

Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտեց ծառայություն իրականացնող հոգևորականների նկատմամբ գործադրվող ճնշումները, արձանագրեց, որ դրանք ՀՀ Սահմանադրության և օրենսդրության ակնհայտ խախտումներ են, որոնք ունեն շարունակվող մտահոգիչ միտումներ։

Ժողովականները մերժելի նկատեցին պետական և իրավապահ մարմինների ներգրավմամբ իրականացվող ապօրինի գործողությունները և Եկեղեցու ներքին կյանքին հակասահմանադրական միջամտությունները։

Գերագույն հոգևոր խորհուրդը իր գնահատանքը հայտնեց փաստաբաններին՝ նրանց հետևողական աշխատանքի՝ եկեղեցականների ու ազատազրկված հայորդիների իրավունքների պաշտպանության գործում ներդրած կարևոր ջանքերի համար։

Գերագույն հոգևոր խորհուրդը քննության առավ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Տ․ Գևորգ եպս․ Սարոյանի կարգազանց ընթացքը։

Արձանագրվեց, որ վերջինս վիճարկելով թեմակալ առաջնորդի պաշտոնից ազատվելու և Մայրավանք վերադառնալու Հայրապետական տնօրինությունը, փաստացի դրժել է հնազանդության իր ուխտը և դատական հայց ներկայացրել ընդդեմ Սուրբ Էջմիածնի՝ պահանջելով վերականգնել առաջնորդական իր հանգամանքը։

Գերագույն հոգևոր խորհուրդը, անդրադարձ կատարեց նաև Գևորգ եպիսկոպոսի հրապարակային ելույթներում և հայտարարություններում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, իր ծառայակից եկեղեցականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցեին հնչեցրած զրպարտիչ մեղադրանքներին, խստորեն դատապարտեց նման վարքագիծը՝ այն գնահատելով եկեղեցական կարգի, կանոնական հնազանդության ու եկեղեցական միաբանության սկզբունքների կոպիտ խախտում և առաջարկ ներկայացրեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին Տ․ Գևորգ եպս․ Սարոյանին հռչակել կարգալույծ։

Ազգային ժողովում եկեղեցուն առնչվող օրինագծերի մասին զեկույցով հանդես եկավ ի.գ.դ., պրոֆեսոր տիար Գևորգ Դանիելյանը։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց հողային և պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններին, որոնք հակասում են գործող քաղաքացիական և ոլորտային օրենսդրության հիմնադրույթներին, խախտում են սեփականության իրավունքի հիմնարար սկզբունքները և ստեղծում են անհիմն ենթադրություններ, իբր Հայ Եկեղեցու կողմից պաշտամունքային հուշարձանների օտարման վտանգի մասին։ Զեկույցում ընդգծվեց, որ հիշյալ օրենսդրական նախաձեռնությունները, որոնք չունեն իրական իրավակարգավորիչ անհրաժեշտություն, ուղղված չեն սրբավայրերի և հոգևոր-մշակութային հուշարձանների անաղարտ պահպանության խնդիրներին, չեն լուծում որևէ շոշափելի հանրային խնդիր և հիմնականում ծառայում են հակաեկեղեցական տրամադրությունների ձևավորմանն ու խորացմանը։ ԳՀԽ դիրքորոշումն է, որ ընդհանրապես արգելվի պաշտամունքային հուշարձանների օտարումը՝ անկախ սեփականության ձևից։

Ժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հրավիրված Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման հարցերին։ Որոշվեց ձևավորել կազմակերպիչ հանձնախումբ՝ ժողովի նախապատրաստական և կազմակերպչական աշխատանքները համակարգելու նպատակով։

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն ավարտվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով և «Պահպանիչ» աղոթքով»:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...