Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում, Շիրակի թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հանդիպում Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ՝ «Աստվածաշունչը քրիստոնյայի կյանքում» թեմայով։
Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը երիտասարդների հետ զրուցել է Սուրբ Գրքի՝ քրիստոնյայի կյանքում ունեցած առանցքային նշանակության, Աստծո խոսքի զորության և հավատքի ճանապարհին Աստվածաշնչով առաջնորդվելու կարևորության մասին։
Անդրադառնալով Աստվածաշնչին՝ որպես Աստծո շնչով գրված, դարեր շարունակ ամենաշատ արտագրված, տպագրված և ընթերցված գրքի՝ Սրբազան Հայրն ընդգծել է, որ 21-րդ դարի քրիստոնյան չի կարող լինել առանց Աստվածաշնչի քրիստոնյա։
Սրբազան Հայրը կարևորել է Աստվածաշնչի ոչ միայն ընթերցումը, այլև նրա պատգամների ընկալումն ու կիրառումը առօրյա կյանքում՝ հիշեցնելով, որ Աստծո խոսքը ժամանակով չի սահմանափակվում և յուրաքանչյուր սերնդի համար ունի իր կենդանի ու մշտապես արդիական պատգամը։
Երիտասարդներին հնարավորություն է տրվել խորհելու Սուրբ Գրքի, քրիստոնեական արժեքների և հոգևոր կյանքի կարևորագույն հարցերի շուրջ։
Նշենք, որ Սրբազան Հոր հետ հանդիպումով տրվել է մեկնարկը Աստվածաշնչյան սերտողության առցանց հանդիպումների, որոնք տեղի կունենան առցանց տիրույթում շաբաթական մեկ անգամ:






