Դիվանագիտական այցերը չպետք է վերածվեն էթնիկ զտումների նորմալացման գործիքի. բաց նամակ

14 Սեպտեմբերի, 2026

Դիվանագիտական այցերը չպետք է վերածվեն էթնիկ զտումների նորմալացման գործիքի․ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը բաց նամակ է հղել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին.

«Մենք խորը մտահոգություն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղ կատարված վերջին պաշտոնական դիվանագիտական այցերի կապակցությամբ։

Շուշի, Գանձասար, Ստեփանակերտ և այլ տարածքներ շրջագայություններն իրականացվում են մի տարածքում, որտեղ 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո բռնի տեղահանվեց շուրջ 150,000 տեղաբնիկ հայ: Մեր խորին մտահոգությունն ակնհայտ է. դիվանագետները չեն կարող իրենց թույլ տալ ծառայել որպես խամաճիկներ Ադրբեջանի՝ էթնիկ զտումների հետևանքներին միջազգային հավանության կնիք դնելու արհեստական փորձերում: Ձեր ներկայությունն Ադրբեջանին տրամադրում է հենց այն միջազգային «մաքրազերծումը» (օրինականացումը), որը նա փնտրում է:

Ձեր մասնակցությունը պաշտոնապես կազմակերպված շրջագայություններին, ինչպես նաև դրանց հետևող լուսանկարները և հանրային հայտարարությունները, որոնք լիովին անտեսում են Արցախի հայկական ներկայության ամբողջական ոչնչացումը, ստեղծում են նորմալության պատկեր՝ հիմնովին ոչ նորմալ իրավիճակում: Այսօր Լեռնային Ղարաբաղում տները ներկայացվում են առանց իրենց տերերի, իսկ եկեղեցիները՝ առանց իրենց հավատացյալների: Սա նողկալի է, և դիվանագիտական կորպուսի մասնակցությունը՝ դիվանագետների, ովքեր լիովին տեղյակ են Լեռնային Ղարաբաղում  36 ամիս առաջ իրականացված հումանիտար աղետից, միանգամայն անհասկանալի է:

Հավասարապես ապշեցուցիչ և խորապես մտահոգիչ է այն փաստը, որ այս այցելություններին մասնակցող դիվանագետներից ոչ մեկը հրապարակավ չանդրադարձավ Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց և քաղաքական պատանդների ճակատագրին, ինչպես նաև նրանց նկատմամբ իրականացվող շինծու դատավարություններին: Այցելելով տեղաբնիկ հայ բնակչությունից դատարկված տարածքներ՝ դիվանագիտական կորպուսի անդամները խոսքեր և ժեստեր գտան խնամքով կազմակերպված շրջագայությունների համար, սակայն շարունակում են  կատարյալ լռություն պահպանել ազատությունից զրկված և արդարադատության ու պատշաճ ընթացակարգի սկզբունքները հիմնովին խախտող գործընթացների ենթարկված անձանց իրավունքների վերաբերյալ:

Նույնքան տագնապալի է տարածաշրջանի պատմական ինքնության շարունակական ջնջումը: Մինչ դիվանագետներին զվարճացնում են խնամքով կազմակերպված ֆարսով, հայկական մշակութային ժառանգության վայրերը համակարգված կերպով քանդվում, պղծվում կամ զրկվում են իրենց ինքնությունից: Ստեփանակերտի եկեղեցիների ոչնչացումը, Շուշիի պատմական հայկական գերեզմանատան պղծումը և Գանձասարի դարավոր հայկական վանքի՝ որպես «աղվանական» ներկայացնելու խիստ վրդովեցուցիչ փաստը չեն կարող աննկատ մնալ, դրանք դիդավորյալ կերպով և գիտակցաբար անտեսվում են: Այս գործողությունները ներկայացնում են հայկական պատմական ներկայությունը ջնջելու միտումնավոր արշավ՝ ի ուղղակի խախտումն Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) սահմանած ժամանակավոր միջոցների:

Դիվանագետները չեն կարող իրենց թույլ տալ դառնալ Ադրբեջանի շահադիտական քաղաքական թատրոնի խաղալիքները:

Դիվանագիտական այցը չպետք է վերածվի թատերաբեմի, որտեղ միջազգային հանրության ներկայությամբ ջնջվում է մի ամբողջ ժողովրդի պատմություն։

Ուստի մենք կոչ ենք անում դիվանագիտական կորպուսի անդամներին՝

Մերժել մեղսակցությունը. Հրաժարվել պաշտոնական, պետության կողմից ուղղորդվող այցերին մասնակցելուց, որոնք լեգիտիմացնում են բռնի տեղահանության հետևանքները և նորմալության կեղծ տպավորություն ստեղծում։
Մերժել պատմական ռևիզիոնիզմը. Չսատարել, չկրկնել և արժանահավատություն չհաղորդել պաշտոնական այն նարատիվներին, որոնք ժխտում, աղավաղում կամ յուրացնում են եկեղեցիների, հուշարձանների և պատմական վայրերի իրական հայկական ինքնությունը։
Պահանջել անկախ հասանելիություն. Պետության կողմից վերահսկվող շրջայցերն ընդունելու փոխարեն՝ պնդել, որպեսզի միջազգային փորձագետների, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և անկախ դիտորդների համար ապահովվի անխոչընդոտ մուտք դեպի մշակութային և կրոնական կոթողներ։
Դատապարտել մշակութային ոչնչացումը. Հրապարակայնորեն բարձրաձայնել մտահոգությունները Լեռնային Ղարաբաղում հայկական ժառանգության շարունակական ոչնչացման, ձևափոխման և պղծման վերաբերյալ։
Պաշտպանել վերադարձի իրավունքը. Ապահովել, որ տեղահանված հայ բնակչությունը դուրս չմնա իր հայրենիքի վերաբերյալ քննարկումներից։ Աջակցել միջազգային իրավունքին համապատասխան նրանց անվտանգ, արժանապատիվ և կամավոր վերադարձի պայմանների ստեղծմանը։
Դիվանագիտությունը պահանջում է անկախ դատողություն, պատմական պատասխանատվություն և բարոյական քաջություն: Այնինչ, աշխարհը ականատեսն է դիվանագիտական կորպուսի, որը գործում է Ադրբեջանի հետ համատեղ՝ էթնիկ զտումների հետևանքները լեգիտիմացնելու համար: Սա չի կարող նորմալացվել:

Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կորցրել է իրենց տները. միջազգային դիվանագիտական կորպուսը չի կարող օգնել և աջակցել Ադրբեջանին՝ ոչնչացնելու նրանց պատմությունը, ինքնությունը և ժառանգությունը»,- ասված է հայտարարության մեջ։

 

Նմանատիպ նյութեր

Եթե միջազգային հանրությունը հարմարվում է հանցագործության արդյունքին, միջազգային իրավունքի զսպող ուժը փլուզվում է. Արմեն Այվազյան

Եթե միջազգային հանրությունը հարմարվում է հանցագործության արդյունքին, միջազգային իրավունքի զսպող ուժը փլուզվում է. Արմեն Այվազյան

Քաղաքագետ Արմեն Այվազյանը գրում է. «Եվ այսպես, 2026 թ. սեպտեմբերի 11–12-ին Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին օտարերկրյա դիվանագիտական կորպուսի մինչ այժմ ամենախոշոր այցն Արցախ։ Դրան մասնակցեցին շուրջ 150 ներկայացուցիչ՝ 58 պետություններից և 9 միջազգային...

«Ի դեպ»․ Երևանը խոսում է ինքնիշխանությունից, Բաքուն՝ վերաշարադրում պատմությունը

«Ի դեպ»․ Երևանը խոսում է ինքնիշխանությունից, Բաքուն՝ վերաշարադրում պատմությունը

Ի դեպ, չորս տարի առաջ հենց այս օրերին Ադրբեջանի զինված ուժերը հերթական լայնածավալ հարձակումն իրականացրին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ թիրախավորելով նաև Ջերմուկի ուղղությունը։ Երկօրյա մարտերի հետևանքով հայկական կողմն ունեցավ 224 զոհ, օկուպացվեց ավելի քան 100...

Օկուպացված Արցախ այցելած Գորոնոն ՀՀ-ում է

Օկուպացված Արցախ այցելած Գորոնոն ՀՀ-ում է

Հաջիևի հետ օկուպացված Արցախ այցից հետո՝ Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն այցելել է ՀՀ: Այսօր նա  «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում էր: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի...

Նշեք գոնե մեկ օրինակ, երբ պարտված կողմի ղեկավարը շարունակել է մնալ իշխանության․ Արթուր Խաչատրյան 

  «Նշեք պատմությունից ձեզ հայտնի գոնե մեկ օրինակ, երբ պարտված կողմի ղեկավարը, որին հաղթող կողմն ինչպես ասես չի անարգել, հանկարծ շարունակել է մնալ իշխանության։ Ընդ որում՝ կարևոր չէ՝ բարին էր չարի դեմ կռվում, չարը՝ բարու, պոկեմոններն...

Ի՞նչ տեղի կունենա Հայաստանի տնտեսության հետ, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից․ Ագնեսա Խամոյան 

  «Անկեղծ ասած՝ մի փոքր սյուռ իրավիճակ է, որովհետև Հայաստանը, պատկերավոր ասած, ԵԱՏՄ-ից դուրս գալուց հինգ է պակաս։ Քաղաքական մակարդակում ԵԱՏՄ-ի վերաբերյալ այնպիսի հայտարարություններ են հնչում, ընդհուպ մինչև այն, որ արտահանման հետ...