Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Այսօր ազդարարվել է Թրամփի ուղի նախագծի մեկնարկը։ Սա, կարծում եմ, առավելապես ցուցադրական ակտ է, որը հատկանշականորեն զուգորդվել է նոր Սահմանադրության նախագծի մատուցմանը։ Այդպես տպավորությունը հանրային ենթագիտակցության համար կլինի ավելի շոշափելի։
Իհարկե, վստահաբար ոչ թե Թրամփի ուղու մեկնարկն են համապատասխանեցրել Սահմանադրության նախագծի մատւցմանը, այլ Սահմանադրության նախագիծը կայքում «կախելու» օրն են համապատասխանեցրել Թրամփի ուղու մեկնարկի մասին ազդարարելու օրվան։ Հիշո՞ւմ եք, շաբաթներ առաջ արդարադատության նախարար Գալյանն ասել էր, որ կներկայացնեն մինչեւ նոյեմբերի կես՝ 15–16։ Բայց փաստորեն եղավ մեկ շաբաթ ուշ, որովհետեւ կար հենց համապատասխանեցնելու եւ ավելի մեծ քարոզչական էֆեկտով ներկայացնելու հարց։
Իսկ Թրամփի ուղու մեկնարկի առումով ըստ ամենայնի ժամկետի էականությունը պետք է չափել նոյեմբերի 19–ի եռակողմ շենչժենյան գագաթնաժողովից։ Մեկնարկը թերեւս միտված է խորհրդանշել գագաթնաժողովի որոշակի արդյունավետություն, եթե հաշվի առնենք այն, որ Թրամփի ուղին գործնականում խաղից դուրս թողնում է Եվրամիությանը, ինչի պատճառով էլ օրեր առաջ ռեգիոն էր աճապարել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Վադեֆուլը, որն այցելել է Բաքու եւ Երեւան։
Ի դեպ հատկանշական է, որ նրա այցից հետո ռեգիոն են ժամանում ամերիկյան էմիսարներ։ Հայաստանում է Թրամփի հատուկ բանագնաց Ուիտկոֆֆի խորհրդական Արյե Լայթսթոունը, որը հենց սկզբից եղել է Թրամփի ուղու հարցում բանակցողը, իսկ Ադրբեջան էր մեկնել ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Մալինը»։





