Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ հոկտեմբերի 4-ի իրադարձությունները, իր գնահատմամբ, «դրսից կազմակերպված և կառավարվող գործընթաց» էին։
Եվրոպան ոչ մի անգամ չի դատապարտել Վրաստանում պետական հեղաշրջման և հեղափոխության փորձերը, քանի որ դրանք տեղի են ունեցել իր ցուցումով, հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ Հայտնում են ԶԼՄ-ները:
Քաղաքական գործիչը հավելել է, որ Արևմուտքը ցանկանում է իշխանության բերել Վրաստանում իր գործակալներին՝ վրաց ժողովրդին սեփական շահերի համար օգտագործելու նպատակով։
Նա նաև անդրադարձել է նախագահի վարչակազմի շենք ներխուժելու փորձին՝ նշելով, որ իրավապահները կանխել են այն, իսկ մի քանի անձինք ձերբակալվել և քրեական պատասխանատվության են ենթարկվել։ Կալաձեի պնդմամբ՝ նրանցից ոմանք ընդունել են իրենց մեղքը, իսկ հետագայում ազատ են արձակվել։
Քաղաքապետը մեկնաբանել է նաև հոկտեմբերի 4-ի գործով ձերբակալված Պաատա Բուրչուլաձեի նամակը, որտեղ վերջինս հայտարարել էր, որ «վրաց ժողովուրդը մերժել է «Վրացական երազանքը»»։ Կալաձեն քննադատել է Բուրչուլաձեին՝ հայտարարելով, որ նրա գործողություններն ու նախկին հայտարարությունները, իր կարծիքով, «ամեն ինչ պարզ են դարձնում»։






