Արայիկ Հարությունյանը մանիպուլացնում է Հայաստանի երկնքով տարանցիկ թռիչքների թեման. «Հետք»

7 Մարտի, 2026

«Հետքը» գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին մանիպուլյատիվ հայտարարություն է արել Հայաստանի երկնքով տարանցիկ (տրանզիտ) թռիչքներ իրականացնող օդանավերի վերաբերյալ:

«Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում թռիչքներին առցանց հետեւող flightradar24.com կայքից մի պատկեր տեղադրելով՝ Հարությունյանը գրել է. «Էն, որ առաջին օրից Խաղաղության խաչմերուկը ծաղրում էիք, ասում էիք մեռելածին նախագիծ է, հիմա զգու՞մ եք ձեր սնանկությունը: «Թրիփն» էլ առաջիկա տարիներին կբացվի, եւ Հայաստանը կամրապնդվի որպես շատ կարեւոր հանգույց»:

Բարձրաստիճան պաշտոնյան չի նշել եւ օբյեկտիվորեն չէր էլ կարող նշել ՀՀ գործող իշխանության «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի եւ Հայաստանի երկնքով անցնող թռիչքների հոսքի որոշակի ավելացման պատճառահետեւանքային կապը, քանի որ այն պարզապես չկա:

Փետրվարի 28-ից Մերձավոր Արեւելքում պատերազմական իրավիճակ է, եւ անկախ նրանից, թե այս տարածաշրջանի որ երկրի օդային տարածքն է ֆորմալ առումով բաց քաղաքացիական չվերթերի համար, պատերազմում այս կամ այն կերպ չներգրավված երրորդ երկրների ավիափոխադրողները, թռիչքային եւ ավիացիոն անվտանգության նկատառումներից ելնելով, շրջանցում են Մերձավոր Արեւելքը, մասնավորապես՝ Իրանը, Իրաքը, Պարսից ծոցի արաբական մյուս երկրները՝ բացառությամբ Սաուդյան Արաբիայի եւ Օմանի (տես ստորեւ):

Մինչեւ ԱՄՆ-Իրան-Իսրայել պատերազմի մեկնարկը Եվրոպայից դեպի Մերձավոր Արեւելք, Հնդկաստան, Հարավարեւելյան Ասիա եւ Ավստրալիա թռիչքներն իրականացվում էին Իրանով, Իրաքով, Քաթարով ու ԱՄԷ-ով անցնող օդային մայրուղիներով: Պատերազմի մեկնարկին զուգահեռ այս մեծ հոսքերը դադարել են, ինչը կարելի է տեսնել flightradar24.com-ի տարածած կարճ տեսանյութում:

Վերոնշյալ հոսքերը շատ արագ ուղղվել են դեպի հարավ ու հյուսիս: Հարավը Եգիպտոս-Սաուդյան Արաբիա-Օման երթուղին է, հյուսիսը՝ Թուրքիա-Վրաստան/Հայաստան-Ադրբեջան-Միջին Ասիա ուղղությունը:

Պատճառահետեւանքային այս կապը (եւ ոչ թե «Խաղաղության խաչմերուկի» գոյությունը) արձանագրել է նաեւ flightradar24.com-ը:

Ավիացիայում եւ, մասնավորապես, քաղաքացիական ավիացիայում գլխավոր նախապայման են թռիչքային (air safety) եւ ավիացիոն (aviation security) անվտանգությունը: Պարզ լեզվով ասած՝ ոչ մի ավիաընկերություն կամ օդանավ չի մտնում այնպիսի օդային տարածք, որը վտանգավոր է, առավել եւս՝ պաշտոնապես փակված տվյալ երկրի իշխանությունների կողմից: Այսինքն՝ Արայիկ Հարությունյանի նշած «Խաղաղության խաչմերուկը» ոչ մի կապ չունի պատերազմական իրավիճակում հայտնված երկրների օդով տարանցիկ հոսքերի՝ մասամբ Հայաստանի երկինք տեղափոխվելու հետ:

Եթե Հարությունյանի հայտարարության տրամաբանությունն այն է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, իշխանության ձեւակերպմամբ, խաղաղություն է հաստատվել, ինչն էլ նպաստել է տարանցիկ թռիչքների աճին, ապա դա եւս մանիպուլյատիվ է, քանի որ երրորդ երկրների ավիաընկերություններին տրամաբանորեն հետաքրքիր չէ, թե ինչ պատմական կոնֆլիկտ ունեն, ասենք, Հայաստանն ու Ադրբեջանը կամ Հայաստանն ու Թուրքիան կամ Հնդկաստանն ու Պակիստանը, Պակիստանն ու Աֆղանստանը, այդ կոնֆլիկտները լուծվել են, թե ոչ, «խաղաղության պայմանագիր» է (նախա)ստորագրվել, թե ոչ:

Եթե այս երկրների օդային տարածքը պաշտոնապես փակված չէ քաղաքացիական թռիչքների համար, եւ ավիաընկերությունները դրանց վրայով չվերթերի իրականացումը գնահատում են անվտանգ, ապա, կախված չվերթի ուղղությունից եւ ավիացիոն հաշվարկներից, Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան կամ Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան եւ հակառակ երթուղիներով տարանցիկ թռիչքներ կատարելը (տես ստորեւ) միանգամայն նորմալ է, ավելին՝ շահավետ:

Նկատենք, որ երբ մարտի 5-ին ԱԹՍ-ն հարվածեց Հայաստանի սահմաններից ոչ հեռու գտնվող Նախիջեւան քաղաքի օդանավակայանին, նկատվեց ՀՀ երկնքով անցնող տարանցիկ հոսքերի որոշակի «գաղթ» դեպի Հայաստանի հյուսիս եւ Վրաստան: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ ամեն ինչի հիմքում նախեւառաջ (բայց ոչ բացառապես) թռիչքային ու ավիացիոն անվտանգությունն է:

Եթե որոշ ժամանակ անց Մերձավոր Արեւելքում իրավիճակը հանդարտվի, եւ անվտանգությանն առնչվող ռիսկերը խիստ նվազեն, դեպի Հայաստան տեղափոխված տարանցիկ հոսքերը կրկին վերադառնալու են այն երկրներ, որոնցով անցել են: Ինչու՞: Պատասխանը պարզ է. ճանապարհն այդպես ավելի կարճ է: Իսկ կոմերցիոն ավիացիայում գնագոյացման առանցքային գործոններից մեկը վառելիքն է. որքան երկար է ճանապարհը, այնքան մեծ է վառելիքի, հետեւաբար եւ՝ ֆինանսական ծախսը:

Փոխարենը Հայաստանը, անկախ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի լինել-չլինելուց, եղել եւ մնում է տարանցիկ երկիր հյուսիս-հարավ երթուղու վրա: Օրինակ՝ քաթարական կամ էմիրաթական ավիափոխադրողների համար Հայաստանը տարանցիկ (տրանզիտ) երկիր է դեպի Վրաստան կամ Ռուսաստան թռիչքների համար, բայց, իհարկե, միակը չէ: Հայաստանը եղել եւ մնում է տարանցիկ երկիր, օրինակ, Թուրքիայից դեպի Միջին Ասիա թռիչքների համար, չնայած այս դեպքում էլ կա այլընտրանք (առաջին հերթին՝ Վրաստանը):

Հարկ է նկատել, որ այն բանից հետո, երբ 2022 թ. սկսված ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով Ուկրաինայի երկինքը փակվեց քաղաքացիական թռիչքների համար, իսկ ԵՄ-ն ու Ռուսաստանն արգելեցին մյուս կողմի ավիաօպերատորների մուտքը իրենց օդային տարածք, Եվրոպայից, մասնավորապես, դեպի Չինաստան ու Հեռավոր Արեւելք եւ հակառակ ուղղությամբ չվերթերը սկսեցին կազմակերպվել Բելառուսը, Ուկրաինան, ու Ռուսաստանը շրջանցելով, ինչը, առաջին հերթին բխում էր այս երկրների հարավային հարեւանների՝ Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի շահերից, որոնք դարձան շրջանցող հոսքերն ընդունողներ:

Փետրվարի 28-ին՝ Մերձավոր Արեւելքում սկսված հերթական պատերազմից ժամեր անց, flightradar24.com-ը տարածեց ավիացիոն գլոբալ հոսքերի պատկերը, որտեղ երեւում են քաղաքացիական թռիչքներից ազատ այնպիսի կոնֆլիկտային գոտիներ, ինչպիսիք են Ուկրաինան, Ռուսաստանի հարավ-արեւմուտքը, Բելառուսը, Մերձավոր Արեւելքը, այդ թվում՝ ներկայիս կոնֆլիկտի մեջ ներքաշված երկրները, նաեւ՝ Սիրիան, Եմենը:

Բնականաբար, այս երկրներով/շրջաններով անցնող տրանզիտային թռիչքներն այժմ իրականացնում են այլ երթուղիներով:

Ամփոփենք՝ Հայաստանի երկնքով տարանցիկ չվերթերի ակտիվացման պատճառն այն է, որ այդ թռիչքների՝ Մերձավոր Արեւելքով անցնող ամենաօպտիմալ երթուղիները ներկայում վտանգավոր են եւ/կամ փակ, հետեւաբար Հայաստանի երկինքը դարձել է այլընտրանքային տարբերակներից մեկը: Իսկ այս փաստը սեփական քաղաքական թիմի արտաքին քաղաքական ծրագրին կապելը, մանավանդ առանց որեւէ հիմնավորման, պարզ քաղաքական-տեղեկատվական մանիպուլյացիա է, առավել եւս՝ գալիք խորհրդարանական ընտրություններից առաջ»։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցը

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցը

Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը քննարկել են իրենց էներգահամակարգերի ինտեգրման հարցը, հայտնում են վրացական ԶԼՄ-ները։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Թբիլիսիում՝ Էներգետիկ կարգավորման համաշխարհային ֆորումի շրջանակում, 3 երկրների կարգավորող մարմինների ներկայացուցիչները քննարկել են...

Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը․ «Հրապարակ»

Դպրոցի պատից հեռացրել է փառքի անկյունն ու Մեծ Հայքի քարտեզը․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցը երկար տարիներ ուներ հերոսների փառքի անկյուն: Դպրոցի մի պատին փակցված էին ապրիլյան քառօրյա պատերազմում անմահացած տանկիստ Վահե Զաքարյանի նկարներն ու նրա մասին պատմող գրություններ, մյուս պատին՝ 44-օրյա պատերազմում...

Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Բագրատ սրբազանի տնային կալանքը ևս երկու ամսով երկարացվեց

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, այսօր ընթացել է  Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. շարունակվել է փորձագետների հարցաքննությունը։ Պաշտպան Տաթևիկ Սողոյանը հայտարարությամբ է հանդես...

CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը հայրենիք

CSI-ը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կոչ է արել ապահովել Արցախի ժողովրդի անվտանգ վերադարձը հայրենիք

Միջազգային Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան կազմակերպությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում պահանջել է արդարություն Արցախի համար: Նշելով Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների երրորդ տարելիցը՝ Միջազգային Քրիստոնեական համերաշխություն իրավապաշտպան...

Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան»՝ մեղադրելով Օսմանյան կայսրությունը վերականգնելու ձգտման մեջ. ԶԼՄ

Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան»՝ մեղադրելով Օսմանյան կայսրությունը վերականգնելու ձգտման մեջ. ԶԼՄ

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Բուրհանեթթին Դուրանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցված Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի խոսքերին։ Նշենք, որ Կացը Էրդողանին անվանել է «թղթե սուլթան» և նրան մեղադրել...