Արտյոմ Մեհրաբյանի կարճատև պատգամավորությունն ու հայտարարագրերի խճանկարը․ «Ժողովուրդ»

4 Օգոստոսի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանական վերջին զարգացումների ֆոնին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արտյոմ Մեհրաբյանի համար պատգամավոր լինելը շատ կարճ տևեց։ Նա չկա նոր խորհրդարանում, սակայն նրա պաշտոնավարման ընթացքն ու ներկայացրած հայտարարագրերը բավականին ուշագրավ պատկեր են ստեղծում։

«Ժողովուրդ» օրաթերթը ցանկացել է պարզել, թե ով էր, ի վերջո, ՔՊ-ական այս պատգամավորը, և ինչ ունեցվածքով նա հեռացավ քաղաքական ասպարեզից՝ ուսումնասիրելով նրա անցած ուղին ու ֆինանսական միջոցների շարժը պաշտոնը ստանձնելիս և հեռանալիս։

Ունեցվածքը մինչև խորհրդարան գալը և 130 մլն դրամի առեղծվածը

Արտյոմ Մեհրաբյանը, ով «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախկին փոխնախագահ, վաղամեռիկ Ղուկաս Մեհրաբյանի որդին է, մինչև խորհրդարան հասնելը զբաղեցրել է մի շարք առանցքային պաշտոններ։ 2019 թվականին նա Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի քարտուղարն էր, ապա՝ Չարենցավանի հաստոցաշինական գործարանի տնօրենը, իսկ 2022-2024 թվականներին ղեկավարում էր ԲՏԱ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեն։

ԱԺ է եկել 2025 թվականի ապրիլին։

Դեռևս 2024 թվականին ArmLur.am-ը և «Ժողովուրդ» օրաթերթը գրել էին, որ, երբ վարչապետի որոշմամբ Մեհրաբյանն ազատվեց Կոմիտեի նախագահի պաշտոնից, նրա ունեցվածքի պատկերը բավականին տպավորիչ էր։ Այդ տարվա հայտարարագրով նա ուներ մեկ բնակարան Երևանում, որևէ տրանսպորտային միջոց չէր հայտարարագրել, սակայն նրա բանկային հաշիվների մնացորդները կազմում էին ռեկորդային 130 միլիոն դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ 10 միլիոն դրամ։

Այն ժամանակ նրա հաշվետու տարվա եկամուտները գերազանցել էին 16.3 միլիոն դրամը, իսկ հիփոթեքային վարկի մայր գումարի մնացորդը՝ 45.4 միլիոն դրամ էր, որի մարման նպատակով Ֆինանսների նախարարությունից ստացել էր ավելի քան 2.2 միլիոն դրամ եկամտահարկի վերադարձ։ Դեռ այն ժամանակ մենք հիշեցրել էինք իշխանությունների՝ խնամի-ծանոթ-բարեկամ հանգույցը մերժելու խոստումների մասին, քանի որ Մեհրաբյանի կինը՝ Աննա Բալայանը, որպես ընդհանուր բաժնի ղեկավար, աշխատում էր այն նույն Աջափնյակի թաղապետարանում, որտեղից սկսվել էր ամուսնու վերելքը՝ ընդգծելով, որ հենց այս տեսքն ունի իշխանության կողմից սիրված «պոզով և պոչով» կոռուպցիան։

Պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը. անհետացած միլիոններն ու խոշոր փոխառությունը

Արդեն 2025 թվականի ապրիլի 9-ին Մեհրաբյանը խորհրդարան մտավ՝ ստանձնելով ԱԺ պատգամավորի լիազորությունները։ Ուսումնասիրելով պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա ներկայացրած հայտարարագիրը՝ նկատում ենք հետաքրքիր փոխակերպումներ. նախկին 130 միլիոն դրամ բանկային մնացորդն անհետացել էր։ Փոխարենը պատգամավորը հայտարարագրել էր ընդամենը 1.48 միլիոն դրամ բանկային հաշվին և 7.5 միլիոն դրամ կանխիկ գումար։

Բանկային խոշոր միջոցների փոխարեն ի հայտ էր եկել խոշոր փոխառություն. Մեհրաբյանը զրո տոկոսադրույքով 54.8 միլիոն դրամ էր տրամադրել «Ռատկո» ՍՊԸ-ին։ Մինչև մանդատ ստանձնելը նրա եկամուտը կազմել էր շուրջ 6.3 միլիոն դրամ, որը գոյացել էր վարկից և երկու՝ «ԴԻԱՅԷՍ» ու «ՄԱՐՔՍ-ՄԱՆ» ընկերություններում աշխատանքի վարձատրությունից։ Զուգահեռաբար, նրա կինը հասցրել էր մասնակցություն ձեռք բերել բիզնեսում՝ դառնալով «ԴԻԱՅԷՍ»-ի 66 տոկոսի և «ԷՅ ԷՍ ՊԻ ՎԻ» ընկերության 50 տոկոսի սեփականատերն ու տնօրենը։

2025 թվականի տարեկան պատկերը. աճած կանխիկն ու ընտանիքի բիզնես շահերը

Պատգամավորական մանդատի այս կարճատև ժամանակահատվածն ամփոփող՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը լրացնում է նրա ունեցվածքի ընդհանուր խճանկարը։ Տարեվերջին «Ռատկո» ՍՊԸ-ին տրամադրված փոխառությունը նվազել է՝ հասնելով 46.5 միլիոն դրամի։ Չնայած բանկային հաշիվների մնացորդը կազմել է ընդամենը 221 հազար դրամ, նրա կանխիկ միջոցները կրկին աճել են՝ հասնելով 10 միլիոն 85 հազար դրամի։

Տարվա ընթացքում Մեհրաբյանի ընդհանուր եկամուտը կազմել է ավելի քան 15.3 միլիոն դրամ, որի հիմնական աղբյուրն Ազգային ժողովի վճարած 10.2 միլիոն դրամ աշխատավարձն է եղել, և ՊԵԿ-ից եկամտային հարկի վերադարձը՝ շուրջ 2.6 միլիոն դրամի չափով։ Միաժամանակ, նրա վարկային պարտավորությունները դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են շուրջ 49.7 միլիոն դրամ, որից հիփոթեքը կազմում է 42.7 միլիոն դրամ, իսկ մնացածը՝ այլ վարկ է։ Նա նաև 3 միլիոն դրամ է ծախսել անշարժ գույքի վերանորոգման վրա և ևս 7.7 միլիոն ուղղել վարկերի մարմանը։

Այսպիսով, վարչական շրջանի ապարատից մինչև ռազմարդյունաբերության ոլորտի ղեկավար, ապա՝ ՔՊ-ական պատգամավոր դարձած Արտյոմ Մեհրաբյանի քաղաքական կարիերան գուցե խիստ կարճատև ստացվեց, սակայն պաշտոնական այս վայրիվերումների ընթացքում նրա և նրա ընտանիքի բիզնես շահերի, տասնյակ միլիոնների հասնող փոխառությունների և եկամուտների շարժը խոսուն փաստեր են թողնում նախկին պաշտոնյայի ֆինանսական գործունեության մասին։ Հետաքրքիր է նաև այն ուշագրավ հանգամանքը, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) կայքում մենք գտանք միայն նրա՝ 2025 թվականի պաշտոնը ստանձնելու և տարեկան հայտարարագրերը, իսկ նախորդ տարիների հայտարարագրերն այնտեղ պարզապես չկան»։

Նմանատիպ նյութեր

Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել

Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քուշները Աբու Դաբիում կայացած բանակցությունների առաջին օրը կառուցողական է անվանել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ եռակողմ...

13-ամյա աղջկան իջեցրել են ավտոբուսից և մենակ թողել անծանոթ վայրում․ ծնողի ահազանգը

13-ամյա աղջկան իջեցրել են ավտոբուսից և մենակ թողել անծանոթ վայրում․ ծնողի ահազանգը

Այսօր ձեր տրանսպորտային վերահսկողության «աշխատակիցը» (կին) 13 տարեկան անչափահաս աղջկաս իջեցրել է ավտոբուսից ու թողել անծանոթ կանգառում մեն-մենակ։ Այս մասին գրել է ֆեյսբուքյան օգտատեր Աննա Ստեփանյանը՝ դիմելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին։ ​«Պատճա՞ռը. Երեխայի քարտի...

Նուբարաշենի պատերի ետևում ՀՀ քաղաքացիներ են կորցնում կամ կարճացնում իրենց կյանքը․ Լիլիթ Գալստյան

Նուբարաշենի պատերի ետևում ՀՀ քաղաքացիներ են կորցնում կամ կարճացնում իրենց կյանքը․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «ՆՈՒԲԱՐԱՇԵՆՆ Է․ ԱՅՍՏԵՂ ՄԱՐԴԻԿ ԿՈՐՑՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԸ Երեք օր առաջ, Նուբարաշեն ՔՀԿ հերթական այցից հետո եմ սա գրել։ <<Այս հաստատության պահպանման և առհասարակ նյութետեխնիկական...

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ միջուկային զենքի հարցերը քննարկելու համար. Ռուբիո

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ միջուկային զենքի հարցերը քննարկելու համար. Ռուբիո

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է եռակողմ հանդիպում անցկացնել ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ միջուկային զենքի և զինաթափման հարցերը քննարկելու համար, հաղորդում է Magno News-ը։ Կողմերն արդեն աշխատում են բանակցությունների...

Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունը. «Հայաստան» դաշինք

Այս ողբերգությունն ունի կոնկրետ պատասխանատու՝ ներկայիս բռնատիրական իշխանությունը. «Հայաստան» դաշինք

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարությունը․ «Հայաստանում կալանքը վաղուց վերածվել է իշխանության քաղաքական հակառակորդներին լռեցնելու, մեկուսացնելու և պատժելու գործիքի։ Այսօր արդեն այդ քաղաքականության հետևանքները հանգեցնում են անդառնալի մարդկային ողբերգությունների։...