Դամասկոսի, Իրաքի և Քյոլնի սրբազան հայրերը կոչ են անում դադարեցնել Եկեղեցու նկատմամբ ճնշումները․ հայտարարություն

6 Օգոստոսի, 2026

Դամասկոսի առաջնորդ Հայր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր, Իրաքի և Քյոլնի սրբազան հայրերի համատեղ հայտարարությունը.

«Մենք` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքոստորագրյալ եպիսկոպոսներս, խոր մտահոգությամբ տեղեկացանք, որ 2026 թվականի օգոստոսի 7-ին նախատեսված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Գերագույն Հոգեւոր Խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների նկատմամբ հարուցված քրեական վարույթի դատական քննությունը։

Այս դատավարությունը, մեր համոզմամբ, ոչ միայն ցավ եւ մտահոգություն է առաջացնում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու հետեւորդների շրջանում, այլեւ լուրջ հարցադրումներ կարող է առաջացնել բոլոր նրանց շրջանում, ովքեր կարեւորում են կրոնական ազատությունը, իրավունքի գերակայությունը եւ ժողովրդավարական պետության հիմնարար սկզբունքները։

Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին դարեր շարունակ եղել է եւ շարունակում է մնալ հայ ժողովրդի հոգեւոր ու ազգային ինքնության կարեւորագույն հենասյուներից մեկը։ Մեր Եկեղեցին, ի գլուխ ունենալով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, իր առաքելությունն իրականացրել եւ իրականացնում է ժողովրդի ու պետության բարօրությանը ծառայելու բարձր գիտակցությամբ։ Այդ իսկ պատճառով Եկեղեցու բարձրագույն հոգեւոր իշխանության նկատմամբ իրականացվող ցանկացած իրավական գործընթաց պետք է լինի առավելագույնս զգուշավոր, բացառիկ հիմնավորված եւ լիովին համապատասխանի ինչպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, այնպես էլ միջազգային իրավունքի չափանիշներին։

Մինչդեռ ներկա իրավիճակը լուրջ հարցադրումներ է առաջացնում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված խղճի եւ կրոնի ազատության, պետության եւ եկեղեցու տարանջատման սկզբունքի, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու ներքին ինքնավարության եւ նրա առաջնորդի իրավասություններին առնչվող հիմնարար սկզբունքների պահպանման առնչությամբ։ Այս իրավիճակը խաթարում է մեր Եկեղեցու բնականոն գործունեությունը։

Միաժամանակ մենք գիտակցում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին պետություն-եկեղեցի հարաբերություններում ձեւավորվել են լարվածություն, փոխադարձ անվստահություն եւ առաջացել բազմաթիվ այլ խնդիրներ։ Մենք համոզված ենք, որ նման բարդ ու զգայուն հարցերը չեն կարող ստանալ իրենց արդար ու կայուն լուծումը իրավական ճնշումների, քրեական հետապնդումների, սուր առճակատման կամ Եկեղեցու ներքին կյանքին միջամտության միջոցով։ Նման գործընթացները վտանգում են հասարակության ներքին համերաշխությունը, խորացնում պառակտումը եւ կարող են վնասել պետության ժողովրդավարական հեղինակությանը, ինչպես նաեւ Հայաստանի միջազգային վարկանիշին՝ որպես մարդու իրավունքներն ու կրոնական ազատությունները հարգող պետության։

Մենք վստահ ենք, որ իշխանության եւ եկեղեցու միջեւ առկա բոլոր տարաձայնությունները պետք է կարգավորվեն սահմանադրական սկզբունքների պահպանման եւ օրենքի գերակայության, փոխադարձ հարգանքի, ինչպես նաեւ առողջ ու կառուցողական երկխոսության ճանապարհով։

Հետեւաբար կոչ ենք անում Հայաստանի Հանրապետության իշխանություններին` առաջնորդվել բացառապես օրինականության սկզբունքներով՝ ձեռնպահ մնալով այնպիսի քայլերից, որոնք կարող են խորացնել հասարակական բաժանումները կամ վտանգել երկրի հոգեւոր ու հասարակական կայունությունը։

Միաժամանակ դիմում ենք մեր քույր եկեղեցիներին, միջեկեղեցական կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող կառույցներին՝ ուշադրությամբ հետեւելու ընթացող զարգացումներին եւ իրենց աղոթքով ու բարոյական աջակցությամբ նպաստելու առողջ երկխոսության ու փոխըմբռնման ձեւավորմանը։

Աղոթում ենք, որ Ամենակալ Աստված իմաստություն ու խոհեմություն պարգեւի բոլոր պատասխանատուներին, որպեսզի ստեղծված ծանր իրավիճակը հաղթահարվի բարվոք ճանապարհով՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու եւ մեր ժողովրդի ապահով ու անվտանգ ներկայի ու ապագայի»։

 

Նմանատիպ նյութեր

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...

Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․ զոհվածի հայր

Հանրային պահանջը կմնա այնքան ժամանակ, մինչև նկարը վերականգնվի․ զոհվածի հայր

44 օրյա պատերազմի մասնակից Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր հանդիպել եմ քաղաքապետարանի մամուլի խոսնակ Ջուլիետա Աղաջանյանի հետ։ Հանդիպման ընթացքում ստացա անհրաժեշտ պարզաբանումներ և ունեցանք կառուցողական զրույց։...

Ո՞վ է որոշել, որ ամբողջ ժողովրդի միջոցներով գործող Հ1-ը կարող է Մայր Եկեղեցու դեմ պայքարի հարթակ դառնալ. Սամվել դպիր

Ո՞վ է որոշել, որ ամբողջ ժողովրդի միջոցներով գործող Հ1-ը կարող է Մայր Եկեղեցու դեմ պայքարի հարթակ դառնալ. Սամվել դպիր

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․ «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀԱՄԵ՞ՐԳԻ ՀԱՄԱՐ Է։ Սեպտեմբերի 27-ի համերգը պարզապես կարծիքների մակարդակում չմնաց. Հ1-ն այսօր պաշտոնապես ընդունեց, որ դրա հեռարձակումը «սխալ էր», ամբողջությամբ ստանձնեց պատասխանատվությունը և հայտարարեց ընթացակարգերի...

ԵԽԽՎ պատգամավորը Հայաստանի իշխանություններին մեղադրեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ աննախադեպ ճնշման մեջ

ԵԽԽՎ պատգամավորը Հայաստանի իշխանություններին մեղադրեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ աննախադեպ ճնշման մեջ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում պատգամավոր Էդվարդ Լին հայտարարեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ պնդելով, որ հայկական իշխանություններն աննախադեպ ճնշում են գործադրում եկեղեցու նկատմամբ և...