Ասֆալտը նախկինների դեպքում ընտրակաշառք էր, իսկ ՔՊ-ի դեպքում՝ զարգացում. «Ժողովուրդ»

13 Մայիսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախընտրական շրջանում Հայաստանում կրկին ակտիվանում է հին ու ծանոթ մեխանիզմը․ տարիներով չլուծված համայնքային խնդիրները հանկարծ դառնում են իշխանության «ուրախալի լուրեր»։ Եթե նախկինում ընտրություններից առաջ ասֆալտ փռելը, շինարարական աշխատանքներ խոստանալը կամ համայնքային խնդիրներ լուծելու հայտարարությունները դիտարկվում էին որպես ընտրողի վրա ազդելու գործիք, ապա այսօր նույն ձեռագիրը նկատվում է արդեն ՔՊ-ի իշխանության օրոք։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, դիմելով վարդենիսցիներին, գրել է․

«Սիրելի՛ վարդենիսցիներ, ևս մեկ ուրախալի լուր ունեմ հայտնելու։

Կայացել է Ծովակ-Վարդենիս 9 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի հիմնանորոգման մրցույթը։

Ծրագրով նախատեսվում է իրականացնել մայթերի և ջրահեռացման համակարգերի կառուցման, ճանապարհի հիմքի, ինչպես նաև երկշերտ ասֆալտբետոնյա ծածկի տեղադրման աշխատանքներ։
Ծրագրի ավարտին կիրականացվի նաև ճանապարհային նշանների տեղադրման և գծանշման աշխատանքներ։

Այս ճանապարհը տարիներ շարունակ եղել է վարդենիսցիների ամենասպասված ու ամենակարևոր խնդիրներից մեկը…

Մենք շարունակում ենք հետևողական աշխատել, որպեսզի խաղաղ ու կայուն պայմաններում զարգացնենք պետությունն ու մեր համայնքները»։

Առաջին հայացքից՝ սովորական ճանապարհաշինական ծրագրի մեկնարկ է, բայց նման մրցույթներ ամսվա ընթացքում շատ են հայտարարվում՝ առանց ամպագոռգոռ գովազդի։ Նախընտրական շրջանում նման հայտարարությունները քաղաքական ենթատեքստից զրկված դիտարկել հնարավոր չէ։ Հատկապես, երբ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ինքն է ընդգծում, որ ճանապարհը «տարիներ շարունակ» եղել է վարդենիսցիների ամենասպասված խնդիրներից մեկը։

Այս ֆոնին ուշագրավ է հիշել Գյումրիի դեպքը։ Մարտուն Գրիգորյանի հորը նախորդ տարի Գյումրիում ձերբակալեցին փողոցում «շեբեն» լցնելու համար։ Նրա ընտանիքի շուրջ իշխանական և մերձիշխանական դաշտում ամիսներ շարունակ շրջանառվում էին մեղադրանքներ, թե ընտրություններից առաջ «շիբին» է բաժանվել կամ ասֆալտապատման խոստումներ են հնչել։ Գրիգորյանն էլ հրապարակային պնդել էր, որ փորձ է արվել իրեն վարկաբեկել՝ «ընտրակաշառք բաժնողի» պիտակ կպցնելով։

Ստացվում է հետաքրքիր հակասություն․ երբ նման խոստումների կամ շինարարական աշխատանքների մասին խոսվում էր ընդդիմադիրների կամ նախկինների համատեքստում, իշխանական քարոզչությունը դա ներկայացնում էր որպես ընտրակաշառքի, վարչական ազդեցության կամ ընտրողի կամքի վրա ազդելու փորձ։ Իսկ երբ նույն տրամաբանությամբ՝ ընտրություններից առաջ, պետական պաշտոնյան «ուրախալի լուր» է հայտնում տարիներով չլուծված ճանապարհի մասին, դա արդեն մատուցվում է որպես «համայնքների զարգացում»։

Խնդիրը ճանապարհի հիմնանորոգումը չէ։ Վարդենիսն ու Ծովակը պետք է ունենան անվտանգ և բարեկարգ ճանապարհ։ Խնդիրն այն է, թե ինչու է պետական ծրագիրը նախընտրական շրջանում ներկայացվում քաղաքական շնորհի լեզվով։ Եթե ճանապարհը հարկատուի գումարով իրականացվող պետական պարտավորություն է, ապա այն չպետք է դառնա ՔՊ-ի նախընտրական իմիջի մաս։

ՔՊ-ն տարիներ շարունակ խոստացել էր մերժել հին ընտրական մշակույթը։ Բայց այսօր տեսնում ենք նույն գործիքը՝ ասֆալտ, պետական ռեսուրս, պաշտոնական հայտարարություն և ընտրություններից առաջ «ուրախալի լուրեր» ու ընդդիմադիրների շտաբներից ձերբակալություններ։ Միայն դերակատարներն են փոխվել»։

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանը ցնցումներ չի սպասում Հայաստանի հետ առևտրի ծավալների կրճատումից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանը ցնցումներ չի սպասում Հայաստանի հետ առևտրի ծավալների կրճատումից. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ Հայաստանի առևտրի կրճատումը կրիտիկական ցնցումների չի հանգեցնի, քանի որ հանրապետության մասնաբաժինը ՌԴ արտաքին առևտրում մեծ չէ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին...

Քաղաքական հաշվեհարդարը թևակոխեց նոր փուլ. տիպված են լինելու պատասխան տալ. Նարեկ Մանթաշյան

Քաղաքական հաշվեհարդարը թևակոխեց նոր փուլ. տիպված են լինելու պատասխան տալ. Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քաղաքական հետապնդման իրավական կատարածուներ… Նոր ձևավորված ԱԺ-ի իշխանական թևն անընդհատ խոսում էր բարեվարքությունից։ Թե որքանով հաջողվեց դա իրականություն դարձնել՝ արդեն առանձին քննարկման հարց է։ Բայց...

Քոչարյանների դեմ բռնաճնշումները Տիգրանաշենը և Հայաստանի անկախությունը հանձնելու կանաչ գորգն է. Հովհաննես Իշխանյան

Քոչարյանների դեմ բռնաճնշումները Տիգրանաշենը և Հայաստանի անկախությունը հանձնելու կանաչ գորգն է. Հովհաննես Իշխանյան

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը գրում է. «Նախանձերի համար բնականաբար պիտի փող-մողի, հարստության թեմա ֆռցնեն: Իրականությունն այն է, որ Արցախի երեք նախագահ Բաքվում է Ալիևը գերի վերցրել, մեկին՝ Հայաստանում»: Քոչարյանների դեմ բռնաճնշումները Տիգրանաշենը և...

Իրանում հումանիտար ճգնաժամը պետք է դադարեցվի. Թրամփ

Իրանում հումանիտար ճգնաժամը պետք է դադարեցվի. Թրամփ

Իրանում հումանիտար ճգնաժամ է, և այն պետք է դադարեցվի։ Այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Truth Social-ի իր էջում։ «Անկում ապրող Իրանի Իսլամական Հանրապետությունը չի վճարում իր զինվորականների զգալի մասին, միաժամանակ սպանում է ցուցարարներին, նույնիսկ եթե նրանք...

Փաշինյանը հավակնում է 13 տարվա պաշտոնավարման․ Վարդևանյանը՝ կառավարության ծրագրի մասին

  «Այսօր տեղի ունեցող իրադարձությունների և դրան երեկ նախորդած իրադարձության՝ հարցուպատասխանի շրջանակներում, ես ուզում եմ հասկանալ՝ քանի տարի է դեռևս, կամ միգուցե շաբաթներ են պահանջվելու այս իշխանություններից, որ իրենք ի վերջո...