Աննկուն պիտի լինենք և միասնաբար համառ ու տևական ջանքեր ներդնենք, որ դադարեն անիրավությունները մեր երկրում․ Վեհափառ

7 Օգոստոսի, 2026

Միասնական աղոթք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական պատգամը Միածնաէջ Մայր Տաճարում.
Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների քրեական գործով դատական առաջին նիստից հետո Մայր Աթոռի միաբանությունը և ներկա հավատացյալ ժողովուրդը Միածնաէջ Մայր Տաճարում մասնակցեցին Երեկոյան ժամերգությանը, որից ավարտին Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու պատգամը հղեց ներկաներին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ԽՈՍՔԸ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՀԱՄԱԽՄԲՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻՆ
Սիրելի հավատավոր զավակներ Մեր,
Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու գնահատանքն ենք բերում ձեզ, որ դատարանի շրջափակում Հայ Եկեղեցու դեմ մերժելի գործընթացների առնչությամբ ձեր ընդվզումն արտահայտելուց հետո այժմ, համախմբված Մայր Տաճարում, միասնական աղոթք բարձրացրեցինք առ Աստված մեր Սուրբ Եկեղեցու և ժողովրդի համար։
Հայոց Եկեղեցին յուրաքանչյուր հայի հոգևոր օրրանն ու սրբությունն է։ Մեր Սուրբ Եկեղեցին մեր ժողովրդի հավատքի անսասան ամրոցն է, առաջնորդողը դեպի Աստված ու փրկություն և աննահանջ պահապանը հայոց ինքնության ու ազգային-հոգևոր ժառանգության։
Մեր օրերում իշխանությունների և իշխանական կառույցների կողմից քայլեր են ձեռնարկվումԵկեղեցու հեղինակությունը վնասելու, ինքնավարությունը սահմանափակելու և Եկեղեցին իրենցկամքին հպատակեցնելու, ինչպես և քաղաքական ժամանակավոր նպատակահարմարությունների առջև ազգային ինքնության ընկալումը, նվիրական ու սրբազան խորհրդանիշներն ու հիշատակները ձևափոխելու։ Արդարև, Եկեղեցու ինքնավարությունը ազգի բարօրության, պետության հզորացման կարևոր գրավականներից մեկն է եղել բոլոր ժամանակներում։
Ցավով ենք անդրադառնում, որ մեր Սուրբ Եկեղեցին ու հոգևորականները իշխանությունների կողմից ենթարկվում են հետապնդումների։ Ապօրինի և շինծու քրեական գործերով կալանք ու ազատության սահմանափակումներ են կիրառվել մի շարք եկեղեցականների, ազգային բարերարի և ազգանվեր ու եկեղեցասեր այլ անձանց նկատմամբ։ Քիչ առաջ վերադարձանք անհիմն և հանիրավի մեղադրանքներով նաև Մեր և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ երկու արքեպիսկոպոսի ու չորս եպիսկոպոսի դեմ հարուցված դատավարության առաջին նիստից, որը չկայացավ դատավորի կողմից ինքաբացարկ հայտնելու պատճառով։
Մենք լի ենք հավատով և վճռականությամբ, սիրելիներ, պաշտպանելու Մեր արդար իրավունքները՝ երաշխավորված ինչպես մեր պետության սահմանադրությամբ, այնպես և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներով։
Այս գիտակցությամբ և պատասխանատվությամբ, առ ազգն ու հայրենին սիրով Մենք շարունակելու ենք Մեր տերունապատվեր առաքելությունը՝ հակառակ բոլոր դժվարությունների և արգելքների, քանզի, ինչպես սաղմոսերգուն է ասում, «Աստված ապավենն ու զորությունն է մեր, և մեր օգնականը մեզ հասած խիստ նեղությունների մեջ» (Սաղմ. 45.2)։ Անտարակույս, Մեր ապավինությունն Աստված է, և Մեր ծառայությունը բարեպաշտ աշխարհասփյուռ մեր ժողովրդի և հարազատ երկրի համար է։
Սիրելի հավատավոր հայորդիներ, աղոթական համախմբումի այս պահին Հայրական սիրով Մեր գնահատանքն ենք բերում ձեզ և եկեղեցասեր Մեր բոլոր զավակներին ի Հայաստան և ի սփյուռս, ազգային ու հասարակական կազմակերպություններին, փաստաբաններին,գիտական, կրթական, մշակութային, քաղաքական գործիչներին, որոնք առկա բարդ պայմաններում հաստատակամությամբ ու նախանձախնդրությամբ զորակցում են Մայր Եկեղեցուն և նրա ազգօգուտ առաքելությանը։
Աննկուն պիտի լինենք և միասնաբար համառ ու տևական ջանքեր ներդնենք, որ դադարեն անիրավությունները մեր երկրում, խտրականությունն ու անհանդուրժողականությունը, տարածում չգտնենչարակամության ու ատելության խոսույթները։Մենք պիտի համառ ու տևական ջանքեր ներդնենք, որպեսզի հայրենական ու ազգային մեր անդաստանը նորոգվի եղբայրասիրությամբ ու համերաշխությամբ, և մեր կյանքում գերակայեն ճշմարտությունը, օրինականությունն ու արդարությունը, հարգվեն Եկեղեցու դարավոր կարգերն ու ավանդույթները, որ չվիրավորվեն հավատացյալների բարեպաշտական զգացումները։
Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ լինել սթափ և խոհեմ, չտրվել սադրանքների, նենգամիտ խարդավանքների, ամուր մնալ հավատով ու հույսով, քանզի Աստված բոլոր չարամիտ իրողություններից ու փորձություններից բարիքներ է վեր հանում իր Սուրբ Եկեղեցու և հավատացյալ ժողովրդի համար։ Նեղությունների մեջ է նաև զորանում մեր հավատքը, դրսևորվում հաստատուն նվիրումը Աստծուն, հայրենիքին և Եկեղեցուն, անխախտ հավատարմությունը՝ ազգային-հոգևոր մեր սրբազան արժեքներին։ Արտաքին և ներքին սպառնալիքների հանդիման ամրապնդենք մեր ազգային միաբանությունը, արդյունավորենք մեր ընթացքը հայրենանվեր ու ազգաշահ գործերով և ըստ առաքյալի պատգամի՝ զորանանք Տիրոջով և Նրա զորության կարողությամբ (Եփ. 6.10):
Հավատում ենք, որ մեր Սուրբ Եկեղեցին Աստծո ողորմությամբ և մեր ժողովրդի անսակարկ նվիրումով ու սիրով պիտի հաղթահարի այս նեղությունները նույնպես և նոր հաջողություններ ամրագրի իր առաքելության ճանապարհին՝ ի բարօրություն և ի պայծառություն համայն հայոց կյանքի։
Մեր հայացքն ուղղված է Աստծուն և Մեր ջանքերը՝ հայրենիքի շինությանն ու մեր ժողովրդի սպասավորությանը։ Թող Աստված օրհնի հայոց պետությունը, անվրդով ու խաղաղ պահի մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս այսօր և միշտ և հավիտյան։
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցին ընդ ձեզ և ընդ ամենեսեան. ամէն։

Նմանատիպ նյութեր

Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ

Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը հայտարարություն է տարածե;՝  Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի առթիվ։ «ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավորում Հայաստանի Հանրապետւթյանը, աշխարհասփյուռ հայությանը՝ Հայաստանի...

Մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան

Մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան

ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Մեր ազատ ու անկախ, մեր ֆանտաստիկ Հայաստանի Հանրապետության 35-ամյակն է։ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր...

Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը․ «Փաստինֆո»

Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը․ «Փաստինֆո»

Հոկտեմբերի 25-ին կայանալիք Գորիս համայնքի համամասնական ընտրակարգով ընտրություններին կմասնակցի երկու դաշինք՝ «Ապրելու քվե» և «Համերաշխություն»։ «Ապրելու քվե» դաշինքի ընտրացուցակում ներառված է 17 թեկնածու, «Համերաշխություն» դաշինքի թեկնածուների քանակն ավելի մեծ է՝ 72...

Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ

Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:45-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 58-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ

Մի խումբ երիտասարդներ բռնություն են կիրառել ամուսինների և նրանց 37–ամյա դստեր նկատմամբ

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում «խուլիգանություն» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական...